воскресенье, 19 августа 2012 г.

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ՖԻԴԱՅԻՆԵՐ: ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ

Աղբյուր Սերոբ (Սերոբ Փաշա Վարդանյան) — ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Ծնվել է 1864 թվականին Սոխորդ գյուղում: Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` 1891-ին հեռացել է ծննդավայրից, եղել Կ.Պոլսում, Ռումինիայում: Այստեղ կազմակերպել է փոքրիկ սրճարան, որտեղ զրույցներ էին տեղի ունենում հայության դրության մասին, որոնց արդյունքում էլ Սերոբը որոշեց վերադառնալ Էրգիր: 1895-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ, կազմակերպել տեղի ինքնապաշտպանությունը: 1897-ին կռվել է Թեղուտում և Սոխորդում: 1898-ի հոկտեմբերի 20-ին Բաբշենի նշանավոր կռվից հետո այլևս անհնար է դարձել Խլաթում մնալը, ուստի ապաստանել է Սասունում: Աղբյուր Սերոբի մղած բոլոր կռիվները լավ կազմակերպվածության շնորհիվ ավարտվել են հաղթանակով: Աղբյուր Սերոբի անունը ահ ու սարսափ էր տարածում թուրք և քուրդ քոչվորների շրջանում: Եթե չլիներ մատնությունը Սերոբը դեռևս երկար ժամանակ կպատժեր թուրք մարդասպան զավթիչներին:
1898-ի նոյեմբերին թուրքերին հաջողվել է մատնությամբ թունավորել Սերոբին, սակայն, մինչև վերահաս մահը, իր զինակիցների հետ Գելիեգուզան գյուղում պաշարված, նա դիմադրել է թուրքերին: Այդ ընդհարման ժամանակ վիրավորվել է նրա կինը` Սոսեն, սպանվել են որդին և երկու եղբայրները: Զոհվել է Գելիեգուզանում, 1899-ին: Աղբյուր Սերոբի գլուխը թաղված է Բաղեշի Ս. Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը` Գելիեգուզան գյուղում: Սերոբին են ձոնված «Գլուխդ՝ Բաղեշ, մարմինդ՝ Մուշ» եւ աշուղ Ֆահրատի «Ով որ քաջ է» երգերը:
 
Մշակեց Մուշեղ Խուդավերդյանը