воскресенье, 19 августа 2012 г.

ՄԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: ՄՈՒՇ

Մուշ — քաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մուշի գավառում: Մուշի գավառի կենտրոնն էր ու հայոց թեմակալի աթոռանիստը: Հիշատակվում Է նաև իբրև բերդ, ավան, գյուղաքաղաք և քաղաքագյուղ: Մուշ անունը ստուգաբանվել և իմաստավորվել է ամենատարբեր ձևերով: Ոմանք այն կապում են Հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ և այլն), ոմանք հայերեն «մշուշ»—ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ողջ Մուշի դաշտը: Գտնվում է Արևմտյան Եփրատի ձախ ափից ոչ հեռու, Մեղրագետի ձախակողմյան վտակ Մուշի գետի ափերին: Հարավային կողմում բարձրանում են Հայկական Տավրոս լեռնաշղթայի Սասունի լեռները, Ծիրկատար և, Կորդուխ լեռնագագաթներով, որոնց թեք սարալանջերի վրա ամֆիթատրոնաձև կառուցված էին 1—2 հարկանի կավաշեն, անշուք և տարրական հարմարություններից զուրկ, տափակ կտուրներով տները: Մուշի գետը քաղաքը բաժանում է 2 մասի: Նրա ջուրը ժամանակին աշխատացնում էր 10-12 ջրաղաց և ոռոգում քաղաքի ու նրա շրջակայքի բանջարանոցներն ու այգիները: Մինչև 1915 թվականը Մուշը ուներ 12 մեծ ու փոքր թաղեր ՝ Բերդի թաղ, Բրուտի թաղ, Դաշ մահլա, Դուզ մահլաէ Խուրդենց թաղ, Ձորի թաղ, Սուրբ Մարինեի թաղ, Մինարա մահլա, Ջիգրաշենի թաղ, Սուֆրա մահլա, Ջերին թաղ, Քյոթան մահլա: Քաղաքի կենտրոնում գտնվում Էր շուկան, որտեղ 19-րդ դարի վերջերին հաշվվում էին շուրջ 800 մեծ ու փոքր խանութներ, կրպակներ և արհեստանոցներ, որոնցից 500-ը պատկանում էր հայերին: Շուկան չուներ շատ թե քիչ կանոնավոր հատակագիծ, այն փաստորեն ներկայացնում էր խանութների ու կրպակների անկանոն դասավորված հավաքատեղի: Քաղաքի ծուռումուռ, նեղ ու կեղտոտ փողոցների շուրջը կառուցված տների մեծ մասը չուներ բակեր ու ցանկապատ: Դրա համար էլ փողոցներում լվացք անելը, ճաշ եփելն ու երեխա լողացնելը սովորական երևույթներ էին:Մուշը 1909 թվականին ուներ շուրջ 25000 բնակիչ, որից՝ հայեր 9000, մնացածը թուրք և քուրդ: Հայերը հողագործությունից, ծխախոտագործությունից և այգեգործությունից բացի զբաղվում էին նաև առևտրով ու արհեստագործությամբ: Արհեստներից տարածված էին խեցեգործությունը, կոշկակարությունը, դերձակությունը, ոսկերչությունը, դարբնությունը, ներկարարությունը, գորգագործությունը: Մուշի արհեստավորների արտադրանքը, մրգերը, գինին, ծխախոտը, գյուղատնտեսական մյուս մթերքները վաճառքի էին տարվում նաև հարևան գավառները: Քաղաքի շատ թե քիչ աչքի ընկնող շինություններն էին քարաշեն բաղնիքը, 2 իջևանատները, գավառի թուրք կառավարչի անճաշակ ու անճոռնի առանձնատունը , մուսուլմանական 2 մզկիթները (մեկը նախկինում հայկական եկեղեցի էր) և հայկական Ս. Ավետարանոց, Ս.Գրիգոր Լուսավորիչ, Ս. Կիրակոս, Ս. Հարություն, Ս.Մարինե , Ս. Սարգիս, Ս. Ստեփանոս, Ս. Փրկիչ եկեղեցիները, որոնց մեծ մասը կանգուն էին և գործում էին մինչև 1915 թ: Այս եկեղեցիներից ամենից շքեղն ու գեղեցիկը Ս. Մարինեն էր, իսկ ամենահինը՝ Ս. Փրկիչը, որը հիշատակվում է 851—852թթ դեպքերի առնչությամբ: Քաղաքի արևելյան կողմում՝ բարձունքի վրա,գտնվում էր Մուշի բերդը, իսկ նրանից ոչ հեռու՝ Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանի կամ սրբոց Թարգմանչաց դպրոցի հոյակապ շենքը, որը կառուցել էր մշեցի Մկրտիչ աղա Տեր-Հովհաննիսյանը 1850 թ: Ս. Մարինեի թաղում էին գտնվում կաթոլիկ հայերի առաջնորդարանը և Մուրատ Մխիթարյան վարժարանը: Այստեղ գործում էին նաև բողոքական հասարակության ժողովարանն ու դպրոցը: Գետի ափին կառուցված էր Հայոց առաջնորդարանի շենքը: Դուզ մահլա թաղում և Մուշի բերդում տեղավորված էին քաղաքի 3000-անոց թուրքական կայազորն ու զինապահեստները: Մուշի կրթական ու մշակութային կյանքում շատ կարևոր դեր էին կատարում Հայկական 5 թաղային և մեկ օրիորդաց դպրոցները, Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը և Պոլսի Հայոց պատրիարքարանի միջոցներով պահվող 2 որբանոցները: 1899 թ դպրոցներում սովորող աշակերտների թիվը մոտ 750 էր: 1863—65 թթ Մուշում լույս էր տեսնում «Լրատար Արծվիկ Տարոնո» լրագիրր Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ: Մշեցի հայերը քաջակորով, անձնուրաց և ազգային ավանդները սրբությամբ պահպանող հայրենասեր, գիտության և արվեստների մեջ որոշակի ձիրքեր ունեցող մարդիկ էին, որոնցից կարելի է հիշել հրապարակախոս, խմբագիր ու մանկավարժ Գ. Ս. Անդրեասյանին (1869—1906), հայ երգի անզուգական կատարող, «Տարոնի սոխակ» Արմենակ Շահմուրադյանին (1878—1939), հրապարսկախոս Մխիթար Աբրոյանին (1880 —1915), գյուղատնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ն. Ա. Մալաթյանին (1898—1377) և ուրիշների: Արևմտյան Հայաստանի հայության սոցիալ-տնտեսական և իրավական ծանր վիճակի հետևանքով 19-րդ դ վերջերից Մուշից նույնպես շատ հայեր էին պանդխտության գնում Կոստանդնուպոլիս , Ռուսաստան և այլ երկրներ: Շատերն էլ ուղղակի արտագաղթում էին ընտանիքներով, 1887 թ միայն մեկ ամսում Մուշից արտագաղթել էին 600 հայեր, իսկ ողջ գավառից հեռացածների թիվը այդ նույն ժամանակահատվածում հասնում էր 15 000 մարդու: Մուշի հայերի զանգվածային կոտորածը սկսվեց 1915 թ հուլիսի 10-ից: Քաղաքի և նրա շրջակայքի բնակչության մի զգալի մասը ոչնչացվեց, մի մասն էլ մեծագույն տառապանքներով տարագրվեց այս ու այն երկրները: Մշեցի տարագիրների որոշ խմբեր 1917—18 և 1927 թթ հաստատվել են ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Գետաշեն, Հոկտեմբերյան, Արագածի շրջանի Հնաբերդ և այլ գյուղերում: Մուշում և նրա շրջակայքում պահպանված հնագիտական նյութերը հաստատում են, որ այն Հայկական լեռնաշխարհի ամենահնագույն բնակավայրերից է: Այստեղ կան կիկլոպյան ամրոցի հետքեր, Վանի թագավոր Մենուա I-ի (810—786 թթ, մթա) սեպագիր արձանագրությունը ևն: Քաղաքի արևելյան մասում գտնվող պարիսպներով ու բուրգերով շրջապատված Մուշի բերդը 5-10–րդ դդ հաճախակի է հիշատակվում աղբյուրներում: Նրա հիմնադրումը ավանդաբար վերադրվում է Գայլ Վահան Մամիկոնյանին: Քաղաքի արևմտյան մասում են գտնվում նաև Մուշեղաբերդ, Հողաբերդիկ և Աստղաբերդ բերդերի ավերակները: Պահպանվել են Մուշում 13-15-րդ դդ գրված հայերեն մի քանի ձեռագրեր: Մինչև 4-րդ դ Մուշը պատկանում էր Սլկունի, իսկ հետո՝ Մամիկոնյան նախարարներին: 8-րդ դ Մուշը անցավ Բագրատունիներին, իսկ 851—852 թթ դարձավ արաբների դեմ ուղղված ժողովրդա-ազատագրական պայքարի կենտրոնը: 852 թ ձմռանը Մուշի Ս.Փրկիչ եկեղեցում Խութեցի Հովնանի ու նրա մարտիկների ձեռքով սպանվեց արաբ հրոսակների ղեկավար Յուսուֆը: XVI դ Մուշը նվաճվել է թուրքերի կողմից: 1860-ական թթ Մուշում նույնպես տեղի են ունենում հակաթուրքական զինված ելույթներ, որոնք, անշուշտ, կրում էին Զեյթունի դեպքերի ազդեցությունը: Այժմ Մուշը անշուք ու կիսավեր մի բնակավայր է, Մուշի նահանգի կենտրոնը: 1952 թ քաղաքն ուներ 7000 քուրդ և թուրք բնակիչ: Ներկայումս Մուշն ունի 70.000 բնակիչ որից 66.000 քուրդ, 1.000 թուրք, 3.000 հայ որոնք հիմնականում մահմեդական են:

Մուշից 10 կիլոմետր հարավ-արևելք է գտնվել Մշո Սուրբ Առաքելոց վանքը (այժմ ավերակ վիճակում):
 
Մշակեց Մուշեղ Խուդավերդյանը