воскресенье, 19 августа 2012 г.

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ: ՄԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: ՇՈՒՇԻ

ՇՈՒՇԻ




Գրավոր աղբյուրները, հնագիտական նյութերը և պատմամշակութային հուշարձանները հաստատում են, որ 12-13-րդ դդ. Շուշին (խոսքը ամրոցի պարիսպներից ներս սարահարթի մասին է) եղել է բնակեցված:
Շուշին իբրև ամրոց, բերդ հայտնի է գերազանցապես պարսկական և թուրքական նվաճողների դեմ մղված հայ ազգային ազատագրակա
ն շարժումների վերելքի և հյուսիսային լեռնական ցեղերի ասպատակություններին դիմագրավելու ժամանակաշրջանից (18-րդ դարի սկզբից): 
Ղարաբաղի հինգ /Խամսայի/ մելիքություններից յուրաքանչյուրն ուներ իր պաշտպանական գլխավոր ամրությունը, որը հայտնի է «սղնախ» անունով: «Սղնախ անել» նշանակում է բնական կամ արհեստական բերդում ամրանալ: Արցախի հայերը թշնամիների ասպատակություններից պաշտպանվում էին անմատչելի լեռներում ու քարանձանվերում և որոշ ժամանակ այնտեղ էլ հոգում էին իրենց կարիքները:
Վարանդայի Մելիք-Շահնազարյանների սղնախը Շոշն էր:

Շոշի՝ որպես բերդի, պատմությունը վկայված ու հաստատված է հավաստի աղբյուրներով: Այն սկսվում է Ավան հարյուրապետից, թեև իբրև ամրոց այն գոյություն է ունեցել մինչ այդ: Ավան հարյուրապետը Շոշում հաստատվել է 1717թ.: Բերդի շինարարությունն ու վերակառուցումն ավարտվել է 1724թ.:
Շուշի քաղաքի հայկական թաղերից մեկը մինչ քաղաքի կործանումը կոչվում էր Գյավուր ղալին թաղ՝ անհավատի (իմա՝ քրիստոնյայի) բերդի թաղ. այս հանգամանքը վկայում է նախկինում այդ թաղում բերդի գոյության մասին:

Թուրքալեզու «սարաջալի» քոչվոր ցեղի ցեղապետ Փանահ Ալին՝ Փանահ խանը Մելիք-Շահնազարից «նվեր» է ստացել Շոշը /հետագայում Շուշի/ ոչ թե իբրև անբնակ, ամայի մի սարահարթ, այլ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող պաշտպանական բնակավայր: Փանահ Ալին գիտակցել է բնակավայրի, նախկին բերդ-ամրոցի նշանակությունը և Մելիք-Շահնազարի խորհուրդներով ու հայ շինարար վարպետների միջոցով, հայ շինարարական արվետսի սկզբունքներով վերակառուցել և ավելի է ամրացրել այն: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1752 թվականին:

Շոշ բնակավայրը շրջապատող բերդապարիսպի երկարությունը 2.5 կմ է, պարիսպի բարձրությունը 7-8մ, ընդմիջարկված աշտարակներով: Պարիսպը սկսվում է բնակավայրի արևմտյան բարձունքի ստորոտից, հասնում արևելյան կողմի ժայռերը, հարավային կողմն ամբողջովին, իսկ արևմտյանն ու արևելյանը մասամբ պաշտպանված են անմատչելի ժայռերով: Բերդն ունեցել է երկու գլխավոր և երկու սովորական մուտքեր՝ դարպասներ: Գլխավորներից մեկը՝ հարավ-արևմտյանը, կոչվել է Երևանյան, երկրոդը, հյուսիս-արևելյանը, սկզբում կոչվել է Ջրաբերդի, հետագայում վերանվանվել Եղիսավեթպոլի: Հետիոտնի համար նախատեսված փոքր դարպասներից հարավայինը կոչվել է Ամարասի, արևելյանը՝ Մխիթարաշենի:

Շուշին իր պաշտպանական նշանակությունը սպառեց 1830-ական թվականներին:
  «Շոշ» բառը Արցախի բարբառում նշանակում է ծառի այն նորաբույս ճյուղը, որն ամենաբարձրն է բոլոր մնացածներից («շոշ տո շմալ» արտահայտությունը): Ղարաբաղի (և ոչ միայն) տեղանունների զգալի մասը առաջացել է ըստ տեղավայրի, աշխարհագրական միջավայրի, տեղի, դիրքի և այլ ֆիզիկական հատկանիշների. Առաջաձոր, Քոլատակ, Գետաշեն, Ջրակուս, Սպիտակշեն, Սարուշեն, Կանաչ թալա, Մեծ շեն և այլն:

«Շոշ-Շուշի» անվան ստուգաբանության շուրջ տարակարծությունները շարունակվում են ցայսօր: Ակնհայտ է թուրքերեն «Շուշա»՝ ապակի, հայելի շինծու ստուգաբանության անհեթեթությունը, անտրամաբանությունը, ամեն գնով սեփական լեզվին հարմարեցնելու ցանկությունը: Շոշ-Շուշին անգամ վերանվանվել է Փանահաբադի, սակայն ինչպես ինքը՝ Փանահը, այնպես էլ անվանումը օտար ու խորթ էին եւ չընդունվեցին Արցախում, նույնիսկ Փանահի հավատակիցների կողմից:

1795 թվականին օգոստոսին պարսից շահ Աղա-Մամադ խան Կաջարը /կամ Խաջարը/ 50 հազարանոց զորաբանակով պաշարեց Շուշին: Փանահ խանին հաջորդած Իբրահիմ խանին միանում են հայ մելիքները` Մելիք-Շահնազարը, Մելիք-Ջումշուդն ու Մելիք Բեգլարյանը, Մելիք-Աբովը և միասնական ուժերով պաշտպանեցին բերդաքաղաքը: Պաշարումը տևել է 33 օր, սակայն ավարտվեց անհաջողությամբ: Երկիրն էլ ավերվեց ու ամայացավ:

1797թ. Աղա-Մամադ խան Կաջարը կրկին պաշարեց Շուշին: Այս անգամ բերդաքաղաքը չէր պաշտպանվում. Իբրահիմ խանը փախել էր Դաղստան, հայոց մելիքները զինական ուժ չունեին, Արցախում սով էր ու ժանտախտ: Աղա Մամադ Կաջարը Շուշիում մնաց 25 օր, չորս կողմը սփռելով մահ ու բռնություն, կիրառելով ահավոր դաժան պատիժներ Իբրահիմ խանի հետեւորդների նկատմամբ: Աղա Մամադ Կաջարը սպանվեց իր ծառայողներից մեկի ձեռքով, որն ըստ ավանդության, մահմեդականացած հայ էր:

1826թ. հուլիսին, երբ Շուշին արդեն գտնվում էր Ռուսական կայսրության իրավասության ներքո, պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզան խոշոր զորաբանակով պաշարում է Շուշի բերդը: Փոքրաթիվ ռուսական կայազորը` 1700 զինվոր, փոխգնդապետ Ռեուտի հրամանատարությամբ, բերդում գտնվող տեղի բնակիչների, շրջակա գյուղերից Շուշիում ապաստանած հայ գյուղացիների աջակցությամբ եւ օգնությամբ կազմակերպում են Շուշիի պաշտպանությունը: Աբաս-Միրզային չի հաջողվում քաղաքը գրավել: Պաշարումը տևում է 48 օր:

1826թ. սեպտեմբերի 13-ին Շամխորի մոտ տեղի է ունեցած ճակատամարտում հայ գեներալ Վ. Մադաթովի հրամանատարությամբ ռուսական զորքերը փայլուն հաղթանակ տարան: Այն նպաստեց Շուշին պաշարումից ազատելուն և Աբաս Միրզայի Պարսկաստան վերադառնալուն:
Շուշին XIX-րդ դարում

Սղնախ, բերդ-քաղաք, բնակավայր,

Շուշին ընկած է Իրանը Անդրկովկասին, Հայաստանի երկու կարևոր երկրամասերը՝ Զանգեզուրն ու Արցախը իրար միացնող ճանապարհների հանգուցակետում: Քաղաքը ծովի մակերևույթից բարձր է 1500մ:
Շուշիում վերջին տարիներին իրականացված հնագիտական պեղումների գտածոները վկայում են, որ այն բնակեցված է եղել դեռեւս մ.թ.ա. առաջին հազարամյակում:
1805-ից ռուսական կայսրության կազմում է, սակայն մինչև 1822թ. ունեցել է խանական կառավարում: 1823թ. հաստատվել է ռուսական վարչակարգ, եղել է Ղարաբաղի երկրամասի վարչական կենտրոնը: 1840թ. Շուշին դարձել է Շուշիի գավառի /ուեզդի/ վարչական կենտրոնը, 1867թ. նույն կարգավիճակով մտել է Եղիսավեթպոլի նահանգի վարչա-տարածքային կազմի մեջ:
19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկիզբը /1918թ./ Շուշին նույնանուն գավառի վարչական կենտրոնն էր, որը պատկանում էր Եղիսավեթպոլի նահանգին:

Քաղաքաշինությունը

19-րդ դարի վերջին և 20-րդի սկզբին քաղաքի բնակչության զգալի մասն արհեստավորներ էին (դարբին, դերձակ, ջուլհակ, կավագործ, քարտաշ, հյուսն, կոշկակար, պղնձագործ, սափրիչ, արծաթագործ, ոսկերիչ և այլն):

Բնակչությունը

Շուշիի բնակչությունը կազմում էին հիմնականում հայեր և շիա դավանության թրքալեզու մահմեդականներ:
18-րդ դարի վերջին 19-ի սկզբին քաղաքն ունեցել է հոծ հայ բնակչություն: Այստեղ բնակություն են հաստատել Ագուլիսից, Նախիջևանից, Շահկերտից, Մեղրիից, Շոշ գյուղից և Արցախի այլ բնակավայրերից եկած հայեր, մեծամասամբ արհեստավորներ ու առևտրականներ: Հայերն ապրել են քաղաքի վերին մասում, նրանց թաղերն ու եկեղեցիները կոչվում էին իրենց նախկին բնակավայրերի անուններով: Տարբեր տեղերից վերաբնակեցված և առանձին թաղերով հաստատված հայերը կառավարվում էին առանձին համայնքապետերով:
1821թ. Շուշին ունեցել է ավելի քան 500 տուն հայ բնակիչ:

Հասարակական կյանք

Շուշիում հասարակական կյանքը հիրավի նկատելի է դառնում Ղարաբաղը, Շուշին եւ ընդհանրապես ողջ Արեւելահայաստանը Ռուսաստանին վերջնական միանալուց` շահական, խանական վարչաձևը ռուսական, կայսերականով փոխարինելուց հետո:

Շուշիի հայությունը հնարավորինս տեղյակ ու մասնակից դարձավ ինչպես հայկական ազգային կյանքին, այնպես էլ Ռուսաստանում ու Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններին: Հայ բարեգործական ընկերության 1889թ. հիմնած գրադարանում ստացվող հայերեն ու ռուսերեն գրականության, մամուլի միջոցով նա հաղորդակից էր դառնում հասարակության հուզող խնդիրների քննարկմանը և հաճախ արտահայտում սեփական տեսակետները: Շուշիի հայության հեղինակությունը հայոց հասարակական կյանքում այնքան նշանակալից էր, որ մեծանուն Րաֆֆին հարկ համարեց Շուշիում տպագրել իր «Խենթ» վեպը (1881թ.), ապագա նշանավոր հայագետ Մանուկ Աբեղյանը իր գրառած ազգային հերոսավեպ «Սասնա ծռերի» երկրորդ հայտնի պատումը (1889թ.):



Շուշիի հայությունն ըստ կարողության իր մասնակցությունն էր բերում հասարակական նշանակություն ունեցող միջոցառումներին, հանգանակություններին: Քաղաքի կյանքը նոր շունչ էր ստանում ամռան ամիսներին, թեև այն չէր ընդհատվում նաև ձմռանն ու աշնանը: Շուշիի կենտրոնում՝ Թոփխանայի կողքին էր գտնվում հասարակաց ժողովարանի եռահարկ շենքը՝ ակումբը, որտեղ գործում էր գրադարան-ընթերցարանը: Ակումբում հաճախ կազմակերպվում էին պարահանդեսներ: Շուշեցիների սիրելի զբոսավայրը մերձակայքում գտնվող «Պեխի աղբյուրն» էր ու Թթու ջուրը: Ամռան ամիսներին քաղաքը դառնում էր բազմամարդ: Բարեխառն կլիման, լեռնային մաքուր օդը, հիասքանչ բնությունը, մոտակայքում գտնվող հանքային ջրերը Շուշին դարձնում էին բաղձալի առողջարան ու հանգստավայր:

Շուշիի հմայքն այնքան մեծ էր եղել, որ նրա գեղեցիկ համայնապատկերը, առանձին տեսարանները պատկերվել են 20-րդ դարի սկզբին թողարկված փոստային բացիկների վրա, որոնք նայողին մտովի տեղափոխում են մարդու ձեռքով կերտած և մարդ-գազանի ձեռքով ավերված այդ հրաշք քաղաքը:

Հայերի կոտորածներ Շուշիում

1905-1906թթ.

Մինչև 1905թ. Շուշիի բնակչության երկու հիմնական մաս կազմող ժողովուրդները` հայերը և շիա թուրքերը ապրել են հաշտ ու համեմատաբար խաղաղ: Սակայն պանթուրքիզմի ու պանիսլամիզմի գաղափարները մուտք են գործում նաև Շուշի: Քաղաքի թուրք բնակչության վրա վճռական ազդեցություն են գործում 1905թ. Հայ -մահմեդական փետրվարյան ընդհարումները Բաքվում: Մինչ այդ, Շուշի-Եվլախ և Շուշի-Գորիս ճանապարհներին տեղի էին ունենում բռնարարքներ, թալան, սպանություններ, որոնց Շուշիի հայությունը փորձում էր կարևորություն չտալ: Բայց մթնոլորտը շիկացած էր և այն պայթեց 1905թ. օգոստոսի 16-ին ու տևեց վեց օր: Մի քանի անգամ հաշտություն կնքելու փորձեր եղան, սակայն ապարդյուն: Թուրքերը սպիտակ դրոշակ պարզեցին միայն այն ժամանակ, երբ զգացին, որ պարտվում են: Շուշիի երկու քաղաքամասերն էլ մեծ կորուստներ կրեցին: Սպանվեց 100 հայ, թուրքական կողմի կորուստները ավելի զգալի էին: Հայկական մասի ծաղկուն կենտրոնի 370 հասարակական ու մշակութային շենքեր, բնակելի տներ, ավերվեցին ու հրդեհվեցին, ոչնչացան 200 խանութ: Ընդհանուր վնասը կազմեց 5-6 միլիոն ռուբլի: Ընդհարումը դադարելուց հետո Շուշի է գալիս Ելիզավետպոլի նահանգապետ, գեներալ Տակայշվիլին: Նա ձերբակալում է հեղինակություն վայելող երեք հայ գործիչների:

1906թ. հուլիսի 12-ին Շուշիում նորից է հրաձգություն սկսվում հայերի և թուրքերի միջև և հետագա օրերին կատաղի բնույթ ստանում: Հայերի համար բացահատվում է, որ Շուշիի թուրք հասարակության կարևոր դեմքերից մեկը` Նաջաֆ Կուլի բեկը, հայերին գաղտնի կոտորածների ծրագիր է մշակում ոմն Հաջի-Սամլուի հրոսակապետ Իլդրիմի և Փաշա բեկ Սուլթանովի հետ, իսկ ոստիկանությունն ու զորքը հայկական դիրքերից կրակում են թուրքական դիրքերի վրա, թուրքականից` հայկականի վրա:


1919թ. հունիսի 4-5-ին Շուշիում հայ-թուրքական զինված ընդհարում է տեղի ունենում, որը կազմակերպվում և հրահրվում է գեներալ-նահանգապետ Սուլթանովի կողմից: Քաղաքը մեկուսացված ու շրջափակված էր, հայ բնակչությունը պարենի խիստ կարիք ուներ: Խանքենդիի (այսօր Ստեփանակերտ) զորանոցները լի էին նոր ադրբեջանական բանակի զինվորներով, իսկ քաղաքում տեղակայված էր անգլիական բանակի միայն մի վաշտ, բաղկացած սիփայներից` մահմեդական հնդիկներից: Շուշիի հայկական մասը պաշարված էր զինված թուրքերի կողմից: Հայկական զինական ուժերը ոչ միայն սակավաթիվ էին, այլ նույնիսկ փամփուշտ չունեին: Ղարաբաղը Ադրբեջանին ենթարկելու փորձերը ձախողվում էին: Ղարաբաղի հայոց Ազգային խորհուրդը մնում էր անդրդվելի: Սուլթանովի նպատակն էր ջարդի, բռնության, ահաբեկման միջոցով ծնկի բերել Ղարաբաղը և նա սկսում է Շուշիից: Հունիսի 4-5-ը հրաձգության ժամանակ երկուստեք լինում են վիրավորներ, զոհեր: Շուշիի անգլիական միսիան հայկական կողմին ներկայացնում է Սուլթանովի նոտան կրակը դադարեցնելու պայմանը` հեռացնել քաղաքից Ազգային խորհրդի անդամներին: Հունիսի 5-ին Խորհրդի երեք անդամներ թողնում են Շուշին: Կրակը դադարում է նաև մասամբ անգլիական զինվորների միջամտության շնորհիվ: Սակայն այն նոր ուժով բորբոքվում է Շուշիի մերձակա Ղայբալիշեն, Փահլուլ, Կրկժան գյուղերում, որոնք հունիսի 5-7-ի ընթացքում սրի, հրի ու թալանի են մատնվում: Ղայբալիշենի զոհերի թիվը հասել է 700-ի, գերազանցապես` խաղաղ բնակիչներ:
Ավազակային գործողությունը ղեկավարում էր գեներալ-նահանգապետ Խոսրովբեկ Սուլթանովի եղբայրը:

Կոտորածը Շուշիում 1920 թ. մարտի 22-26-ին

1920թ. հենց սկզբից նահանգապետ Սուլթանովը խախտելով 1919թ. օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագրի պայմանները, ավելի է սեղմում Ղարաբաղը շրջափակող օղակը` ոչ միայն կարևոր ռազմաավարական կետերում զորքի կուտակման, այլև թուրք բնակչությոանը զինելու միջոցով, որին նա նախապատրաստում էր պարտիզանական կռիվների համար:

1920 թ. ձմռանն ու գարնանը Սուլթանովը, ինչպես միշտ, տեղյակ էր Ղարաբաղում հայերի զինվածության աստիճանին, որը իրապես չափազանց թույլ էր թուրքերի հետ համեմատած: Նրա դեպեշաներից մեկում ասվում է. «Այս պահն, իմ կարծիքով, ամենահարմարն է Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական վերացման համար, քանի որ նրանց մոտ քիչ քանակությամբ փամփուշտներ կան»:
Հայերը նույնպես տեղյակ էին Սուլթանովի պատրաստություններին և փորձում էին դիմագրավել:

1920թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ Շուշիի թուրք բնակչությունը տոնում էր Նովրուզ Բայրամը, Շուշի է մտնում հայկական մի փոքր զորաջոկատ, որի մուտքը մշակված էր Ղարաբաղի ինքնապաշտպանության հրամանատարության կողմից: Սկսվում է հրաձգություն, որը և ազդանշան է հանդիսանում Շուշիի ողջ թուրք զինված բնակչության, ադրբեջանական բանակի զինվորների եւ քաղաքում կուտակված քուրդ ավազակախմբերի համար` հայկական մասի վրա հարձակման, թալանի, հրդեհի ու հայ բնակչության զարհուրելի սպանդի:
Կոտորածը սկսվելու առիթի վերաբերյալ կա նաև այլ վարկած, ըստ որի, մի թուրք սպա փորձում է զինաթափել մի երիտասարդ հայի և վերջինիս ներկայությամբ շոշափում է նրա կնոջը: Երիտասարդը սպանում է թուրքին, սակայն նրա ողջ ընտանիքը ոչնչացվում է սպային ուղեկցող ասկյարների կողմից: Հրաձգության միջոցին ասկյարները օգնություն են կանչում իրենց զինակիցներին ու հավատակիցներին:

Շուշիի մահմեդական մասը, քաղաքում գտնվող զորքը, դրսից եկած ջոկատները սպանության ու թալանի մոլուցքով բռնված երեք օր շարունակ անխնա կոտորում, հրդեհում, ոչնչացնում, թալանում են քաղաքի հայկական մասը: Ոչ ոք չէր կարող հաշվել զոհվածների ու հրաշքով փրկվածների թիվը: Կրկին նշենք, որ 1914թ. տվյալներով Շուշիում ապրում էր ավելի քան 22 հազար հայ, իսկ 1921թ. նրանց թիվը 300 էր:
Վավերագրերը ավելի քան բավարար հիմքեր են ընձեռում պնդելու, որ Շուշիի հայոց ջարդը լավ նախապատրաստված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, թուրքական փորձառու էմիսարների հրամանատարությամբ (Խալիլ փաշա):

1920թ. մարտի 29-ին Սուլթանովը հեռագրում է Ադրբեջանի ներքին գործերի մինիստրին ասկյարների երազանքի մասին. «Անկոտրում երազում են նվաճել Ղարաբաղը (“Упорно мечтают о завоевании Карабаха”)»:
Այդ երազանքը Շուշիին վերաբերող մասով` ոչնչացնելու իմաստով կատարված է: «Տեսածդ Էրմենիստանը այրված է, հինգ կամ տասը տուն պահեցինք...»: Նշանավոր հայերին սպանելուց հետո գլուխները կտրած բազարներում պտտեցնել էին տալիս...:
«Մեր կողմերում այլևս ոչ մի հայ չեք գտնի և ոչ էլ այնպիսի թուրքի կհանդիպեք, որ հարյուր հազարից պակաս թալան բերած լինի»: (Քաղվածքներ արաբատառ օսմաներեն նամակների բնագրերից)։

Շուշին կործանվելուց հետո (ապրիլ 1920թ. – հուլիս 1923թ.)

1920թ. մարտի 23-26-ի ընթացքում Շուշիի հայկական մասը հիմնովին կործանվում է: Դեպքերը անհետևանք չեն անցնում նաև թուրքական մասի համար: 1921թ. տվյալներով Շուշիում ապրում էր մոտ 8 հազար շունչ թուրք, իսկ հայերի թիվը կազմում էր մոտ 300:

Ծաղկուն քաղաքի ավերակները առաջին այցելուների, նախկին շուշեցիների վրա թողնում են սահմռկեցուցիչ տպավորություն: Ավերակների փոշին ու դիակների ծանր օդը դեռ նստած էին քաղաքի վրա: Նորաստեղծ ազերական Հեղկոմը նույնիսկ թույլ չէր տալիս հայ տանտերերին Շուշիից տեղափոխելու սեփական տան ծածկույթ-թիթեղը, պատճառաբանելով, որ այն պատերազմական ավար է:
Խորհրդային իշխանություն Ադրբեջանում հաստատվում է 1921-ի ապրիլի վերջին:

Հայկական մասում հրդեհներից փրկված ու համեմատաբար բարվոք վիճակում մնացել էին 750-800 տներ, որոնք թեթև վերանորոգումից հետո կարող էին պիտանի լինել ապրելու համար: 400 շուշեցի հայերի ստորագրությամբ Շուշի վերադառնալու համախոսական խնդրանքը` իրենց սեփական տները վերանորոգելու և ապրելու, իշխանությունները մերժեցին:

1920-1921թթ. մինչև հուլիս ամիսը Շուշին, ողջ Ղարաբաղը, փաստորեն շարունակում էին մնալ կիսանկախ, Հայաստանի իրավասության ներքո: Միայն 1921թ. հուլիսի 5-ի Ռուսաստանի Կ(բ)Կ ԿենտԿոմի Կովկասյան բյուրոն որոշում է ընդունում Ղարաբաղին տրամադրել լայն ինքնավարություն` Ադրբեջանի կազմում, Շուշին հռչակվում է ինքնավարության վարչական կենտրոն: Ինքնավարության հարցը Ադրբեջանը որոշում է երկու տարի անց` 1923թ. հուլիսի 7-ին, միայն վարչական կենտրոն հայտարարելով Խանքենդի (Ստեփանակերտը) ավանը:

1988թ. Շուշին ուներ 13.5 հազար բնակիչ, որից 2.2 հազարը` հայ (մոտ 15%): Հայերի մեծ մասը հարևան հայկական գյուղերից վերաբնակվածներ էին:

1989թ. հունվարի 1-ի խորհրդային մարդահամարի տվյալներով, երբ հայերի մեծ մասը վաղուց հեռացել էր Շուշիից, հայերի թիւը` 290 էր, որը և ադրբեջանական կողմը մինչ այժմ պաշտոնապես ներկայացնում է

Խորհրդային տարիներ

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի 1921-ի հուլիսի 5-ի պլենումի որոշման մեջ ասված է. «Ելնելով մահմեդականների և հայերի միջև ազգային խաղաղության անհրաժեշտությունից, Վերին և Ներքին Ղարաբաղի տնտեսական կապից և Ադրբեջանի հետ նրա մշտական կապից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում, նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն՝ ինքնավար մարզի կազմի մեջ մտնող ք. Շուշիում գտնվող վարչական կենտրոնով»:

Այսպես 1923թ. հուլիսին Ադրբեջանական ԽՍՀ կազմում հայտնվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ)։ Տարածքների փոխանցման և նոր ինքնավար կազմավորումների ստեղծման մասին որոշումների մեծամասնությունն ընդունվել են Ստալինի ճնշման ներքո, որին մինչ օրս թե՛ հայերը, և թե՛ ադրբեջանցիները մեղադրում են կամայական որոշումների ընդունման մեջ, որոնք հակասում էին իրենց ազգային շահերին։

1920թ-ից Շուշիի հայկական թաղամասի ավերակները ուրվականի պես կանգնած են մնացել ավելի քան քառասուն տարի։ 1930թ. բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը Շուշի կատարած այցելելության ժամանակ սարսափել է նրա ամայի և անխոս փողոցներից։ Իր բանաստեղծություններից մեկում նա հիշում է, թե ինչպիսի վախ ապրեց «քառասուն հազար մեռյալ լուսամուտներից»: Բանաստեղծի կինը՝ Նադեժդան, իր հիշողություններում գրել է, որ Մանդելշտամի մոտ տպավորություն է ստեղծվել. «Կարծես շուկայի մահմեդականներն այն մարդասպանների մնացորդներն են, ովքեր տասնյակ տարիներ առաջ ավերել են քաղաքը, միայն թե օգուտ դա նրանց չի բերել՝ լոկ արևելյան չքավորություն, հրեշավոր ցնցոտիներ, թարախային վերքեր դեմքեր»։

1921-ի մարտի իրադարձությունները Շուշիի համար դարձան մահացու։ Բնակչության քանակը նվազեց մի քանի անգամ՝ 67 հազարից մինչև 9 հազար (իսկ 1920թ. վերջին անգամ 5 հազար), և այդ ժամանակվանից ի վեր այն այդպես էլ չբարձրացավ 17 հազարից (1989թ)։ Շուշին կորցրեց իր ողջ նշանակությունը՝ Լեռնային Ղարաբաղի (ԼՂԻՄ) մայրաքաղաքը տեղափոխվեց Ստեփանակերտ, իսկ Շուշին դարձավ շրջկենտրոն։

Մինչև 1960-ականների սկիզբը հայկական մասը դեռևս ավերակների մեջ էր։ Ի վերջո 1961թ. Բաքվի կոմունիստական ղեկավարությունն ավերակների քանդման մասին որոշում ընդունեց, չնայած բազմաթիվ հին շինություններ դեռևս հնարավոր էր վերականգնել։ Քանդվեցին երեք հայկական և մեկ ռուսական եկեղեցի, քաղաքում կառուցվեցին անշուք «խրուշովյան» բնակելի տներ։

ԼՂԻՄ գոյության ողջ 65 տարիների ընթացքում Ղարաբաղի հայերն իրենց զգում էին որպես Ադրբեջանի կողմից զանազան սահմանափակումների օբյեկտ։ Դժգոհության հիմնական պատճառն այն էր, որ ադրբեջանական իշխանությունները դրությունը դիտավորյալ մղում էին մարզի և Հայաստանի միջև կապի խզմանը և վարում էին տարածաշրջանի մշակութային ապահայկականացման եւ ԼՂԻՄ-ից հայազգի բնակչությանը դուրս մղելու քաղաքականություն։ Ընդ որում` ասիմիլյացիայի էին ենթարկվում նաև հանրապետության մյուս ժողովուրդերը, օրինակ՝ քրդերն ու թալիշները, որոնք գրանցված էին որպես ադրբեջանցիներ և երկար ժամանակ Ադրբեջանում անցկացվող մարդահամարի ընթացքում չէին դիտարկվում որպես առանձին ազգություններ։

1979թ. մարդահամարը ցույց է տվել, որ ԼՂԻՄ բնակիչների ընդհանուր թիվը կազմում է 162.200 մարդ, որոնցից 123.100 հայեր (75.9%) և 37.300 ադրբեջանցիներ (22.9%)։ Մատնանշելով այս փաստը և այն համեմատելով 1923թ. հետ (94% հայ), ինչպես նաև նշելով, որ 1980թ. Լեռնային Ղարաբաղում անհետացան 85 հայկական գյուղեր (30%) և ոչ մի ադրբեջանական, հայերը մեղադրում էին Ադրբեջանի ղեկավարությանը խտրականության և դուրս մղման նպատակաուղղված քաղաքականության մեջ, պնդելով, որ Բաքուն մտադրված է լիովին դուրս մղել հայերին Լեռնային Ղարաբաղից այնպես, ինչպես դա արվեց Նախիջևանի ԱԽՍՀ-ում։

1987թ. ԽՍՀՄ-ում անցկացված ազգաբնակչության վերջին մարդահամարի տվյալներով Շուշիում կար 17 հազար մարդ, որոնցից 98%-ն ադրբեջանցիներ էին։ 1988թ. մայիսին վերջին հայ բնակիչները Շուշիից տեղահանվեցին։
Ժողովրդավարացման¦ և հրապարակայնության¦ քաղաքականության հայտարարմամբ Լեռնային Ղարաբաղի հարցը կրկին մտավ օրակարգ։ Ղարաբաղն ու Հայաստանը վերամիավորելու պահանջով հայերից ստացված անհատական և խմբային նամակների ալիքը հեղեղեց Կրեմլը։ Ղարաբաղում 1987թ. երկրորդ կեսից ակտիվորեն անցկացվում էին մարզը Հայաստանին միացնելու կողմնակիցների ստորագրությունների հավաքագրման արշավներ։

1988թ. փետրվարի 13-ից Ստափանակերտում տեղի ունեցան ԼՂԻՄ-ը Հայաստանին փոխանցելու պահանջով առաջին ցույցերը: Իսկ մեկ շաբաթ անց ցույցի էին դուրս եկել արդեն տասնյակ հազարավոր մարդիկ նաեւ Երեւանում։ «Պահանջում ենք Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդից իր նիստին քննարկել Հայաստանի ԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման հարցը և դրական որոշում կայացնել»։

Ազատագրումը

Անհրաժեշտությունն ու նախադրյալները

Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու սուրբ իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին: Դրանով Արցախյան շարժումը թևակոխել էր որակական նոր փուլ՝ վճռական բեկում էր մտցվել պատերազմում, և ԼՂՀ անկախությունը դարձել էր ավելի քան իրական:
Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր. ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 ազերական կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ¦ տեսակի կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն:

Ինքնապաշտպանության ուժերի 1991թ. վերջի և 1992թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար:
Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992թ. հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է ետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների:

Սակայն շարունակվում էին Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անխնա հրթիռա-հրետակոծությունները: Մոտ 1 շաբաթվա ընթացքում արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ: 1992թ. ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք:

Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակներում հայկական կողմը ձեռնարկել է նաև միջազգային հանրությանը դրան նախապատրաստելու դիվանագիտական աշխատանք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ-ին և մի շարք երկրների ղեկավարներին հասցեագրված ԼՂՀ ԳԽ փետրվարի 19-ի դիմումով նրանց ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վրա՝ մասնավորապես հիշատակելով Մարաղայի եղեռնագործությունը (ապրիլ, 1991թ.):

Մայիսի 1-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Ղարաբաղի ժողովուրդը սովահար է, զրկված ջրամատակարարումից, էլեկտրականությունից, դեղորայքից... Ուստի Շուշիի ազատագրումը Ստեփանակերտի և ողջ Լեռնային Ղարաբաղի շահերից բխող պարտադրված անհրաժեշտություն է: 1992թ. մարտ-ապրիլին, ի պատասխան այդ դիմումի, մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սայրուս Վենսը և ԵԱՀԽ լիազոր պատասխանատու Յ. Կուբիչը, Իրանի ԱԳ փոխնախարար Մ. Վայեզին, ՌԴ ԱԳ նախարար Ա. Կոզիրևը, ժամանել են տարածաշրջան: Սկսվել էր նաև բանակցային գործընթաց. Իրանի մայրաքաղաք Թեհրանում մայիսի 6-ին հանդիպել են ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, ԻԻՀ նախագահ Հ. Ռաֆսանջանին և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յ. Մամեդովը:

Ազատագրման ռազմական գործողությունը

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անց է կացվել 1992թ. մայիսի 8-ի լույս 9-ին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում:

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Ա. Տեր-Թադևոսյանը: Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դարիբալթայանը, Ս. Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զ. Բալայանը: Կապի, բուժօգնության, հրետանային նախապատրաստության, ինժեներական ծառայության աշխատանքները համակարգել են համապատասխանաբար Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ Օ. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը և ուրիշներ:

Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիջապես տեղեկացնում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը: Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարներ Ս. Բաբայանի, Ա. Կարապետյանի, Ս. Օհանյանի, Վ. Չիթչյանի և ուրիշների գործուն մասնակցությամբ:

Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենքի ու զինամթերքի քանակը:
Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել էր Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել էին իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները: Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից:

Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր: ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցան հարձակման:

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին ռազմական ստրատեգիայի բոլոր մանրամասներով. Ռազմական գործողության ելքը կանխորոշված էր արդեն մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան հայտարարված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:

Կեսօրին մոտ հարձակման անցան հակառակորդի ռազմական մեկ ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի շարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակն էր պայթեցնել Շուշիում թողնված զինապահեստները, իսկ դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել:
Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել էր Շուշին հակառակորդից 'մաքրման¦ գործողությունը։
1992 թւ. Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն արդեն լիովին ազատագրված էր թուրք-ազերիներից:

Շուշիի ազատագրման ռազմական եւ պատմական նշանակությունը

Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն աստիճանը, ինչը հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացմունքը, հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման արդյունք էր:

Շուշիի ազատագրումով վնասազերծվել են Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը: Հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան նշանակալի կորուստներ են կրել: Այդ ռազմագործողության մշակումն ու իրագործումն ապացուցել են հայ ժողովրդի ռազմական մտքի մշտարթուն կենսունակությունը և դարձել ԻՊՈւ-ի մարտական լուրջ մկրտությունը:

Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ շրջափակման օղակը և բացվել ԼՂՀ-ը ՀՀ-ին միացնող կյանքի ճանապարհը: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը: Շուշիի ազատագրումով վերջնականապես ամրապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը: Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ պատերազմի ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պատրվածի իր բարդույթը:

Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշոր նշանակություն և համաշխարհային հասարակության համար բացահայտել է Արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը:

Շուշիի ազատագրման ողջ մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր եւ 13 գերի: Շուշիի ազատագրման պատմական կարևորությունից և Ղարաբաղյան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակությունից ելնելով՝ ԼՂՀ ԱԺ-ն 1994 թւին սահմանել է «Շուշիի ազատագրման համար» շքանշան:

ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է «Շուշիի ազատագրման և հաղթանակի» օր:


Աղբյուր՝ Վիքիպեդիա