воскресенье, 19 августа 2012 г.

Տարոնականությունը որպես ազգային միության կամք

 Փաստելով, որ այսօրվա հայությունը զերծ է ամբողջականության զգացումից, որով և ազգային միության գիտակցումից, ինչպես նաև լինելով հատվածապաշտ և եսակենտրոն առաջնորդվում է նախանձի վրա հենված ներկուսակցական բարոյականով, Տարոնականությունը, իբրև սկզբունք որդեգրելով ներցեղային բարոյականը, ձգտում է արմատախիլ անել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը ներքին ճակատից տեղափոխել և կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ:

- Կա արտաքին ճակատ, որի վրա արժանապես կարելի է հերոսանալ,- նշանաբանում է Տարոնականությունը:
Միաժամանակ մատնանշելով այն վտանգավոր հանդուրժողականությունը և համակերպվելու տրամադրությունը, որոնք առկա են մեր մեջ ներքին թշնամիների ստոր նյութապաշտ, թուլամորթ հայրենասիրությամբ <հայ> կոչվողների ներկայության նկատմամբ, որոնք ցավոք առաջավոր դիրքեր են գրավում մեր ազգային կյանքում, Տարոնականության գաղափարախոսները գտնում էին, որ անհրաժեշտ է ամենից առաջ վերացնել այս արգելքները, որպեսզի կարողանանք հաջողությամբ դիմագրավել արտաքին արգելքները:
Որպես ցեղային միության կամք դավանող ուսմունք՝ Տարոնականությունը դեմ է դասակարգային բնույթի մտածելակերպին, որը կոչված է մասնատելու ազգային մարմինը. այն ապադասակարգային ուսմունք է: Այն ընդամենը ազգային միության քարոզ չէ. Տարոնականությունը սահմանում է ընդհանուր նպատակը և ցույց է տալիս ընդհանրական հավիտենական արժեքները՝ Ցեղը և հայրենիքը: Միայն այս գերնպատակի և ընդհանրական արժեքների շուրջ և դրանց ծառայելու կամքով է հնարավոր մեր ազգային միությունը:
Երկու կարևոր փոխկապակցված հասկացությունների՝ ազգային զգացումի և ազգային գիտակցության վերաբերյալ Տարոնականությունը ունի իր բացատրությունը.
1. Ազգային զգացումը արդյունք է ազգային հավաքական էության և առանձին անհատի մեջ հանդես է գալիս իբրև այդ հավաքական էությունից փոխանցված մասնիկ: Այս դեպքում անհատը բնազդաբար զգում է, որ ինքը կապված է մի հավաքականության և զգացումի՝ բնազդի թելադրանքով ապրում է այդ հավաքականության կյանքով՝ կենցաղով, բարոյականով և այլն:
Ազգի հավաքական գիտակցությունը ձևավորվում է նրա առանձին անհատների անջատ-անջատ գիտակցությունների միավորումով և ամբողջացումով: Անհատի ազգային գիակցությունը հենվում է նրա ազգային զգացումի վրա. դա է ամենասերտ կապը ազգի առանձին՝ անջատ-անջատ մասնիկների գիտակցությունների միջև: Այս դեպքում անհատը սկզբում գիտակցում է այն կապերը, որ կապում են իրեն ազգային հավաքականությունը, այն առանձնահատկությունները, որոնցով ինքը տարբերվում է մյուս ազգերից, գիտակցում սեփական արժեքը ազգային համալիրում, ապա գիտակցաբար կամենում է  պահպանել և զարգացնել դրանք՝ այդպիսով հավերժացնելով իր զգային անկրկնելիությունը՝ ամրապնդելով ազգի հավաքական միությունը:
Ըստ Տարոնականության գաղափարախոսների՝ Տարոնական գաղափարախոսության բնորոշ գծերն են՝

- Տարոնն է եղել ինչպես հեթանոսական, այնպես էլ քրիստոնեական Հայաստանի հոգևոր կենտրոնը:

- Տարոնում է ստեղծվել <Սասնա ծռեր> դյուցազնավեպը:

- Տարոնում են ծնվել հայ հոգևոր արժեքների 2 հսկաները՝ Մաշտոցը և Նարեկացին:

- Տարոնում հաստատվեցին հայոց ռազմուժի ասպետները՝ Մամիկոնյանները:

- Տարոնն է արևմտահայ ազատամարտի խռովարանը, ուր հիմնականում թրծվեցին և դիմագծվեցին այդ պայքարի ամենաինքնատիպ մարտիկները:


Մուշեղ Լալայան. <Ցեղակրոն և Տարոնական շարժումները>