воскресенье, 19 августа 2012 г.

ՄԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: ՎԱՆ

Քաղաքը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Ա-ը՛(835-825 թթ մթա), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է 8-7-րդ դդ (մթա): Այն ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ: Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմա–տնտեսական առանձնահատուկ նշանակություն: Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լեռնահամակարգի-ի արևելյան հատվածներով: Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թ: Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ: Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դ սկզբները), իսկ հյուսիսից՝ բլուրներով: Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիս-արևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը: Հյուսիս-արևելյան կողմում 1 կմ երկար ձգվում է 100-120 մ բարձր ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ: Այստեղ քաղաքի հատակագիծը անկանոն է, փողոցները՝ նեղ, տները՝ միմյանց կպած, բուսականությունը՝ աղքատ: Քաղաքամիջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը:Քաղաքի արևելյան մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ: Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարված Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով: Մյուս փողոցները անկանոն էին, նեղ և ծուռումուռ, տները՝ հողաշեն և ոչ բարետես: Այգեստանը այն ժամանակ իր մեջ էր առնում Արարք, Կլորդար, Հայկավանք, Հանկույսներ, Նորաշեն և Սուրբ Հակոբ թաղերը: Այգեստանում էին գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը: Ըստ ավանդության՝ բերդի ու պալատի հետ, Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը: Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները, որտեղ մշակում էին հացահատիկներ, խաղող և պտուղ-բանջարեղեն, հատկապես ծիրան, խնձոր, դեղձ, տանձ և ընկույզ: XIX դ վերջերից մինչև XX դ սկգբները Վանից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել):Վանի անվան ծագման գիտական ու ստույգ բացատրություն գոյություն չունի: Երբեմն այն կապում են Հայոց թագավոր Վանի անվան կամ հայերեն Վանք բառի հետ կամ էլ գտնում, որ Վանը ծագել է Սևան անունից, կամ Ուրարտուի Բիտինիլիի տարբերակի հնչյունափոխված ձևն է:
Վանեցիները, թեև օտարի տիրապետության տակ, մեծ ջանքերի գնով պահպանում և զարգացնում էին իրենց կրոնամշակութային գործունեությունը: 20-րդ դ սկզբներին քաղաքը ուներ 8 եկեղեցի՝ Ս.Տիրամայր, Ս.Աստվածածին կամ Ս. Նշան, Ս. Պողոս–Պետրոս (Սրբոց Առաքելոց), Ս. Էջմիածին, Ս. Սահակ, Ս. Ստեփանոս, Ս. Վարդան, Ս. Ծիրանավոր: Քաղաքի շրջակայքում էին գտնվում նաև Հայկավանք կամ Հայկավանից Ս.Աստվածածին, Ս. Հակոբ, Մծբնա, Անկուսներաց Աստվածածին կամ Հանկուսներաց եկեղեցի, Արարք կամ Արարուց եկեղեցիները: Վանում թուրքերն ունեին 4 մզկիթ, որոնցից ամենախոշորը Մեծ մզկիթն էր: Վանը եղել է միջնադարյան հայ գրչության ու մշակույթի խոշորագույն կենտրոնը: Այստեղ ապրել ու ստեղծագործել են գրչության ու արվեստի շատ ու շատ վարպետներ, որոնց գրած բազմաթիվ ձեռագրերից պահպանվել են 13 Ավետարան, 4 Մաշտոց, 3 Հայսմավուրք, 2 Ճաշոց, 2 Գանձարան, 2 Ճառընտիր և բազմաթիվ հիշատակարաններ ու ձեռագրական պատառիկներ:
Վանի հայության հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր է կատարել մամուլը: Այստեղ 19-20-րդ դդ լույս են տեսել «Երկունք», «Նոր սերունդ» (1906 թվականից), «Հայացք», «Հորձանք», «ժայռ», «Տիգրիս», «Ծովակ», «Գավառի ձայն» մեծ մասամբ խմորատիպ թերթերն ու ամսաթերթերը: Հրատարակվել և տարածվել են տարբեր բովանդակության տեղեկատուներ, թռուցիկներ, կոչեր:
Ինքնապաշտպանական կռիվները Վանում սկսվեցին փաստորեն ապրիլի 7-ին: Թուրքերի 10-12 հազարանոց քանակի դեմ, որոնք զինված էին նաև հրանոթներով, Վանում դիրքավորվել էին ընդամենը 1500 հայ մարտիկներ, որոնք ունեին 605 հրացան և մոտ 1000 մաուզեր: Այս պայքարում դաշնակցական, ռամկավար ու հնչակյան կուսակցությունները հանդես էին գալիս համերաշխ ու միավորված: Թուրքերի կողմից ինքնապաշտպանության ակտիվ կազմակերպիչներ Վռամյանի (Օնիկ Դերձակյան) և Իշխանի (Նիկողայոս Մհքայելյան) չարանենգ սպանությունից հետո, քաղաքում կազմվեց «Վանի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմինը», որի ղեկավարներն էին Արմենակ Եկարյանը (նախագահ), Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը և խորհրդականներ Արամ Մանուկյանը (Արամ փաշա), Գաբրիել Սեմիրճյանը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը (հետագայում հայտնի նկարիչ): Ինքնապաշտպանական մարմնին կից ստեղծվել էին նաև պարենավորման, զինաբաշխման, հայթհայթման, սանիտարական, դատական և այլ մասնաճյուղեր: Պաշտպանական այս խմբերը խստագույն հսկողության տակ էին պահում պարենն ու զինամթերքը: Հայ հմուտ վարպետների միջոցով կազմակերպել էին վառոդի, փամփուշտների և անգամ թնդանոթի արտադրություն, արագ վերականգնում էին ավերված ամրություններն ու դիրքերը, կառուցում էին նորերը: Դժվարությունը այն էր, որ Վանում էին ապաստանել նաև շրջակա գյուղերի հազարավոր փախստականներ: Կանայք, դեռատի աղջիկները կռվող մարտիկներին ուտելիք էին հասցնում, հագուստները կարում և վիրավորներին խնամում, իսկ պատանիներն ու նույնիսկ երեխաները անձնազոհաբար դիրքից դիրք անցնելով, հավաքում էին թուրքերի նետած չպայթած ռումբերը և արկերը, վնասազերծ անում և հանում նրանց վառոդի պարունակությունը: Վանը այսպիսով դարձել էր մի անառիկ ամրոց՝ ընդդեմ թուրքական բռնակալության: Տեղին էին Ա. Եկարյանի Վանի քաջամարտիկներին ուղղած հետևյալ խոսքերը. «Մեր ուզելով չէ, որ պիտի կռվենք, ան մեզի պարտադրվեցավ: Երկու ճամփա ունինք. կամ գլուխ ծռել բռնավորին առաջ, և բնաջնջվիլ անպատիվ մահով և կամ անվեհեր ու բաց ճակատ դուրս գալ անոր առջև ՝ նախընտրել մեր նախնիքներուն պատվավոր ճամփան»: Եվ Վանի քաջարի ժողովուրդը, ընտրելով վերջինը, կռվեց, հաղթեց, վերապրեց և հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունը հարստացրեց նոր ոսկե էջերով, հետագա սերունդների համար դարձավ անմահ օրինակ: Այգեստանից բացի, հայերը հաջող դիմադրություն էին կազմակերպել նաև Քաղաքամեջում: Հերոսական կռիվներում աչքի ընկած շատ զինվորներ ու հրամանատարներ պարգևատրվեցին զինվորական մարմնի սահմանած «Պատվո խաչ» շքանշանով: Վերջապես մայիսի 19–ին վրա հասած ռուսական զորքերն ու հայ կամավորները՝ զորավար Անդրանիկի գլխավորությամբ ազատագրեցին Վանը և քաղաքի բերդի վրա բարձրացրեցին հայկական հաղթական դրոշը: Սակայն ռուսների հետ, նանաջեցին նաև վանեցիները: Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի նկատմամբ թուրքերի գործադրած ցեղասպանությունը ճակատագրական նշանակություն ունեցան նաև Վանի ու Վանի նահանգի հայության համար: 1915-18 թթ սովից, հիվանդություններից ու կռիվներից այստեղ զոհվեցին հազարավոր մարդիկ: Աղետը կրկնապատկվեց այդ ժամանակ ռուսական բանակի երկու անգամ կատարած դավաճանական նահանջի պատճառով: 1915-18 թթ տասնյակ հազարավոր հայեր ստիպված, թողած տուն, հարստության, հարազատների գերեզմաններն ու ազգային հազարամյա սրբությունները, բռնեցին գաղթի ճանապարհը: Դրանից անմիջապես հետո թուրք ջարդարարները հիմնահատակ տվերեցին քաղաքի հայկական թաղամասերը և կողոպտեցին թողնված ողջ ունեցվածքը: Վանը վերածվեց համատարած գերեզմանի: Հաղթահարելով գաղթի ճանապարհի անասելի դժվարությունները, վանեցիների մեծ մասը հանգրվանեց Արևելյան Հայաստանում, մի մասն էլ՝ արտասահմանում: Ռուս բանաստեղծ և լրագրող Սերգեյ Գորոդեցկին (1884-1967 թթ) 1916 թ այցելելով Վան, դառնորեն ու սրտի անհուն կսկիծով երբեմնի քաղաքակրթության կենտրոն Վանը նմանեցնում է մի մեծ գերեզմանի: Եվ թեև թուրքական վիճակագրական տվյալներով Վանը այսօր ունի շուրջ 50 000 բնակչություն, նրա ընդարձակ տարածություն գրավող ավերակները դեռևս մնում են որպես արյունոտ բարբարոսության խորհրդանիշ:Վանի 1915 թ հերոսամարտի նահատակների հիշատակին է նվիրված ՀՀ-ում, Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղու ձախ կողմում (Աշտարակ քաղաքից հյուսիս-արևմուտք) կանգնեցված «Արծիվ Վասպուրականի» հոյակապ հուշարձանը (ճարտարապետ Ռ. Իսրայելյան)։ Թեև Վանի հերոսական ինքնապաշտպանության ժամանակներից անցել են տասնամյակներ, սակայն այսօր, այս տագնապալի պահին, մեզ՝ հայերիս համար, վանեցիների սխրանքները պետք է օրինակ դառնան:
Որպես Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը, Վանը և նրա շրջակայքը հարուստ են պատմական ամենատարբեր ժամանակներին վերաբերող հուշարձաններով ու հնություններով, որոնց նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է դեռևս 19-րդ դ սկզբներից: 1827-29 թթ Վանում հնագիտական ուսումնասիրություններ է կատարել Փարիզի «Առիական ընկերության» անդամ, արևելագետ Ֆ. Շուլցը, որի ընդօրինակած 42 սեպագիր արձանագրություններ փոխադրվեցին Եվրոպա: Հետագայում նույնանման աշխատանքներ կատարել են նաև Ա. Լեյարդը (1850 թ), Օ. Ռասսամը (1877 թ) և ուրիշներ, որոնք զգալիորեն լրացրել և ուղղումներ են արել հավաքված հնագիտական նյութերի մեջ: Սրանք Վանի հնությունների լավագույն սկզբնաղբյուրներն են, որոնք մեծ մասամբ այժմ պահվում են Բեռլինի և Բրիտանական թանգարաններում: Հիշյալ սեպագիր արձանագրությունները գլխավորապես վերաբերում են 9-6-րդ դդ (մթա) Վանի թագավորների շինարարական և ռազմական գործունեությանը: Վանի թագավորության հնագույն պատմությունը զգալիորեն հարստացավ ակադեմիկոս Ն. Մառի և Հ.Օրբելու 1916 թ քաղաքում և նրա շուրջը կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերված նոր նյութերով: 1916 թ հետո մինչև այժմ, թուրքական իշխանությունների կողմից արգելված է Վանում հնագիտական հետազոտություններ կատարելը:
Վանում են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հասարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝ մշակութային գործիչ Գևորգ Արծրունին (1771-1830) ռուսական բանակի գնդապետ Երեմիա Արծրունին (1804-1877), բանաստեղծ Հովհան Միրզայան Վանանդեցին (1772-1840), Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ, 1820-1907), թատերագետ, մանկավարժ Տիգրան Ամիրխանյանը (1835-1897), ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանը (1840-1892), հեղա փոխական, հասարակական գործիչ և գրող Արսեն Թոխմախյանը (1843-1892), մանկավարժ, բանաստեղծ Խաչատուր Սուրենյանը (1848-1896), ազատագրական շարժման գործիչ Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեզյան, 1864-1896), ՀՀ ժող նկարիչ Փանոս Թերլեմեզյանը (1865-1941), գրող Վրթանես Փափազյանը (1866-1920), հայ ազգային-ազատագրական պայքարի քաջամարտիկ Արմենակ Եկարյանը (1870-1925), նկարիչ, ՀՀ արվեստի վաստ գործիչ Վրթանես Ախիկյանը (1872-1936), կուսակցական գործիչ, գրող Ավետիս Թերզիբաշյանը (1873–1950), պատմաբան, պրոֆ Հովհաննես Հակոբյանը (1876-1937), հայազգի ամերիկյան քանդակագործ Հայկ Բադիկյանը (1876–1950), փիլիսոփ. գիտությունների դոկտոր Վ. Նալբանդյանը, հրապարակախոս, հասարակական գործիչ Արտակ Դարբինյանը(1878-1950), նշանավոր երգիչ Տիգրան Նալբանդյանը (1878– 1954), նկարչության և քանդակագործության միջազգային ու Փարիզի գեղարվեստների ազգային ընկերությունների անդամՀովհաննես Ալխազյանը (1881-1958), գյուղատնտ. գիտությունների դոկտոր, պրոֆ Ե. Մովսիսյանը (1876-1950), ամերիկահայ ճարտարապետ ու գրականագետ Արամ Թորոսյանը (1884–1941), գրող, երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմասյան, 1888-1965), հասարակական գործիչ, իրավաբան, պրոֆ Հրանտ Գալիկյանը (1889-1938), մանկավարժ, երկրաբան, պրոֆՏիգրան Ջրբաշյանը (1889–1937), գրող, բանասեր Ղևոնդ Փիրղալեմյանը (1830-1891), բանաստեղծ Ազատ Վշտունին (1894-1958), կոմպոզիտոր, ՀՀ ժող արտիստ Կարո Զաքարյանը (1895-1967), գրող Ծերուն Թորգոմյանը (Դեղտրիկյան, 1896–1986), ՀՀ ժող արտիստ Այուզան Գարազաշը (1897-1944), գրականագետ՝ դոկտոր, պրոֆ Վահրամ Թերզիբաշյանը (1898-1964), իրանահայ գրող, դերասան Մանվել Մարությանը (1901), կուսակցական, պետական գործիչ Աղասի Խանջյանը (1901-1936), ճարտարապետ, գիտ. դոկտոր, պրոֆ Վարազդատ Հարությունյանը (1909թ), ՀՀ լուսավորության ժողովրդական կոմիսար Լևոն Արիսյանը (1903-1938), գրող Գուրգեն Մահարին (1903-1969), գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան, 1903–1966), գրականագետ, պրոֆեսոր Նորայր Դաբաղյանը (1904-1955), թարգմանիչ Լեմվել Մարությանը (1904-1968), ԽՍՀՄ ժող արտիստ, թատերագետ, ռեժիսոր Վարդան Աճեմյանը (1905), անվանի լուսանկարիչ, ՀՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ Նեմրութը Բաղդասարյանը, (1905-1988), գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր Մինաս Հյուսյանը (1904), գրող Լյուսի Թարգյուլը(Թարգյուլյան, 1905-1955), ՀՀ արվեստի վաստ գործիչ, կինոօպերատոր Գարեգին Ասլանյանը (1906), ֆրանսահայ հասարակական գործիչ Աղասի Դարբինյանը (1906), ՀՀ ԳԱ ակադեմիկոսՄանվել Մանվելյանը (1913) ՀՀ ԳԱ թղթանդամ, գրականագետ Մկրտիչ Ատյանը (1907-1983), պատմաբան, կուսակցական աշխատող, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ Վարդան Ավետիսյանը (1911), ՀՀ վաստակավոր ճարտարապետ Վալենտինա Աճեմյանը (1913), ՀԽՍՀ վաստակավոր դերասան ,պարարվեստի վաստակավոր ուսուցիչ Պավլինե Բուռնազյանը և շատ ուրիշներ:

Վանեցիների մեջ տարածված էր այն ասացվածքը, թե «Վանը այս աշխարհում է, դրախտը՝ այն», իսկ ամերիկացի միսիոներ Էյնոլդսը ասել է՝
«Դժբախտություն պիտի լիներ առանց Վանը տեսնելու մեռնելս»: Ավելի ջերմ են հայտնի հայագետ Լինչի խոսքերը՝ «Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը և հետո մեռնել»:
Մշակեց Մուշեղ Խուդավերդյանը