воскресенье, 19 августа 2012 г.

ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ: ՄԱՍ ԱՌԱՋԻՆ: ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ:

Հայ ընտանիքի, հայ կնոջ, ընտանեկան փոխհարաբերությունների, ընտանիքի և հասարակության կապի մասին առանձին դատողություններ, ուշագրավ մտքեր հանդիպում են հայ շատ հեղինակների երկերում: Ընտանեկան դաստիարակության և հատկապես մոր դաստիարակիչ դերի հետ է կապում Գարեգին Նժդեհը հայոց ապագայի կերտումը. Գերագույն է մոր՝ հոգեփոխված և ցեղայնացած հայ կնոջ առաքելությունը՝ <-Նա կոչված է իր երեխայի դաստիարակության միջոցով կառուցելու իր ցեղի ապագան>: Դպրոցական դասագրքերը հաճախ են մեջբերում Մուրացանի ձևակերպումը.< Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ>: Պակաս հայտնի է Ռուբեն Սևակի ասույթը՝ < Առողջ սեր, Առողջ սեռ>, այսինքն՝ առողջ ընտանիքի միջոցով ազգի առողջացում:
Այսօրինակ դրույթները ոչ միայն տեսական-ճանաչողական, այլև գործնական նծանակություն ունեն և հաջողությամբ կարող են կիրառվել հայոց ընտանեվարության խնդիրների լուծման մեջ: Բացի այդ հայ ընտանիքի կենսագործունեության նպատակասլաց կառավարումը պետք է խարսխվի գիտական ուսումնասիրությունների վրա, որոնք մեզանում, կարելի է ասել, գրեթե բացակայում են: Բացառությամբ ազգագրական հատուկենտ աշխատությունների՝ հայ ընտանիքի վերաբերյալ շատ քիչ բան կարող ենք քաղել հոգեբանությունից, սոցիոլոգիայից, բարոյագիտությունից, մանկավարժությունից, այլ գիտաճյուղերից:
Հնարավոր չէ լիովին ճանաչել արդի հայ ընտանիքը, գնահատել այն հայկականության չափանիշներով, ուրվագծել ընտանիքի ապագան և նամանավանդ ձևավորել այդ ապագան, եթե մենք ընտանիքը դիտենք մեկուսի, հասարակության մյուս բնագավառից անջատ: Քաղաքական կյանքը, կառավարման համակարգը, աշխատանքի ասպարեզը, ժամանցի ոլորտը, կրթությունը, անհատի և հանրության կենսագործունեության մնացած բոլոր բնագավառները ուղղակի կամ միջնորդավորված առնչվում են ընտանիքին:
 Ամենակարևորն այն է, որ այդ առանձին բնագավառները, ըստ էության, միևնույն գործող անձանց տարբեր դերակատարումներն են: Ընտանիքը ճիշտ ըմբռնելու համար հատկապես այս մոտեցումն է առավել արգասաբեր: Տղամարդը և կինը ոչ միայն ամուսիններ են, հայր ու մայր, նրանք բազում ընկերային դերեր էլ են կատարում՝ քաղաքացի, աշխատակից, զրուցակից, հաճախորդ, գնորդ, ընկեր, հարևան, ղեկավար, ենթակա, անցորդ, ընտրող և այլն:
Հայ ընտանիքը միշտ էլ հայտնի է եղել իր բարոյական ամրությամբ և կայուն ավանդական բարքերով: Դրա շնորհիվ է, որ, ենթարկվելով դարերի փորձությանը և, իհարկե, կրելով նաև ժամանակների ազդեցությունը, այն այսօր էլ, հիմնականում, շարունակում է պահպանել իր ազգային նկարագիրը: 
Սակայն, օտար բարքերի անարգել թափանցումը, Հայաստան
ում դեռևս լիարժեքորեն չձևավորված հասարակական հարաբերություններն, ընտանիքի վերաբերյալ՝ ազգային բովանդակությամբ, ժամանակակից հայ ընտանիքը կանգնեցրել են մի շարք լուրջ խնդիրների առջև, որոնք խորը մտահոգության տեղիք են տալիս: Ներդաշնակ ընտանիք և հասարակություն մնալու համար, մեզանից առաջ անհրաժեշտ է կյանքի բոլոր ասպարեզներում ապահովել սեռային ներդաշնակությունը՝ յուրաքանչյուրն իր տեղում և իր դերում: Դա պիտի իրականացվի բնականոն ձևով, սեփական առանձնահատկությունների հաշվառումով, այլ ոչ եվրոպաներից փչող < Էմանսիպացիոն> հովերի տեսքով, որոնք թեպետ ունակ են մեր տիկնանց և աղջիկներին խանդավառելու և երպառակություններ սերմանելու հայ կանանց և տղամարդկանց միջև <մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո>, սակայն ազգօգուտ, ազգակենտրոն կողմնորոշում չեն հաղորդում:
Սեռերի համագործակցության բացակայության պարագայում, սեռային ներդաշնակության անջատ-անջատ ընկալման դեպքում այդ խնդիրըմի կողմից դիտվելու է որպես < Այրական նահապետականություն>, < ֆեմինիստական պահանջկոտություն>, <կանանց իրավունքների ոտնահարում> և այլ: Խնդիրը թեև բարդ է, բայց լուծելի է, և այդ լուծումը ոչ թե արհեստական է ու պարտադրված, այլ միանգամայն հարազատ է հայոց մտածելակերպին, ընտանեկան ավանդույթներին..
 (Շարունակելի)


Աղբյուրը` <Հայ ավանդական ընտանիք>