воскресенье, 19 августа 2012 г.

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻ ՏՈՆԵՐ: ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ:

Հայոց եկեղեցական սրբերի հիշատակին նվիրված տոներից թերևս ամենաշուքովը կատարվում էր Սուրբ Կարապետի տոնը, որի ակունքները պետք է փնտրել մեր հեթանոսական անցյալում: Ըստ եկեղեցական օրացույցի` այն նշվում էր հունվարի 15-ին՝ Հովաննես Կարապետի (Հովհաննես Մկրտիչ) ծննդյան օրը:
 Դեռևս նախաքրիստոնեական շրջանում Տարոն աշխարհի Իննակյան վայրը ուխտագնացութ
յան կենտրոն է եղել, որը, ինչպես վկայում է պատմիչ Հովհան Մամիկոնյանը, չորրորդ դարում Հովհաննես Մկրտչի մասունքներն այնտեղ ամփոփելուց հետո կապվել է վերջինիս անվան հետ: Սուրբ Կարապետը վերածվել է համահայկական սրբի, նրա կերպարը տեղ է գտել ժողովրդական էպոսում ու ասքերում:
Մարտի գնալուց առաջ Մամիկոնեից ասպետները ուխտի էին գնում Սուրբ Կարապետ՝ ստանալու նրա աջակցությունը թշնամուն հաղթելու համար: Մամիկոնյան քաջարի ասպետներն էլ, իրենց հերթին, վանքի անձուրաց պահապաններն էին: Մեծամեծ զոհեր էին մատուցում Սուրբ Կարապետին, վերակառուցում էին վանքը, երբ այն տուժում էր երկրաշարժերից, խստորեն պատժում էին վանքը թալանողներին և կալվածքներ նվիրում եկեղեցուն: Սրբի այդ ռազմական, հերոսապահպան էությունը շարունակվում է հետագայում ևս, երբ քաջ ֆիդայիներին մարտի գնալուց առաջ մաղթում էին <Մշո սուլթան Սբ. Կարապետ թող լինի ձեզ պահապան>...
Տոնի օրը Հայաստանի զանազան վայրերից ժողովուրդն ուխտի էր գալիս սուրբ Կարապետի վանքը: Առաջներում շատերը յոթ տարի պաս էին պահում, որից հետո, ուխտի գնալով Մշո Սուրբ Կարապետ, երկրպագում էին Հովհաննես Մկրտչի գերեզմանին, որ իրենց սրտերի խորհուրդն ու խնդրանքները կատարի: Շատերն էլ խնդրում էին, որ իրենց <Օխտը գոմշի ուժ տա>, ոմանք էլ՝ լարախաղացության, նվագելու բանաստեղծելու տաղանդ էին խնդրում, ցավերին փարատություն և այլն: Անզավակ ծնողները գոտիները դնում էին գերեզմանաքարի վրա, ջերմեռանդորեն աղոթում, որ իրենց զավակ պարգևի: Ուխտում էին երեխայի ծնվելու օրվանից նրա մազերն այնքան ժամանակ չկտրել, մինչև որ ուխտի չգնային Սուրբ Կարապետի գերեզմանին, ապա այնտեղ՝ հենց գերեզմանի վրա էլ կտրում էին:
Սրբին խնդրում էին, որ իրենց զավակներին խելք ու շնորհք տա, որպեսզի իրենց մահվանից հետո՝ օջախները ծխացնեն ու վառ պահեն:
Տոնի օրը ժողովուրդը մեծ տոնախմբություն էր կատարում. անցկացվում էին խաղեր, մրցույթներ, ներկայացումներ, որոնց գագաթնակետը դառնում էին աշուղների մրցությունները: Դրանց ժամանակ ցուցադրվում էն աշուղական վարպետությունը, սրամտությունը, տաղանդն ու պերճախոսությունը ...


Աղբյուր` < Ազգային տոներ>