воскресенье, 19 августа 2012 г.

ՄԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: ԱԼԱՇԿԵՐՏ

Ալաշկերտ (Ալաշգերտ, էլեշկիրտ, Թոփրագգալե, Թոփրագղալա, Թոփրախկալա, Թոփրակկալա, Թոփրակկալա Ներքին, Թոփրակկալե, Թոփրակկալե Ներքին, Թոփրաղկալա, Թոփրաղկալե, Թոփրաքգալե, Թոփրաքկալա, Թոփրաքկալե, Թոփրաքքալե, Վալարկերտ, Վալաշակերտ, Վաղաշակերտ, Վաղարշակերտ, Վաղարշակերտ) — քաղաք պատմական Արևմտյան Հայաստանում, այժմ Թուրքիայի տարածքում: Գտնվում է Արածանիի վերին հոսանքի շրջանում՝ Տրապիզոն—Էրզրում—Մակու—Թավրիզ ճանապարհի վրա: Հիմնադրվել է 2-րդ դ վերջերին, հայոց Վաղարշակ թագավորի կողմից: Մինչև 17-րդ դ ավելի գործածական էր հին՝ Վաղարշակերտ անունը: 17-րդ դարի քաղաքի հայերի թիվը աստիճանաբար նվազում, եկվոր քրդերի ու թուրքերինը` ավելանում է: 1829 և 1878 թթ. հայերի մի զգալի մասը վերաբնակվեց Սևանի ավազանում, մնացածները 1890–95 և 1915—18 թթ ենթարկվեցին ջարդերի: Քաղաքի տարածքում է ուրարտական Ալաշա բնակավայրը, որից էլ հավանաբար առաջացել է Ալաշկերտ անունը: 1877—78 թթ Ալաշկերտն ուներ 145 քրդական, 122 հայկական ընտանիք, 2 հայկական, մեկ թուրքական դպրոց: Հայոց դպրոցներից մեկը կոչվում Էր Բագրատունյան: 1914–ին բնակչության թիվը 7000 էր: Տները հիմնականում անշուք ու անբարեկարգ են: Բնակչությունը զբաղվում էր առևտրով, արհեստագործությամբ ու անասնապահությամբ: Թեև շրջակայքում շատ աղբյուրներ կան, սակայն քաղաքը սակավաջուր է: Ալաշկերտի տարածքում կան ուրարտական սեպագիր, հին կառույցների բեկորներ, հայկական գերեզմանոց, հին շուկայի ավերակներ: Ունի եկեղեցի (Սուրբ Աստվածածին): Այստեղ էր գտնվում նաև Ս. Կիրակոս վանքը: Քաղաքի շեն և ավերված թաղերից են՝ Բլեջանը, Սորանցոցը, Փեթակչոցը և այլն: Մոտակայքում է գտնվում Ալաշկերտի (Վաղարշկերտ) բերդը:
Ալաշկերտ, Թոփրագգալե, Թոփրակկալա, Վալաշկերտ, Վաղարշակերտ — Գավառակ (կազա) Արևմտյան Հայաստանում, Ալաշկերտի հովտի կենտրոնական մասի հյուսիսային կողմում: Հին ու միջին դարերում կազմում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառի բաղկացուցիչ մասը: Թուրքական տիրապետության շրջանում որպես գավառակ մտնում էր Էրզրումի նահանգի Բայազետի գավառի մեջ, կենտրոնը՝ Ալաշկերտ գյուղաքազաքն էր: Ունի արգավանդ հողատարածություններ, արագահոս գետակներ: Հյուսիսից հարում է Հայկական պարին, հարավից` Ծաղկանց լեռներին: Բնակչությունը հիմնականում կազմված էր հայերից ու քրդերից: Ըստ Ա. Երիցյանի 1876 թ ուներ 70 գյուղ՝ 9040 քուրդ և 2978 հայ բնակչությամբ: Ըստ ռուսական աղբյուրների 1878 թ Ալաշկերտն ուներ 104 գյուղ: Բնակչության հիմնական զբաղմունքը՝ անասնապահությունն էր, երկրագործությունը: Գավառակը հայտնի էր հատկապես հացահատիկով, որից մեծ քանակությամբ վաճառում էին Վանի և Բաղեշի լեռնային շրջանների բնակիչներին: 1329 և 1878 թթ. հայերի մի մասը գաղթել է Անդրկովկաս, մնացածները ոչնչացվեցին կամ արտաքսվեցին 1914-ից 1918 թթ: Այժմ Ալաշկերտը խիստ նոսր բնակչություն ունի: 1903 թվականին գավառակում կար 32 հայկական եկեղեցի և Ս. Հովհաննես (Ուչքիլիսա) վանքը: