Ժամանակակից քաղաքական գաղափարախոսությունների
մեջ իր ուրույն տեղն ունի պահպանողականությունը, որը, որպես քաղաքական
ուղղություն, իր հերթին բաժանվում է երեք հոսանքների` ավանդական
պահպանողականություն, լիբերտալիստական պահպանողականություն և նոր
պահպանողականություն: Պահպանողական հոսանքներից պատմականորեն առաջինը
ձևավորվել
է ավանդական թեքումը: Ավանդական
պահպանողական ուղղության գաղափարական հիմքերը արտահայտված են Բերքի, Մեսթրի
և Բոնալդի դրույթներում: Ավանդականները շեշտը դնում են դասական շուկայական
տնտեսության և բարոյական ավանդույթների պահպանման վրա: Ի տարբերություն
Նոր աջերի, ավանդականները հիմնվում են ոչ թե հասարակական կյանքում
պետության միջամտության չափը որոշելու վրա, այլ որպես այդպիսին, պետության
դրսևորման կարևորագույն գործոն են համարում իշխանության հեղինակության
արմատավորումը` իշխանությունը համարելով բոլոր ազատությունների նախապայմանը:
Նրանք ժամանակակից <<արտադրողական հասարակությունը>>
դիտարկում են որպես ընդհանուր հնազանդության սուբյեկտ, որտեղ իրական
ազատությունները ապահովվում են ուժեղ պետության առկայությամբ: Նրանց
գաղափարախոսությունը հանգում է մարդկանց կամքից անկախ գործող բնական
գործոնների նկատմամբ համոզմունքի, ըստ որի մարդկային հասարակությունը
<<հոգևոր միություն>> է, ուստի հասարակության
կենսունակությունը ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել պատմական
ավանդական արժեհամակարգի հաջորդականությունը: Հասարակության ձևափոխումները
չպետք է արագացվեն և ընթանան արհեստա¬կան ճանապարհով, քանի որ դրանք
իրականանալու են բնական ճանապարհով: Ահա այստեղ է, որ բավականին համադրելի
եզրեր են գտնում ավանդական պահպանողական և ազգայնական
գաղափարախոսությունները: Սակայն չպետք է մոռանալ, որ եթե
ազգայնականությունը կարելի է դիտարկել որպես Ազգ-ենթահամակարգի
կենսաապահովման հայեցակարգ, ապա ավանդական պահպանողականությունը պետք է
բնորոշել որպես պետություն-ենթահամակարգի կենսաապահովման աշխարհայացք:
Ազգայնականությունը նախասկզբնական հավատամքի հետևորդ է,
պահպանողականությունը` դասական կրոնի կողմնակից և ընդ որում, վերջինիս
կազմակերպման ձևը` եկեղեցին, ավելի է կարևորում քան կրոնը: Ազգայնականի
համար պետության կառուցվածքը, կառավարման համակարգն ու տնտեսական
կառավարման ձևերը առաջնային չեն, կարևորը` դրանք ծառայեն ազգին:
Պահպանողականությունը մասնավոր սեփականության համոզված կողմնակից է,
շուկայական տնտեսության ջատագով, պետական կարգի և իշխանության կառուցվածքի
վերաբերյալ ունի որոշակի պատկերացումներ: Ազգայնականությունը յուրաքանչյուր
անհատի դիտարկելով Ազգ հասկացության համակարգում, չի ընդունում սոցիալական
բևեռացումը, մինչդեռ պահպանողականությունը, առաջ քաշելով անհատի` որպես
ինքնին կարևորագույն գործոնի, որը պետք է վստահի սեփական ուժերին, կիրառում
է մի կառուցակարգ, որը բերում է մրցակցության, ուժերի գերլարումի, ինչը
բարձրացնում է ուժեղներին և իջեցնում` թույլերին: Սակայն, չնայած
ազգայնականության և պահպանողականության էական տարբերություններին, դրանք
անլուծելի հակասությունների բնույթ չեն ընդունում. ավելին` զարգանալով
դրույթ-հակադրույթ-համադրույթ տրամաբանության մեջ, տալիս են նոր որակ,
օրինակ պահպանողական հեղափողության գաղափարը, որի նպատակն է ապագայում
վերականգնել օրինակելի անցյալը` ստեղծելով այն ինչն արժանի է պահպանման:
Պահպանողականության հաջորդ տարատեսակը, կամ զարգացման հաջորդ փուլը դա
Լիբերտալիստական պահպանողականությունն է, որը մի կողմից ընդօրինակում և
շարունակում է ազատության ձգտումը, մյուս կողմից` բացառում ազատ
ձեռներեցության, անհատական ու ընտանեկան տնտեսության էռոզիան, որպես
սոցիա¬լա¬կան կարգերի մոդել ընդունելով ազատ հասարակական պայմանագրի
կիրառման արդյունքում հաստատված <<գործատու-աշխատող>> կարգը:
Լիբերտալիստները, հանդես գալով որպես ազատ ձեռներեցության, կարգ ու կանոնի,
օրինականության ավանդական սկզբունքների ջատագովներ, դուրս եկան
լիբերալ-ռեֆորմիզմի <<պետության համընդհանուր բարեկեցություն>>
գաղափարի դեմ` համարելով այն սոցիալիզմի տանող ուղի: Նրանց կարծիքով
ժամանակակից չարիքների առաջացման պատճառը դա պետության կողմից ազատ
շուկայական սկզբունքների անտեսումն է: Լիբերտալիզմի հիմքում ընկած է
մարդու, որպես իր կյանքը միանձնյա կարգավորող սուբյեկտի, իր
գործողություններում ազատ լինելու գաղափարը: Նրանք հասարակությունը դիտում
են որպես ինքնավար անհատներից կազմված պարզ մեխանիզմ: Պետական
քաղաքականության կարևորագույն լծակ էին համարում հավատն ու հարգանքը
ավանդույթների նկատմամբ: Պահպանողական գաղափարախոսության հոսանքներից
համեմատաբար նոր ուղությունը դա նոր պահպանողական գաղափարախոսությունն է:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կասկածի տակ դրեց այն դրույթը, թե
տնտեսությունը, սոցիալական հարաբերություններն ու հոգևոր ոլորտը
պարունակում են ավտոմատ կերպով գործի դրվող և կայունացնող համապատասխան
տարրեր: Հասկանալով, որ տնտեսական ճգնաժամի և քաղաքական խնդիրների հիմնական
պատճառը պետության անկառավարելիությունն է, որ առաջացել է լիբերալիզմի
ազդեցության տակ ընկած քաղաքացիների անհնազանդության և իշխանությունների
պասիվության պատճառով, նոր պահպանողականները իրենց գաղափարներն ու
ավանդական արժեքները համապատասխանեցրեցին հասարակության ինդուստրիալ
զարգացման ներկա փուլի պահանջներին: Մարդկանց սոցիալական բևեռացման,
տեխնիկական միջավայրից նրանց կախվածության խորացման, կյանքի արագացող
տեմպերի, հոգևոր և էկոլոգիական հավասարակշռության խախտման պայմաններում նոր
պահպանողականները առաջարկեցին ընտանիքի ու կրոնի, պետության ու սոցիալական
կայունության գերակայություն: Ընդ որում սոցիալական կայունության
գերակայությունը պետք է հենվի հասարակության ու պետության փոխօգնության,
փոխադարձ պատասխանատվության, պետական կարգ ու կանոնի վրա: Ի տարբերություն
լիբերալների` նեոպահպանողականները գտնում են, որ պետությունը պետք է հենվի
բարոյական սկզբունքների և հասարակության միասնության պահպանման վրա,
ապահովի կարգ ու կանոնի, օրինականության վրա հիմնված անհատի կենսական
պայմանները, քաղաքական միավորումների ստեղծման հնարավորությունը,
քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացումը` այս ամենը
զուգակցելով բարոյական սկզբունքների և ազգային ավանդույթների հետ, առաջ
քաշելով սոցիալապես պատասխանատու անհատի և քաղաքականապես կայուն պետության
պարզ բանաձևը: Տնտեսական ոլորտում նեոպահպանողականները հանդես են գալիս
որպես ազատ շուկայի և մրցակցության, պետական միջամտության սահմանափակման
կողմնակից: Հանդես գալով ազատ շուկայի օգտին` նոր պահպանողականությունը,
միաժամանակ, կտրականապես մերժում է նման հարաբերությունների փոխանցումը
քաղաքական դաշտ: Նեոպահպանողականների քաղաքական հայացքների համակարգը
հենվում է հիմնականում հետևյալ սկզբունքների վրա` անհատի ենթարկում
պետությանը, ազգի քաղաքական և հոգևոր ընդունակությունների ապահովում և
պահպանում և հակառակորդի նկատմամբ ամենաարմատական միջոցների կիրառում:
Նեոպահպանողականները, իշխանությունը համարելով առանձին անհատների կամ
խմբերի հնարավորությունը` արձագանքելու հասարակական տարբեր
իրադրություններին և ունակությունը` ներազդելու դրանց վրա, յուրահատուկ
մոտեցում են ցուցաբերում իշխանությունների տարանջատման հարցին:
Նեոպահպանողականությունը արդի առաջնային խնդիր է համարում ոչ թե
իշխանությունների երեք ճյուղերի միջև օպտիմալ փոխհարաբերությունների
հաստատումը, այլ իշխանության բաժանումը պետության, տնտեսության և ԶԼՄ-ների
միջև: Համարելով, որ ակտիվ և հստակ քաղաքականության իրականացման համար,
միայն <<Ընտրյալ>> կամ սահմանափակ ժողովրդավարությունը կարող է
առավել արդյունավետ կարգավորել հասարակական կյանքը (առավել ևս, որ
ԶԼՄ-ների կողմից հասարակական կարծիքը մանիպուլացիայի ենթարկելու
հնարավորության պայմաններում չի կարելի բացարձակացնել մեծամասնության
կամքը), նեոպահպանողականները առաջ են քաշում <<ընտրյալների
ժողովրդավարական տիրապետության>> գաղափարը, ընդ որում ընտրյալ ասելով
հասկանում են ոչ թե պարտադիր իշխող դասակարգի վերնախավը, այլ բարձր
մասնագիտական ու ինտելեկտուալ որակավորում ունեցող փոքրամասնությունը,
հասարակության բոլոր ոլորտների գիտակից ու առողջ ուժերը, քանի որ
<<մեծամասնության ժողովրդավարության>>` հասարակության բոլոր
խավերին պետության կառավարման գործում ընդգրկելու գաղափարը ոչ միայն
անիրական է այլև` վտանգավոր: Հանդես գալով որպես ազգային ավանդականի ու
առաքինի համամարդկայինի համադրման ճանապարհով բնականոն զարգացման քաղաքական
ուղեգծի կողմնակից` նեոպահպանողականությունը ամբողջ աշխարհում լուրջ
վերելք է ապրում: Լեհաստանում 2005թ իշխանության եկավ <<Իրավունք և
Արդարություն>> նոր պահպանողական կուսակցությունը, Չեխիայում 2006թ
խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ նոր պահպանողական
<<Քաղաքացիական ժողովրդավարության հենք>> կուսակցությունը, որի
առաջնորդ Վացլավ Կլաուսը մինչ այդ ընտրվեց Չեխիայի նախագահ: Դեպի
նեոպահապանողական գաղափարախոսական ուղեգիծ է շարժվում նաև Հունգարիան,
որտեղ այդ թևն առաջնորդող <<Ֆիդես>> կուսակցությունը վայելում է
հունգարացիների մեծամասնության վստահությունը, Ռումինիայում ուժեղ է
նեոպահպանողական <<Մեծ Ռումինիա>> կուսակցությունը,
Բել-գիայում` <<Ֆլամանդական շահ>> կուսակցությունը,
Ֆրանսիայում` Լը Պենի <<Ազգային Ճակատն>> ու դըգոլական
<<Միավորում հանուն հանրապետության>> շարժումը, Ռուսաստանում
<<Եդինայա Ռոսիան>> և այլն: Ամբողջ աշխարհում և հատկապես
արևելյան ու կենտրոնական Եվրոպայում նկատվում են նոր պահպանողական
հայացքների ուժեղացում: Ձախերի և ազատականների քաղաքակնության հետևանքով
ամբողջ աշխարհում խորացել է անջրպետը իշխող վերնախավի և հասարակության
միջև, ինչը առաջացրել է նոր գաղափարների պահանջարկ, ինչով էլ հենց հանդես
են գալիս նոր պահպանողականները` առաջ քաշելով նպատակային ազգային քաղաքական
ծրագրեր, որոնք հենված են երեք ավանդական արժեքների վրա` ընտանիք, կրոն,
ազգայնականություն: Նոր պահպանողականները գտնում են, որ ռասսաների ու
քաղաքակրթությունների խառնուրդը, որ փորձում են իրագործել ձախերն ու
ազատականները, կբերի քաղաքակրթության վախճանի քանզի համամարդկային
արժեհամակարգը կազմված է առանձին ազգային արժեհամակարգերից, որտեղ
յուրաքանչյուր դետալի խեղաթյուրումը կբերի ամբողջի
խեղաթյուրման:Հայտարարելով, որ լիբերալ քաղաքական համակարգը ունակ չէ
դիմակայել համաշխարհային հանրության առջև ծառացած նոր մարտահրավերների,
նեոպահպանողականները քաղաքական համակարգ են մտնում նոր գաղափարներով, նոր
մտածողությամբ ու խնդիրների լուծման ուրույն բանաձևով: