Արցախյան հերոսամարտի մասնակից Գագիկ Ստեփանյանը ծնվել է Երևանում,
Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում: Թուրքերի կողմից
Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը, հավաքելով ամբողջ գերդաստանը
(ընդհանուր թվով 27 ընտանիք) տեղափոխվում է Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղ
բնակավայրը: Գագիկի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը: Իսկ նրա
մյուս պապը, մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին, հասել է մինչև Բեռլին՝
Ռեյխստագի պատին թողնելով իր ստորագրությունը:
Խիզախությունը և արիությունը հատուկ էին Գագիկին՝ դեռ
պատանեկության տարիներին: Զբաղվել է բռնցքամարտով, այնույեհտև տեղափոխվել է
<Դինամո> մարզական ընկերություն, որտեղ ստացել է սպորտի վարպետի կոչում և
բազմաթիվ անգամներ դարձել տարբեր մրցույթների հաղթող: 1984 թվականին մեկնել է
Խորհրդային բանակ՝ ծառայության:
Խորհրդային բանակում ծառայությունից հետո Գագիկը վերադառնում է
Հայաստան և անմիջապես միանում իր եղբայրներին՝ Արայիկին և Բագրատին, ովքեր
մասնակցում էին Արցախյան շարժմանը: Արայիկը իր մարտական մկրտությունը ստացավ Սովետաշենում,
իսկ Բագրատը հայ ֆիդայական խմբերի համար համար զենք էր հայթայթում:
1990 թվականի ապրիլին Արայիկը և ընկերները տիրեցին Կապանում գտնվող
Խորհրդային զորամասի ամբողջ զենքին: Խորհրդային զորքերը հետախուզություն սկսեցին և
շրջափակեցին Արայիկին և ընկերներին, ովքեր փակվել էին Խուստուփի ծերպերում:
Գագիկը, շտապօգնության մեքենայով ներխուժելով շրջան, ազատեց եղբորը, ընկերներին և
զենքը:
Հայ-ադրբեջանական ճակատում ընթանում էր պարտիզանական պատերազմ,
որին անմիջական մասնակցություն ունեցան Գագիկը և իր եղբայրները:
1992 թվականին Գագիկը ընդգրկվեց <Թայֆուն> հատուկ
նշանակության ջոկատի կազմում: Մասնակցություն ունեցավ Գորիսի, Սիսիանի և այլ
բնակավայրերի պաշտպանությանը: մասնակցել է նաև Բերձորի գրոհին, Կուբաթլուի և
Ֆիզուլիի համար մողվող մարտերին: Գագիկը հասավ նաև Քարվաճառ (նախկին Քելբաջար):
Գագիկը հավատում էր նախաքրիստոնեական հեթանոսական կրոնին, որի
համար էլ ստացել էր <հեթանոս> մականունը:
1994 թվականի փետրվարի 13-ին՝ իր ծննդյան օրը, Գագիկը վերադարձավ
տուն: Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը: Սակայն նա հաջորդ օրն իսկ
վերադարձավ ռազմաճակատ: Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի (Ամուրի) լեռնանցքի
վրա գտնվող դիրքերից մեկը: Միևնույն ժամանակ ադրբեջանցիները, կենտրոնացնելով
ուժերը, պատրաստվում էին հարձակման:
1994 թվականի մարտի 13-ին ադրբեջանցիները սկսեցին զանգվածային
գրոհ: Սակայն նրանք չկարողացան ճեղքել պաշտպանությունը և, կրելով ծանր կորուստներ,
մարտի 14-ի առավոտյան հետ քաշվեցին: Դե իսկ մարտի 14-ին օրն անցավ երկկողմանի
կրակահերթի փոխանակումով:
Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները: Մառախուղն
օգտագործելով՝ ադրբեջանցիները սկսեցին հարձակումը: Թեժ կռիվների ընթացքում նրանց
հաջողվեց գրավել մի քանի հայկական դիրքեր: Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր,
վերջանում էր ռազմամթերքը: Գագիկը հրամայեց իր զինվորներին թողնել դիրքը, որպեսզի
խուսափեին շրջափակումից: Իսկ ինքը վիրավոր ոտքով մնում է դիրքում և միայն մեկ
գնդացիրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը: Ադրբեջանցիները գրոհում
էին, սակայն վիրավոր Գագոն շարունակում էր պաշտպանությունը: Օգտագործելով
մառախուղն ու ծխագլանիկները՝ նա տեղից տեղ էր անցնում՝ ստեղծելով պատրանք, որ
պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ: Թշնամին ընկնում էր՝ խոցված Գագիկի
գնդակներից: Չդիմանալով՝ թշնամին դադար առավ: Գագոն հնարավորություն ուներ
նահանջելու, սակայն շարունակում էր մարտը՝ ապահովելով իր զինվորների անվտանգ
նահանջը: Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը: Իսկ Գագիկի ոտքը
արդեն սառել և ծանրացել էր: Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվեց և թողեց գնդացիրը:
Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել: Գագիկը շարունակեց մարտը, սակայն դա
երկար չէր կարող շարունակվել: նա չափից շատ արյուն էր կորցրել: Նա ուժասպառ եղած
ընկավ, և դիմադրությունը դադարեց: Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները
մոտեցան խրամատներին: Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր
զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ մարտիկ: Իր աչքերին չհավատացող
հրամանատարը որոշեց տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում
տասնյակ թշնամական զինվորների գետնին փռել: Նա շրջեց ընկած Գագոյին: Ընդամենը մեկ
ակնթարթ Գագոն բացեց աչքերը և քաշեց նռնակը: Ահա այսպես զոհվեց հեթանոս Գագոն՝ իր
հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի:
Մարտի 19-ին <Թայֆուն> հատուկ նշանակության ջոկատի և
<Միշայի որսորդներ> խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ գրավեցին երեք
դիրքերը: Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած էր Գագոն: Թշնամին, հարգելով
Գագոյի խիզախությունը, նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա: Նրա ցուցամատի վրա
մնում էր նռնակի օղը:
1995 թվականին ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը
հետմահու պարգևատրվել է <Մարտական խաչի> 1-ին աստիճանի շքանշանով:
1999 թվականին Երևանի քաղաքապետի հրամանագրով թիվ 135 միջնակարգ
դպրոցը անվանակոչվեց Գագիկ Ստեփանյանի անունով:
Աղբյուրը՝ Վիքիպեդիա, Ազատ հանրագիտարան: