воскресенье, 19 августа 2012 г.

ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ: ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Հայոց ավանդական տոները բնապաշտական ծագում ունեն և արդյունք են մեր նախնիների կողմից իրենց շրջապատող աշխարհի յուրահատուկ ընկալմանը:Այդպիսին է նաև Համբարձումը՝ բնության բեղունության և արբունքի, բուսականության աճի, Ծաղկամոր տոնը: Այն համընկնում է գարնանային բուռն աշխատանքների շրջանին, այսինքն այն պահին, երբ հեթանոսական Հայաստանում երկրագործը իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում և բնությունից ու աստվածներից ակնկալում հատուցում:

Սիրո, երիտասարդության ու վայելքի տոնն է Համբարձումը, որը տոնվում է բնության գրկում՝ մայիսյան ծաղկունքի մեջ՝ Զատկից քառասուն օր անց:
Տոնն իր ակունքներով կապվում է նախաքրիստոնեական ժամանակաշրջանին: Եթե Զատկի տոնին առանձնանում, զատվում են բնության գույները, ավարտվում ցանքսի աշխատանքները, ապա Համբարձմանն արդեն սպասվում է ցանված բերքի աճման, տղման, ակնկալիք: Այդ նպատակով էր, որ ժողովուրդը դուրս էր գալիս դաշտերը երգ ու պարով, ուրախությունով սիրաշահում Մայր Բնությանը:
Հայաստանի տարբեր շրջաններում տոնը հայտնի էր նաև <Ծաղկամոր տոն>, < Ճակատագրի տոն>,  < Վիճակ>, < Կաթնապրի օր> անվանումներով, որոնք առավել բնութագրական են նրա էությունը բացահայտելու առումով, քանզի Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, խաղիկներով վիճակահանմամբ, մասնակիցների ճակատագրի գուշակությամբ և որպես մատաղ՝ կաթնով բաժանելով:
Համբարձումը սիրո, երիտասարդության տոն է: Տոնի մյուս կարևոր խորհուրդն այն է, որ այդ օրը արգելվում է արյուն հեղել՝ կենդանական զոհ մատուցել, որը դարձյալ բնության ուժերին սիրաշահելու, կենդանիների բազմացումն ապահովելու միտումն ունի: Այդ օրը ծաղիկներով զարդարում էին գառան, կաթնատու կովի, եզան պարանոցը և պտտեցնում գյուղում: Իսկ իբրև մատաղ և տոնական ուտեստ՝ կաթնով ու բանջար էր եփվում: Կաթնովը բաժանվում էր հարևաններին, բարեկամներին, անցորդներին, այն շաղ էին տալիս արտերում և այգիներում, որ հունձը բարեհաջող լինի, բերքը՝ առատ:

 Մշակեցին Մուշեղ Խուդավերդյանը և Հայկ Հայրապետյանը