воскресенье, 19 августа 2012 г.

Գարեգին Նժդեհ (կենսագրություն)



Գարեգին Նժդեհը (Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան) հայ պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ, իմաստասեր է: Ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին հայոց Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, իսկ այնուհետև այն փակվելուց հետո ուսումը շարունակել է Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, այնուհետև Թիֆլիսի գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում է 17 տարեկան հասակից միանում է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետև մեկնում է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելով թողնում է ուսումը և ամբողջովին նվիրվում է հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի և սուլթանության:
1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի բարձրագույն սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով 1907 թվականին վերադառնում է Հարավային Կովկաս:
1907 թվականին մտնում է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Հարավային Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: բանտում մնալով ավելի քան 3 տարի, այնուհետև անցնում է Բուլղարիա:
Երբ 1912 թվականին սկսվեց բալկանյան պատերազմը, Նժդեհը Անդրանիկ Օզանյանի հետ միասին հանդիսանում էր հայկական վաշտի հրամանատարներից մեկը: Առաջին աշխարհամարտի նախօրյակին, <ներման> արժանանալով ցարական իշխանությունների կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ թուրքերի դեմ մղվելիք մարտերին մասնակցելու նպատակով: Առաջին աշխարհամարտի տարիներին, լինելով զորավար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի օգնականը, Նժդեհը 1913 թվականի գարնանը  վարում էր Ալաջայի բնակավայրի մոտ գտնվող Անիի շրջակայքում մղվող կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռեց հայկական նահանջող զորամասերին առանց կորուստների անցնելու Ալեքսանդրապոլ՝ միաժամանակ իր մարդկանցով ապահովելով Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող  արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից:
Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը: Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ՝ Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ: Տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականացվող Վանաձորի եռօրյա հերոսամարտով հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը և այդ կամքի զորացման գործում անուրանալի է Նժդեհի դերը: վանաձորում մղված կռիվների համար (ի դեպ որի ժամանակ վիրավորվել է Նժդեհը) Նժդեհը արժանացել է քաջության ամենաբարձր շքանշանի:
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո՝ 1918 թվականի վերջին, Նժդեհը նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից նշանակվում է Կապանի, Արևիքի և Գողթանի ընդհանուր հրամանատար:
Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին:
Մասնավորապես երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությանը, Նժդեհը մերժեց այն և փոխարենը սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը:
Համաձայն 1920 թվականի օգոստոսին բոլշիևիկների և Հայաստանի միջև կնքված զինադադարի՝ Զանգեզուրը, Արցախև և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին Կարմիր բանակի կողմից: Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը:
1920 թվականի օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը: Պայքարելով գերակշիռ 11-րդ Կարմիր բանակի դեմ՝ Նժդեհը թողնում է Զանգեզուրը միայն այն ժամանակ, երբ երաշխիքներ է ստանում, որ այն մնալու էր Խորհրդային Հայաստանի կազմում:
1921 թվականին Նժդեհը իր զինակիցներով մեկնում է Պարսկաստան: Այնուհետև 4 ամիս հետո տեղափոխվում է Բուլղարիա:
1923 թվականին լինելով Բուխարեստում՝ Նժդեհը տեղի <Նոր արշալույս> թերթում հանդես է գալիս <Իմ խոսքը- թե ինչու ձեռք բարձրացրի խորհրդային իշխանությունների դեմ> հոդվածաշարով: Այդ տարիներոին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը 1923-1925 թթ.ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի <Հայրենիք> ամսագրում:
1924-1925 թթ. Նժդեհը հրապարակումներ է ունենում  Պլովդիվում լույս տեսնող <Հայաստան> դաշնակցական թերթում: Մասնավորապես 1924 թվականին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա <Էջեր իմ օրագրեն>-ից, որը նույն տարի լույս է տեսնում Կահիրեում արդեն առանձին գրքույկով:
1926 թվականին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող <Արաքս> թերթում, ուր տպագրվում է նրա <Բաց նամակներ հայ մտավորականությանը> շարքը:
1933 թվականի ամռանը Նժդեհը Դաշնակցության ժողովի ընդհանուր որոշումով մեկնում է ԱՄՆ: Ժողովի որոշման համաձայն Նժդեհի հետ ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար բեյի սպանությանը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից էր): Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում: ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով:
1935 թվականին Նժդեհը լույս ընծայեց <Ամերիկահայությունը - ցեղը և իր տականքը> աշխատությունը՝ միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային:
1937 թվականին Հայկ Ասատրյանի հետ միասին Պլովդիվում սկսում են հրատարակել <Ռազմիկ> ազգայնական թերթը:
1937 թվականին Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի <Իմ պատասխանը՚> գիրքը, որը նվիրված էր Սյունիքի հերոսականին:
Այնուհետև 1938-1939 թթ. Հայկ Ասատրյանի հետ միասին ձեռնամուխ է լինում Տարոնական միասնության գաղափարախոսության ստեղծմանը և հրատարակում են ՙ<Տարոնի արծիվ՚> շաբաթաթերթը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Նժդեհը ձերբակալվում է խորհրդային ուժերի կողմից և 1955 թվականին տեղափոխվում է Վլադիմիր քաղաքի բանտը, որտեղ մահանում է 1955 թվականի դեկտեմբերի 21-ին: