Կնոջ մի խոսքը խրախուսում, սխրագործության էր մղում ամուսնուն կամ խորապես հուսահատեցնում նրան: Կնոջ խոսքն անհետևանք չեն թողնի,- ասում է սասունցին: Ազգագրագետ Ս. Պողոսյանի դիտարկմամբ` «Տղամարդու սեռային իդեալը ենթադրել և ենթադրում է ամրություն, համառություն, ուղղամտություն, նախաձեռնող, առաջ մղող եւ տիրապետող հատկանիշներ, իսկ կնոջ վարք ու բարքի սեռային իդեալին բնորոշ են եղել նրբությունը, հնազանդությունը, պարկեշտությունը, զիջողականությունը, հավատարմությունը ընտանիքին եւ այլն»:
Հ. Մեղավորյանը գրում է. «Տանտիկինը եւ մյուս ամուսնացած կանայք հայկական նահապետական ընտանիքում ավելի բարձր տեղ էին գրավում, քան նրանց նախնիները հռոմեական կամ հունական ընտանիքում: Տանտիկինը բացարձակորեն անկախ էր տնային գործերում: Տնտեսապես նա ներկայանում էր որպես ազատ անձնավորություն եւ նույնիսկ շատ գործերում ամուսինը դիմում էր նրա խորհուրդներին ու շատ հաճախ լսում նրան…»:
Աղջիկներին հարսնության էին պատրաստում որոշակի վարքականոնների համաձայն. պետք է լինել աշխատասեր՝ <հարսը պարապ չի մնա>, առանց մոր կամ տանտիկնոջ իմացության որևէ տեղ չգնալ և այլն:
Ժողովրդական խաղիկներից և այլ չափածո ստեղծագործություններից պարզ է դառնում, որ մայրը աղջկան փոքր տարիքից սկսած գործնական և օգտակար խորհուրդներով նախապատրաստում էր իր կյանքի ամենանշանավոր իրադարձությանը՝ հարսանիքին:
Տան մեծ տիկնոջ խոսքն անգամ 1940-50-ական թվականներին դեռ օրենք էր հիսունն անց, առանձին ընտանիքների տեր որդիների համար, որոնք ոչ մի պատասխանատու քայլ չէին անում առանց նրա հետ խորհրդակցելու: Մեծ տիկնոջ խոսքը, կամքը վճռորոշ էր հատկապես որդիների ամուսնության հարցում: Բերենք մի օրինակ. երբ մեր զրուցակից բանասացի հորը ցանկացել են ամուսնացնել սիրած աղջկա հետ, տատը չի տվել իր համաձայնությունը` ասելով. «Նրա քեռին լավ մարդ չէ»` դրանով իսկ մատնանշելով աղջկա մորական կողմի բարոյական վատ բնութագիրը: Մեծ տիկինն ամեն ինչ անում էր որդիների ընտանիքների միջև տնտեսական հավասարություն ապահովելու համար: «Հորեղբայրս,- ասում է բանասացը,- աշխատում էր կարի արհեստանոցում: Երբ նա նոր հագուստ էր հագնում, տատս նախ շնորհավորում էր, ապա ասում. «Շատ լավն է, մի հատ էլ եղբորդ համար կարել տուր»: Հաջորդ օրը չափսերը վերցվում էին: Հետպատերազմյան սուղ տարիներին հենց որ հայրս ալյուր էր բերում տուն, տատս գոհունակություն էր հայտնում եւ ասում. «Մի պարկ էլ եղբորդ տուն տար»: Օջախը, տուն ու տեղը նրանց համար պաշտամունքի աստիճան սրբազան հասկացություն էր, եւ չէին հաշտվում այն լքելու մտքի հետ: Երբ հայրս եւ հորեղբայրներս տեղափոխվել էին Երեւան, իրենց մորը չէին կարողացել համոզել մեկնել իրենց հետ: «Ո՞ւմ թողնեմ, այս հսկա «դիրլիգը (ունեցվածքը.- Ռ. Ն.)»,- պատճառաբանել էր տատս, թեեւ նրա ամբողջ ունեցվածքը հողե կտուրով մի տուն էր, մի ամբար եւ ցեցը կերած մի պահարան»:
Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր շրջաններում գերիշխել է ընտանիքի նահապետական կենսաձևը, որի բնորոշ երեւույթներից է եղել կանանց, առանձնապես հարսների նկատմամբ կիրառված սահմանափակումների համակարգը: Կնոջ նկատմամբ արգելքները թեև ոչ այնքան խստությամբ սկսում էին կիրառվել դեռեւս փոքր տարիքից, հարսնության շրջանում չափազանց խստանում էին եւ աստիճանաբար նվազում, երբ կինը դառնում էր մի քանի երեխաների մայր, հատկապես, երբ հայտնվում էր ընտանիքի ղեկավարի` տան խոսողի` նահապետի կնոջ կարգավիճակում, որով իր ձեռքն էր վերցնում գերդաստանի բոլոր կանանց ղեկավարությունը: Փոքր աղջիկների դաստիարակությունը ընտանիքի բոլոր հարսների ու կանանց հսկողության տակ էր, հատկապես` մեծ տանտիկնոջ: 4-5 տարեկանից սկսած նրանց սովորեցնում էին մաքրել տունն ու բակը, լվալ ամանեղենը, կատարել մեծերի հանձնարարականները: Այդուհանդերձ, այդ տարիքում աղջիկ երեխաներին ծանր աշխատանքներ չէին հանձնարարվում` ասելով. «Աղջիկ երեխա է, մեղք է, պորտը տեղից կընկնի»: Նրանք հմտանում էին արհեստների մեջ, հատկապես տնայնագործության մեջ. սովորում էին բուրդ գզել, ճախարակ պտտել, իլիկ մանել, խմոր հունցել, հաց թխել, այծ ու ոչխար կթել, պանիր մակարդել, լվացք անել, գուլպա, կարպետ, գորգ գործել, շոր կարել, կարկատել, ասեղնագործել եւ այլն: Իսկ աղջկա անաղարտությունն ու համեստությունը եղել է իր ընտանիքի, նաեւ ազգատոհմի պատվի հարցը:
Աղբյուրներ` < Հայ ավանդական ընտանիք>, <Կինը հայոց ավանդական ընտանիքում>