воскресенье, 19 августа 2012 г.

ՀՀ Ազգային հերոսներ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ունի շուրջ 15 ազգային հերոսներ: Նրանք են ՝ 

 Վազգեն Առաջին - Ամենայն հայոց կաթողիկոս:



Վազգեն Ա. (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին ք. Բուխարեստ (Ռումինիա): Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք։ 1937թ. ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ 1943թ. ստացել է վարդապետի կոչում, 1951թ. օծվել եպիսկոպոս։ 1929-43թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։ 1955թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում: Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին: Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու Պատմություն Արծրունյաց տան աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր: 1988թ. փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք: Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Ս. Սարգիս, Ս. Զորավոր, Ս. Հովհաննես, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Վախճանվել է 1994թ. օգոստոսի 18-ին: ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։ Վազգեն Ա անունով են կոչվում Վանաձորի թ. 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։ ՀՀ Ազգային Հերոս (28.07.1994): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 Վիկտոր Համբարձումյան 



Ծնվել է  1908թ. սեպտեմբերի 5(18)-ին ք. Թիֆլիս: Անվանի աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը։ 1934թ. Լենինգրադի համալսարանում հիմնադրել և ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1934-41թթ. եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրեն։ 1939թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, 1953թ.՝ իսկական անդամ։ 1947թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվել մինչև 1993թ., որից հետո դարձել է պատվավոր նախագահ։ 1946թ. հիմնադրել է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1988թ.։ 1961-64թթ. եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ, 1968-70 և 1970-72թթ. ընտրվել Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։ Մահացել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։ Հեղինակ է աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։ 1950-90թթ. բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1989թ. ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական Պատգամավորների Համագումարի պատգամավոր։ Ընտրվել է 20-ից ավելի ակադեմիաների պատվավոր անդամ, մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր։ Արժանացել է Ստալինյան մրցանակի (2), Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի և ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալի: Արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման (2), պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Սահմանվել է Վ. Համբարձումյանի անվան ՀՀ միջազգային մրցանակ աստղագիտության բնագավառում: Հայաստանի Ազգային Հերոս (11.10.1994): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիք շքանշանով:

 Ալեք Մանուկյան 



Ծնվել է 1901թ. հունիսի 20-ին ավան Քասաբա (Զմյուռնիա): Անվանի ազգային-հասարակական գործիչ, բարերար, արդյունաբերող: 1920թ.-ից ապրել է ԱՄՆ-ում: 1953-1989թթ. եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի նախագահ, 1970թ.-ից` ցկյանս, 1989թ.-ից` պատվավոր նախագահ: 1929թ. հիմնել է սեփական ձեռնարկություն, որը վերաճել է ավտոմասեր արտադրող «Մասկո» միջազգային ընկերության: 1968թ. 1 մլն. դոլար կանոնադիր կապիտալով հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակույթային հիմնադրամը: Մեծ գումարներ է նվիրաբերել եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային միություններին, մարզական ու երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին, օժանդակել տարբեր համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը եւ հայկական ծրագրերի իրականացմանը: Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգեբարձուների Խորհրդի պատվո անդամ` հիմնադրամին նվիրաբերել է ավելի քան 500 հզ. ամերիկյան դոլար, որի մի մասն ուղղվել է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու շինարարությանը եւ հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի: 1994թ. նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Մահացել է 1996թ. հուլիսի 11-ին ք. Դետրոյտ (Միչիգանի նահանգ, ԱՄՆ): Պարգեւատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման: Նրա անունով կոչվել են փողոցներ Երեւանում, Ստեփանակերտում, Մոնրեալում: Ստեփանակերտում տաղադրված է նրա արձանը: Հայաստանի Ազգային հերոս (14.10.1994): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 Մովսես Գորգիսյան




Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին ք. Երեւան: 1984թ. ավար՟տել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկա՟վար՟ժ՟ական ինս՟տի՟տուտի մշակույ՟թի ֆակուլտետի ռեժի՟սու՟րայի բաժինը: 1986-87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում: 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ եւ նրա «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիր: 1988թ. մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ: 1989թ. «Անկախ՟ության բանակի» հիմնադիրներից: 1989թ.-ից հան՟դես է եկել Հայոց անկախ պետականության վերա՟կանգն՟մանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով: Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտ՟պա՟նել է արցախահայու՟թյան արդարացի պահանջը: 1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվեց Արարատի շրջանի` Նախիջեւանին սահման՟ա՟մերձ գոտում. ադրբեջան՟ական զինյալներն իշխող բարձուն՟քից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակա՟վայրերը: Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատ՟ներից մեկը, առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք: Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն նա զոհվեց: Թաղված է Ծիծեռնակաբերդում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:


 Գեղազնիկ Միքայելյան 




Ծնվել է 1951թ. նոյեմբերի 16-ին գ. Լեռնարոտ (Աշտարակի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ)։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև` ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Եղել է  Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, աչքի է ընկել համարձակությամբ եւ ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությամբ: Արցախյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է ՀՀ Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի), Նոյենբերյանի (Ոսկեպար), Իջեւանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Սպանվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երեւանում։ Թաղված է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում: Ծագումով Սասունի Գելիեգուզան գյուղից էր: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:


 Մոնթե Մելքոնյան 



Ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին ք. Վայսիլիա (Ֆրեզնոյի մոտ, Կալիֆոռնիա, ԱՄՆ): 1978թ. ավարտել Է Բերկլիի (Կալիֆոռնիա) համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը: 1978թ. ընդունվել Է Օքսֆորդի համալսարան, սակայն չի ավարտել, մեկնել Է Լիբանան, քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել Բեյրութի հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը: 1980թ. մայիսից եղել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ) զլխավոր ռազմական մարզիչ: 1983թ. հեռացել Է ՀԱՀԳԲ-ից եւ հիմնել ՀԱՀԳԲ-Հեղափոխական շարժում կազմակերպությունը: 1990թ. հոկտեմբերից զինվորագրվել Է Արցախի պաշտպանությանը: 1991թ. սկզբին հիմնել Է Հայրենասիրական ջոկատը: 1992թ.-ից՝ Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար: Մասնակցել Է ՀՀ Իջևանի, ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: Ղեկավարել է Սարտունիի, Քարվաճառի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Զոհվել է 1993թ. հունիսի 12-ին գ. Մարզիլուի (Աղդամի մոտ) շրջանում: Թաղված Է Եռաբլուրում: Նրա անունով Է կոչվում ՀՀ ՊՆ ռազմական վարժարանը: ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղադրված Է նրա հուշարձանը: Նրա մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել գրքեր: 1994թ. Երևանում ստեղծվել Է ,Մոնթե Մելքոնյան, հիմնադրամը: ՀՀ բանակի փոխգնդապետ (հետմահու, 1994): Պարգեւատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու, 23.11.1993): Հայաստանի Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիք շքանշանով: Արցախի Հերոս (21.09.1999): Պարգեւատրվել է Ոսկե Արծիվ շքանշանով:


 Թաթուլ Կրպեյան 



Ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին գ. Արեգ (Թալինի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ): 1984-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ  ԶՈՒ-ում: 1987-1990թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1987թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը: 1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: 1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը սկսել են Կոլցո գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր: Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին: Զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Գետաշենում: ՀՅԴ անդամ (1990թ.): Թ. Կրպեյանի անունով են կոչվում ՀՅԴ արտասահմանյան մի քանի կազմակերպություններ, դպրոց` Արեգ գյուղում եւ Կովսական քաղաքում (ԼՂՀ Քաշաթաղի շրջան), փողոց` Թալինում, լսարան` Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, սահմանվել է նրա անվան կրթաթոշակ: Լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը (1993): Թաղված է Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 Վիտյա Այվազյան 




Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 29-ին գ. Սպանդարյան (Արթիկի շրջ., Շիրակի մարզ, ՀՀ): 1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1977-79թթ. ավագ տնտեսագետ է աշխատել Հայշինբանկում: 1979-81թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981-83թթ. աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում, 1983-88թթ.` Երեւանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ: 1983թ.-ից հեռակա սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում: 1988թ. աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել եւ ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն: Իրենց ամառանոցը թաքստարանի է վերածել` արգելված գրականությամբ, թռուցիկներով, պայթուցիկ նյութերով ու զենքերով: 1989թ. հունվարի 12-ին ձերբակալվել է Նուբարաշենի բանտում շուրջ մեկ ամիս: ՀՀՇ 1-ին համագումարում ընտրվել է վարչության անդամ, տնտեսական մասի պատասխանատու: Հայաստանի երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի առաջին անդամներից: Կամավորականներին հագուստով, պարենով, զենքով եւ զինամթերքով ապահովման պատասխանատուներից էր: 1990թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Զոհվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երևանում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:


 Ջիվան Աբրահամյան 



Ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին ք. Երեւան: Ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում` Աֆղանստանում եւ պարգեւատրվել «Արիության» մեդալով: ՀՀ ՆԳՆ Հատուկ գնդի 1-ին վաշտի հրամանատար: Ակտիվորեն մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի եւ ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: 1991թ. ամռանը մեկնել է Շահումյան: Խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնը մտավ Բուզլուխ եւ Մանաշիդ: Չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը` չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետեւ վախենում էր Բուզլուխի եւ Մանաշիդի անտառապատ փեշերից սպասվող հարվածներից: Ջիվանը դիրքից դիրք եւ զինվորից զինվոր անցնելով զեկավարում էր մարտը: Նման կազմակերպված դիմադրությունը խուճապի մատնեց ադրբեջանցիներին: Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալը եւ Վերինշենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ եւ Էրքեջ ձգվող Ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը: Նա ընկերների հետ դիրքավորվեց Շամփրապտուկի բարձունքը տանող ճանապարհին, փակեց այն: Նպատակ ունենալով գրավել բարձունքը` թշնամին հարձակման անցավ: 1991թ. հուլիսի 20-ին Ջ. Աբրահամյանը Նիկոլայ Հայրապետյանի եւ Վարդան Տերտերյանի հետ ընդունեցին իրենց կյանքի վերջին մարտը: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996):

 Յուրա Պողոսյան 




Ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին ք. Կոտովո (Վոլգոգրադի մարզ, ՌԴ): Մանկությունը եւ պատանեկությունն անցել է Ստեփանակերտում: Դպրոցական տարիքից տարվել է սպորտով եւ տեխնիկայով: Աշխատել է ավտոմեխանիկ: 1983թ. Ստեփանակերտում հիմնել է ավտոնորոգման արհեստանոց, որը հետագայում դարձավ արցախյան շարժման առաջին զինանոցներից: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվեցին 1990թ. Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին: 1991թ. դարձել է 4-րդ վաշտի հրամանատար: Մարտերում բազմիցս իրեն դրսեւորել է որպես հմուտ հրամանատար, խիզախ մարտիկ, հետախույզ եւ սակրավոր: Որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի մարտերին: Իր զրահամեքենայով Խանաբադի և Ասկերանի շրջանի մարտերում ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան: 1992թ. հունիսի 12-ին զոհվել է Ասկերան-Նախիջեւանիկ ճակատագծում: Թաղված է Ստեփանակերտում: Պարգեւատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով: Արցախի Հերոս (հետմահու, 2002): Պարգեւատրվել է «Ոսկե Արծիվ» շքանշանով:


 Կարեն Դեմիրճյան 




Ծնվել է 1932թ. ապրիլի 17-ին ք. Երեւան: Քաղաքական եւ պետական անվանի գործիչ։ 1954թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: 1954-58թթ. աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում կոնստրուկտորական խմբի ղեկավար: 1958թ. ընտրվել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար: 1959-61թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: 1962թ.-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն: 1966թ. ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, 1971թ.` 2-րդ քարտուղար, 1972թ.` ՀԿԿ ԿԿ քարտուղար: 1974թ. նոյեմբերից մինչև 1988թ. մայիս եղել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար: 1991-99թթ. եղել է Հայէլեկտրամեքենա գիտարտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1998 թ. առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: 1999թ. մայիսին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ: 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում նիստի ժամանակ դարձել է ահաբեկչության զոհ: 1974թ. սկսած բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX-XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգեւատրվել է ԽՍՀՄ Լենինի (2), Աշխատանքային Կարմիր դրոշի (3), Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, խորհրդային եւ այլ երկրների կառավարական պարգեւներով: Նրա անունով է անվանակոչվել Երեւանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, փողոցներ ՀՀ քաղաքներում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 27.12.1999): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:


 Վազգեն Սարգսյան 



Ծնվել է 1959թ. մարտի 5-ին գ. Արարատ (Արարատի մարզ, ՀՀ): 1979թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: 1979-1983թթ. որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: 1983-1986թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղար: 1986-1989թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես հրապարակախոսության բաժնի վարիչ: 1990-1992թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1992թ-1993թթ. ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ: 1993-1995թթ. ՀՀ պետնախարար: 26.07.1995-25.05.1999 կրկին ՀՀ պաշտպանության նախարար: 1999թ. հունիսի 11-ից ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Արցախի հերոս (1998): Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: Հայաստանի ազգային հերոս (27.12.1999, հետմահու): Անուրանալի է նրա դերը Հայոց ազգային բանակի ստեղծման գործում: Մեծ է դերը նաև Հայոց պետականության կերտման գործում: ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը: 2000թ. նրա անունով ՀՀ-ում և ԼՂՀ-ում անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը, զորամասեր:

   Քըրք Քըրքորյան 



Ծնվել է 1917թ. հունիսի 6-ին ք. Ֆրեզնո (Կալիֆորնիա, ԱՄՆ): Սերում է 1890թ. Խարբերդից (Արեւմտյան Հայաստան) ԱՄՆ գաղթած Գրիգորյանների ընտանիքից: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից: Զբաղվում է հյուրանոցային շինարարությամբ, կինո եւ ավտոմոբիլային արտադրությամբ: Տրասինդա Կորպորացիայի նախագահն է: Սպիտակի երկրաշարժից հետո եւ ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն. դոլար: Առաջին խոշոր հատկացումը` 14 մլն. դոլար, կատարել է 1993թ.` եռապատկելով «Ձմեռ 1993-94» վառելանյութի եւ ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած 7 մլն. դոլարը: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն. դոլար: 2001թ.-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն. դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման: Հայաստանի Ազգային Հերոս (27.05.2004): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 Շառլ Ազնավուր 




Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում: Աշխարհահռչակ երգիչ, դերասան։ Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի, նկարահանվել է 60 ֆիլմերում, վաճառվել է նրա ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ։ Մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա Քեզ համար Հայաստան, Նրանք ընկան (Ցեղասպանության 60-ամյակին), Ինքնակենսագրություն երգերը։ 1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009թ. մայիսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է և Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը: ՀՀ պատվավոր դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՈ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել ՀՀ-ում։ Արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւների։ ՀՀ քաղաքացի (26.12.2008): Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ Պարգեւատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Հայաստանի Ազգային Հերոս (27.05.2004): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:


 Նիկոլայ Ռիժկով 

 

Ծնվել է 1929թ. սեպտեմբերի 28-ին գ. Դիլեևկա (Արտյոմովսկի օկրուգ, Ուկրաինա): Հայտնի կուսակցական եւ պետական գործիչ: Ավարտել է Ուրալյան պոլիտեխնիկական ինստիտուտը: 1965-70թթ. եղել է «Ուրալմաշ»-ի գլխավոր ինժեներ, 1970-71թթ.` տնօրեն, 1971թ.-ից` գլխավոր տնօրեն, 1975-79թթ.` ԽՍՀՄ ծանր եւ տրանսպորտային մեքենաշինության նախարարի 1-ին տեղակալ, 1979-82թթ.` ԽՍՀՄ Պետպլանի նախագահի 1-ին տեղակալ, 1982-85թթ.` ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1985-90թթ.` ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ: 1998թ.-ից ղեկավարում է Կոորդինացիոն խորհուրդը, որը օժանդակում է հայրենական ապրանք արտադրողներին, որը միավորում է 130-ից ավել բնագավառների միություններ եւ ասոցիացիաներ: 1995թ. եւ 1999թ. ընտրվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր: 2003թ. սեպտեմբերին նշանակվել է Բելգորոդի մարզի ներկայացուցիչ ՌԴ Ֆեդերալ Ժողովի Ֆեդերացիայի խորհրդում: Պարգեւատրվել է «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» 4-րդ աստիճանի, Լենինի (2), Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի (2), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (2): 1998թ. ք. Սպիտակում կանգնեցվել է արձանը: ՀՀ Ազգային Հերոս (5.12.2008): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

Աղբյուր՝ http://www.mayrhayastan.am/