воскресенье, 19 августа 2012 г.

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ և ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ: Փաստեր: Մաս առաջին:

«Մեղավորները, ովքեր մարդկանց սադրեցին ջարդերի /Սումգայիթում/, այս պահին` գրպանում պատգամավորի մանդատներ, նստած են Միլլի մեջլիսում»:

Իլյաս Իսմայլով, «Ադալյաթ» կուսակցության նախագահ, Ադր.ԽՍՀ նախկին /1988թ./ գլխավոր դատախազ «Զերկալո», 21 փետրվարի 2003թ.

Համաշխարհային հանրությունը վերջին 6 տարում անհաջող փորձեր է անում լ
ուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Մինչդեռ, միջազգային իրավունքի նորմերին խստիվ համապատասխանության հիման վրա նրա խաղաղ եւ վերջնական կարգավորման համար հարկ է հաշվի առնել այս հակամարտության ծագման առանձնահատկություններն ու պատճառները: Ղարաբաղյան հակամարտության գլխավոր տարբերիչ գծերից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը դե-յուրե երբեք չի պատկանել պետության տարածքային ամբողջականության սկզբունքի վրա հղում կատարող պետությանը` Ադրբեջանի Հանրապետությանը: Եվ այն հանգամանքը, որ միջնորդ պետությունները այսօր ելնում են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության կեղծ հղումից, ոչ այլ ինչ է, քան` տարածքային նվաճումների քաղաքականության քաջալերանք, Ադրբեջանի կողմից այդ հայկական մարզի նկատմամբ կրկնակի` 1921 թվականին եւ 1991 թվականին կատարված բռնազավթման արդյունքների ճանաչում:


Ղարաբաղյան հակամարտության երկրորդ, գուցե, ավելի էական տարբերակիչ առանձնահատկությունը, պայմանավորված է հակամարտության ծագման պատճառներով եւ նրա զարգացման բնույթով: Պատմական բազմաթիվ փաստերը հիմք են տալիս ասելու, որ տարածքային վեճի առաջացման սկզբից ի վեր /1918թ./ հայկական այդ տարածքի հանդեպ ադրբեջանական պետության իշխանությունը հաստատվել եւ պահպանվել է բռնությամբ` վերջինիս ամենադաժան եւ ամենաանմարդկային դրսեւորումներով: Ավելին, բոլոր հիմքերն առկա են պնդելու, թե 1918 թվականից ի վեր հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը եղել է օսմանյան կառավարության եւ նրա ժառանգորդների` երիտթուրքերի եւ քեմալական իշխանությունների կողմից իրականացվող բռնազավթողական ծրագրի բաղկացուցիչ մասը, ծրագիր, որը նախատեսում էր իսպառ բնաջնջել ոչ միայն Թուրքիայի իշխանության տակ գտնվող Արեւմտյան Հայաստանի, այլեւ Արեւելյան Հայաստանի բռնազավթված տարածքների` Ղարսի մարզի, Նախիջեւանի, Շիրակի, Զանգեզուրի եւ Ղարաբաղի հայ բնակչությանը:

Ըստ Հենրիխ Ֆիրբյուխերի վկայության ցեղասպանությունը կազմակերպվել եւ արտոնվել է պետական մակարդակով: «1915 թվականի ապրիլի 21-ին,- փաստագրում է հեղինակը,- թուրքական կառավարության կողմից հրաման պատրաստվեց հայ ժողովրդի բնաջնջման մասին, համապատասխան հրամաններ ստացան զինվորական եւ քաղաքացիական գերատեսչությունները: Թալեաթը եւ Էնվերը հաղթանակ տարան երկչոտ մեծ վեզիր, եգիպտական թագաժառանգ Սեիդ Խալիլ փաշայի նկատմամբ»:

Հեղինակը անհրաժեշտ է համարել մեջբերելու Թալեաթի որոշ հրամաններ` ի հավաստումն իր փաստարկների: Օրինակ, ահա թե ինչ էր ասված այդ հանցագործի կողմից Հալեպ ուղարկված 1915 թվականի սեպտեմբերի 15-ի հրամանում. «Ձեզ արդեն հայտնվել է, որ ջեմիեթի /կոմիտեի/ ցուցումով որոշվել էր իսպառ ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին: Նրանք, ովքեր հանդես կգան այդ որոշման դեմ, չեն կարող մնալ պաշտոնական աշխատանքում: Ինչքան էլ որ դաժան լինեն ձեռնարկվող միջոցները, պետք է վերջ տրվի հայերի գոյությանը: Ուշադրություն մի դարձրեք ոչ կանանց, ոչ երեխաների ու հիվանդների, ոչ էլ խղճի խայթի վրա»: Իսկ նոյեմբերի 23-ի հրամանում պահանջում էր. «աղտնի միջոցներով ոչնչացրեք արեւելյան նահանգների այն բոլոր հայերին, ում կգտնեք մեր մարզում»:

Այդ հանցավոր քաղաքականության հետեւանքով 1894-1923թթ. Թուրքիայի եւ Անդրկովկասի տարածքում ողբերգաբար զոհվեցին 2 միլիոնից ավելի հայեր, ամայացան Արեւելյան եւ Կենտրոնական Անատոլիայի /Արեւմտյան Հայաստան/ երբեմնի ծաղկուն, անծայրածիր տարածքները: Եթե թուրքական Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, տոգորված պանիսլամիզմի գաղափարով, հետապնդում էր հայերին /միայն 1894-96թթ. կոտորածի զոհ դարձան ավելի քան 300 հազար մարդ/ եւ մյուս քրիստոնյաներին, ապա թուրքական «Միասնություն եւ առաջադիմություն» /այսպես կոչված, երիտթուրքերի շարժում/ կուսակցությունը, որ Թուրքիայում իշխանության գլուխ եկավ 1908 թվականին, էթնիկ ազգայնականության` այսպես կոչված, պանթուրքիզմի գաղափարախոսության ուղեկցորդն էր,գաղափարախոսություն,որի համաձայն Թուրքիայում կյանքի իրավունք ունեն միայն թուրքերը. մնացած բոլոր էթնիկ խմբերը պետք է ենթարկվեն բռնի ուծացման, ոչնչացվեն կամ արտաքսվեն: