воскресенье, 19 августа 2012 г.

ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ: ՍՈՒՐԲ ԽԱՉ

Սուրբ Խաչը կամ Խաչվերացը Հայ եկեղեցու կարևոր տոներից մեկն է, հաստատված՝ խաչի վերադարձը պանծացնելու ու, միաժամանակ, զորությունը ներբողելու համար: Ինչպես հավաստում են ազգագրական աղբյուրները, ժողովրդի մեջ տոնը գլխավորապես առնչվում է ննջեցյալների հիշատակը նշելու, պահպանելու հետ, դրանով իսկ յուրօրինակ ձևով սերունդներին ավանդելով նախնյաց պատմությունը:

Այսպես, Սուրբ Խաչի օրը Շիրակի թե քաղաքում, թե գյուղերում համարյա յուրաքանչյուր տուն մի ուլ էր մորթում, ամբողջությամբ կախում թոնրում և խորովում:Այնուհետև, որպես մատաղ, այն բաժանում էին մոտ դրացիներին: Այդ մսից փաթաթում էին լավաշի մեջ և, իբրև ննջեցյալների բաժին, տանում դնում էին գերեզմանատան քարերի վրա: Այդ օրը ազգականները նաև նոր ննջեցյալատիրոջ տուն էին ուղարկում սև հագուստներ և մի կենդանի ուլ: Զանգեզուրի նույն տարում ննջեցյալ ունեցողները Սուրբ Խաչի ուրբաթ օրը ոսպով շորվա էին եփում ու, իբրև հոգեբաժին, գերեզմանները օրհնել էին տալիս, ինչպես նաև ուխտի էին գնում մոտակա վանքերն ու ոչխարներ զոհաբերում: Սուրբ Խաչի օրը ննջեցյալներին բաժին տանելու և նրանց հիշատակը հարգելու սովորությունները ընդունված էր և մինչև այժմ էլ կատարվում է ամբողջ Հայաստանում ու իր արմատներով առնչվում է նախնիների պաշտամունքի հետ՝ դրանով իսկ մշտապես պահպանելով հոգևոր կապը հին և նոր սերունդների միջև:
Ահա, հենց այս խորհուրդը ունի Սուրբ Խաչի տոնը, որը նախնիների հիշատակը պահպանելու առումով, թերևս միակն է մեր տոնակարգում: Ուստի, տոնելով Սուրբ Խաչը, հանգստություն մաղթենք մեր նախնիների շիրիմներին ու վերածնվենք մեր նախնիների պայծառ օրինակով...