воскресенье, 19 августа 2012 г.

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ: Մաս երրորդ:

Առողջ ընտանիքի, առողջ սերնդի, առողջ հայ հասարակության ձևավորման շահերը հրամայաբար պահանջում են եսապաշտության հոգեբանությունը զուգակշռել համայնքային, համազգային հոգեբանությամբ: Խոսքը ոչ թե գռեհիկ կոլեկտիվիզմի, պարտադրված համայնքի, <ժողովի> մասին է, ինչին մենք ընտելացել ենք խորհրդային կարգերի օրոք, այլ՝ փոխօգնության,
փոխադարձ հարգանքի, համատեղ աշխատանքում ուժերի բազմապատկման, ընդհանուրի բարօրության, ներդաշնակության:
Այրական հոգեբանության պարագայում անձի ընկերային ինքնահաստատման գլխավոր ասպարեզը աշխատանքն է, մասնագիտական գործունեությունը, ծառայողական առաջխաղացումը: Կանացի հոգեբանության պարագայում այդպիսի ասպարեզ է միջանձնային հաղորդակցումը, շրջապատը, ընտանիքը, երեխաները: Գիտական գրականության մեջ արյական-կանացի սկիզբների տարբերակը, աշխատանքի հանդեպ վերաբերմունքի առումով, արտահայտված է մի շատ դիպուկ ձևակերպման տեսքով՝ այրն ապրում է աշխատելու համար, կինն աշխատում է ապրելու համար: Այսինքն կարելի է ասել, որ տղամարդու համար աշխատանքը նպատակ է, կնոջ համար՝ միջոց:
Պատահական չէ, որ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, այրերը, այլընտրանքի դեպքում, բարձր աշխատավարձը գերադասում են աշխատաժամանակի կրճատումից, իսկ կանայք նախընտրում են ունենալ ցածր աշխատավարձ, սակայն՝ ավելի շատ ազատ ժամանակ:
Այս հոգեբանական առանձնահատկությունը ենթադրում է առանձնահատուկ լուծումներ նաև հանրային կյանքի կազմակերպման և կառավարման մեջ:
Աշխատանքային դաստիարակությունը, ինչպես դաստիարակությունն ընդհանրապես, մեզանում գրեթե տարբերակված չէ ըստ սեռի, որի հետևանքով շատ են հանդիպում այրական վարքուբարքի տեր կանայք:
Գործազրկության կարգավորման մեջ նույնպես պետք է հաշվի առնվեն սեռային-հոգեբանական առանձնահատկությունները. Այսպես՝ աշխատանքն կորցնելն այրի համար հոգեբանորեն, բարոյապես, դրային վարկի և ընկերային վարկի կորստյան առումով շատ ավելի անտանելի է, քան կնոջ համար: Բուն իսկ հոգեբանական առանձնահատկությունների հետևանքով գործազուրկ այրի կյանքն ավելի արագ է իմաստազրկվում, ընկերային ու ընտանեկան անպիտանիության զգացումն առավել ծանր է արտահայտվում ինքնամոռացումի պահանջմունքը՝ առավել անդիմադրելի դառնում... Շարունակելի...