воскресенье, 19 августа 2012 г.

Նժդեհյան հավիտենարժեք դասեր...


Սպեղանի կսպասեր երկիրը մեր - նոր վերքեր ստացավ: Ներգաղթ կերազեինք - երկրաշարժի բերումով արտագաղթի վտանգը կա այսօր:
Գաղթ, պանդխտություն. ա՛հ, կսոսկամ այդ բառերեն, երբ կթերթեմ մեր գաղթականության տխուր պատմությո

ւնը: Ո՞ւր են ժամանակին Մոլդավիա, Վալախիա, Լեհաստան և այլուր գաղթած բազմահազար հայերը:
Նրանք - գիտենք այդ - նրանք հեծությամբ էին բաժնված հայրենի հորիզոններից, տանելով իրենց հետ և՜ եկեղեցական սպասներ, և՜ գրչագիր մատյաններ, և՜ հիշատակներ: Թողնելով հայրենի հողը` նրանք ուխտած էին չօտարանալ, չկորչել որպես հայ, բայց «կարելի՞ է գետի դեպի ծով թափվելը տեսնել և տարակուսել նրա խառնվելու և կորսվելու վրա»:
Գետերը` որքան էլ որ մեծ լինեն, թափվելով ծովերը` կկորչեն:
Նույնն է հայ գաղթականությունը այն ժողովուրդների նկատմամբ, որոնց հետ կխառնվի այսօր:
Ահա՜ թե ինչո՜ւ պիտի արգելել մի հատիկ իսկ հայու գաղթը երկրեն. իսկ այդ անելու համար չբավականանանք միայն կրկնելով օտար այցելուի սրտացավ երեք բառերը` գրված Անիի տաճարներից մեկի կիսակործան պատի վրա - «Եկա, տեսա, ողբացի»: Իսկ բնական աղետի մեր զոհերի ձեռքը պանդխտի ցուպը չտալու համար տանք այն ամենը, որով կարողանար վերաշինել իր ավեր երկիրը, որ վերապրել կարողանար:
Չողբանք միայն, այլ` անհրաժեշտ զոհաբերությամբ վե՜րջ տանք ողբերին մեր Հայրենիքի մեջ:
Չե՞ս կասկածում դու - տարաշխարհիկ հայություն, չե՞ս կասկածում, որ քո որոշ տարրերը դեռ չեն հասկացել, թե գաղութներում որպես հայ ապրելու, չձուլվելու համար պետք է նախ երկրի հայությունն ապրեցնել:
Վստա՞հ ես, արդյոք, թե դժբախտություն պիտի չունենաս վաղը քո շարքերում տեսնելու հայեր` չկատարված պարտականության կնիքը ճակատներին: Չե՞ս կասկածում - երանի՛ քեզ, քանզի միայն այսպիսով դու իրավունք պիտի ունենաս պահանջելու, որ աղետյալ եղբայրներդ շարունակեն կառչած մնալ հայրենի հողին:
Այո՜, դու պիտի չլքես երկիրդ, ժամանակավորապես դժբախտացած եղբայր, քանզի Հայաստանից դուրս ամենուրեք անիմաստ մահը, անհայտ գերեզմանն է սպասում հայ գաղթականին:
Ես ճանաչում եմ քեզ. դու չես գաղթի, երկաթե՜ ժողովուրդ, որին աստվածային տեսչությամբ - վկա քո պատմությունը - տրված է առասպելական փյունիկի` իր աճյունից վերածնվելու կարողությունը. դո՜ւ, անմահ ժողովուրդ, որի վրայով Արևելքի բարբարոս հորդաներն են եկել ու անցել, բայց և այնպես դու կաս ու կմնաս, դո՜ւ, քրտինքի հերոս ժողովուրդ, որի ստեղծագործ ձեռքը անդամալուծել դժվարացան անգամ Լենկթեմուրները` մեծ ու փոքր - դու պիտի վերաշինես ու շենցնես քո երկիրը:
Ես ճանաչում եմ քեզ` չար բախտի հետ պայքարի մտած անընկճելի ժողովուրդ, խորապես հաւատում քո մեծ ու երջանիկ ապագային և… կարոտով ու երկյուղածորեն համբուրում աշխատանքի մեջ կոշտացած ու սրբացած քո ձեռքը, քո հայրենաշեն ձեռքը: