воскресенье, 19 августа 2012 г.

ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ ` ՎԱՐԴԱՎԱՌ

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ հայ եկեղեցու տոնացույցի, տոնվում է զատիկից 14 շաբաթ հետո: Իր էությամբ այն բնապաշտպանական տոն է և գալիս է հազարամյակների խորքից: Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո և գեղեցկության դիցուհի Ատղիկի հետ, որի մեհյանին ուխտի էին գնում ահելները և ջահելները, փառաբանում
 ձոներգերով, բագինին վարդեփնջեր դնելով, զոհաբերություններ անելով:
Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում` պահպանելով իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի այլակերպության կամ պայծառակերպության տոնով: Պայծառակերպության տոնը նախապես տոնվում էր հայոց տոմարի տարեգլխին` Նավասարդ ամսի 1-ին օրը` օգոստոսի 11-ին: Հետագայում երբ 551 թվականին Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից կատարվեց հայոց տոմարի նորոգությունը, փոփխվեց և տոնի կատարման ժամանակը: Պայծառակերպության տոնը փոխադրվեց Զատիկից 14 շաբատ հետո եկող կիրակին: Զատկական շրջանի մեջ մտնելով` Վարդավառը անցավ շարժական տոների շարքը և կարող է նշվել 35 օրերի ընթացքում` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:
Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաև մատնանշում դրա խորհուրդները: Մի տարբերակով <Վարդավառ> բառը կազմված է <Վարդ> ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ այն նշանակում է <կրակավառ>, <հրավառ>: Եվ իրոք, հուլիսին, այսինքն Հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, մարդիկ զանգվածաբար ջրցանություն են կատարում և աստվածներից ջուր խնդրում:
 Տոնի համն ու հոտը կազմում էին համատարած ջրցանությունները: Վաղ առավոտից իրաի վրա ջուր էին լցնում բոլորը, ով ինչով կարող էր` հաշվի չառնելով ոչ տարիքը, ոչ սեռը, ոչ էլ հասարակական դիրքը: Ջուր էին շփում չխոսկան հարսները սկեսրայրի վրա, առօրյայում քավորի ներկայությունից խուսափող սանամայրն անգամ քավորի վրա: Եվ ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում, որովհետև այդ օրը ջուրը համարվում էր ամենազորեղ, ամենաբուժիչ: Այս ամենը ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով ու խաղերով: Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահար երիտասարդները աղավնիներ էին թռցնում, և եթե աղավնին 3 անգամ պտտվում էր սիրած աղջկա տնկակտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան:
 Մի փոքր այլ է պատկերը լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով է, և ջրցանությունը Վարդավառի տոնակատարության մեջ միայն խորհրդանշական իմաստ ունի: Այդտեղ գլխավոր դերը ավելի շատ տրվում է կենդանական զոհաբերություններին, հեռավոր ուխտագնացություններին, ուրախություններին ու խնջույքներին: Ժողովուրդը, մոտ 2 օրվա պաշար վերցնելով, տանելով զարդարված մատաղցու կենդանիներ, գնում է դեպի սրբազան աղբյուրները, դրանց մոտ զոհ մատուցում` հուսալով աստվածների բարյացկամությանը: