воскресенье, 19 августа 2012 г.

ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ ` ՆՈՐ ՏԱՐԻ


Ըստ հասած տվյալների՝ վաղնջական ժամանակներում հայերը Նոր Տարին դիմավորել են մարտի 2-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, ինչը պատահական չէր: Բնությունը հարություն է առնում գարնան սկզբին, այդ պատճառով հենց այդ օրն էլ հայ մարդը դարձրել է Նոր տարի և նշել ցնծալի տոնախմբությամբ, որով փառաբանել է բնության զարթոնքը, աղերսել աստվածներին, որպեսզի տարին բերքառատ դարձնեն: Այսօր էլ արիական որոշ ժողովուրդներ՝ պարսիկներ, աֆղաններ, իբրև տարեսկիզբ ընդունում են մարտի քսանմեկը:
  Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի մեկը՝օգոստոսի տասնմեկը: 

 Ըստ ավանդության Հայկ Նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին ու հետնորդներին: Այդ հաղթությունը ենթադրաբար տեղի է ունեցել մ.թ.ա. 2452 թվականի օգոստոսի տասնմեկին: Օգոսոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որ նշանակում է նոր տարի:
  18-րդ դարում՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի մեկը՝ համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ. թեև նույնիսկ մինչև տասնիններորդ դարի կեսերը հայկական շատ գավառներում (Սյունիք, Արցախ, Ուտիք) Նոր տարին շարունակում էր տոնվել օգոստոսին: Միայն 20-րդ դարի սկզբներից համընդհանուր դարձավ հունվարի մեկը, որպես տարվա սկիզբ տոնելը: Նոր տարին սկսվում էր դեկտեմբերի երեսուն-երեսունմեկին՝ ամանորյա խմորեղեն պատրաստելով: Խմորեղենի մեջ ամենագլխավոր դերը հատկացվում էր < տարեհացը>, որը տափակ հաց էր՝ երեսը զարդարված ընկույզով, չամիչով, սերմերով ու պտուղներով, որոնք արտահայտում էին առատության գաղափարը: < Տարի> հացի մեջ սովորաբար դնում էին դրամ կամ հուլունք և այն բաժանում ընտանիքի անդամների թվով: Ում բաժնի մեջ ընկներ հուլունքը, ենթադրվում էր, որ տան հաջողությունն ու բախտավորությունը այդ տարի նրա հետ է կապված: Մատենագիտական նյութերը վկայում են, որ հնում տարեհացը տասներկու մասի է բաժանված եղել իբրև տասներկու ամիսների խորհրդանշան: Տարեհացը կտրում էին մեծ հանդիսավորությամբ, տարեմուտի գիշերը:
Նոր տարվա սեղանի պարտադիր խմորեղենն էր նաև գաթան, որի երեսը զարդարում էին կենդանիների պատկերներով, կամ տաճարների նկարներով, հաճախ մատով փոսիկներ անելով:
  Գաթայից ու տարիից բացի Նոր Տարվա համար թխում էին զանազան ձևավոր հացեր՝ < Ասիլ-բասիլներ>, որոնք մարդակերպ էին և խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող աստվածներին՝ Նարին, Արա Գեղեցիկին, ապա նաև բերքի ու բարիքի հովանավոր աստվածներին: Դրանցով կատարում էին բազմապիսի գուշակություններ: Երբեմն տղամարդուն նվիրված ծիսահացը քսակի ձևով էին պատրաստում. եթե այն ուռչում էր, գուշակում էին հարստություն, եթե սմքում էր՝ հակառակը: Նույն ձևով պատրաստում էին <ցորենի հորեր>, <հյուսքեր>, սմբակներ>, <Կկոց>, <սղոց> Խոփ> և այլն:
 Ձևավոր հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլև շնորհավորում էին միմյանց տոնը և դրանցով  <կաղնդում> ջուրը: Նոր տարվա նախորդ գիշերը ամբողջ Հայաստանում լայնորեն տարածված էր ջուրը կաղնդելու սովորությունը: Կեսգիշերին կանայք և երիտասարդ տղամարդիկ իջնում էին գյուղի աղբյուրը և այն կաղընդում՝ շաղ տալով նրա մեջ սերմեր, պտուղներ կամ թրջելով ծիսահացը: Հավատում էին, որ ճիշտ կեսգիշերին ջրի տեղ աղբյուրից ոսկի է հոսում, բայց մի պահ ընդամենը, և աշխատում էին հենց այդ պահին աղբյուրից ջուր բերել:
 Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում քաջ հայտնի էր <կախու>, կախուկ, կամ գոտեկախի սովորույթը, որն Արևելյան Հայաստանում հայտնի էր նաև ճլոլանք անվամբ: Այս սովորույթի էությունն այն էր, որ երիտասարդ աղջիկներն ու տղաները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրի խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներն ուսին շրջում էին երդիկից երդիկ և,  դրանք չվանով երդիկից ցած իջեցնելով, բարեմաղանքի երգեր էին ասում և շնորհավորում տնեցիներն: Տանտիկինը պարտավոր էր լցնել տոպրակը մրգով, չիր ու չամիչով, գաթայով: Ի տարբերություն Հայաստանի մյուս շրջանների՝ Արցախում և Սյունիքում գոտեկախի սովորույթը հայտնի էր հակառակ տարբերակով: Այստեղ ընդունված էր ընկույզի, չոր մրգերի ու եփած հավերի շարան պատրաստել, որը կոչվում էր ճլոլանք և հարազատների, ավելի հաճախ՝ խնամիների երդիկներից ցած իջեցնել: Նշանված աղջիկներն իրենց հերթին Ճլոլանք էին իջեցնում նշանածի տան երդիկից և փախչում. եթե տնեցիներից որևէ մեկին հաջողվում էր բռնել հարսնացուին, ապա նա պարտավորվում էր մտնել փեսացույի տունը, հյուրասիրվել և նոր գնալ:
Հաջորդ օրը, հունվարի մեկին, մեծերն այցելում էին միմյանց և շնորհավորում խնձորով, ընկույզով ու նարնջով: Գյուղերում տան տղամարդիկ պարտադիր կերպով գնում էին շնորհավորելու քահանային և գյուղապետին՝ տանելով իրենց հետ միրգ ու ըմպելիք: Շնորհավորում էին բոլորը բոլորին. Քահանան՝ հավատացյալներին, ծնողները՝ զավակներին, ուսուցիչները՝ աշակերտներին և հակառակը, զոքանչը՝ փեսային, սկեսուրը՝ հարսին, բայց միայն մի բացառությամբ. ամուսինը կնոջը չէր շնորհավորում և նվեր չէր տալիս՝ ամոթ համարելով:
  Հետաքրքիր է, որ Պոնտոսի շրջանում տանտերը մի ձիթենու ճյուղ էր կտրում, բերում տուն այն՝ իբրև կաղանդի ծառ, զարդարում կաղնիներով ու ընկույզներով, իսկ առավոտյան տանում էր եկեղեցի՝ քահանային օրհնել տալու: Կաղանդի ծառի այս օրինակը տոնածառի հայկական տարբերակն է, մանավանդ, որ հայերը ունեին ծառով տունը զարդարելու սովորույթը՝ ծառզարդար- ծաղկազարդ:
Ընդհանրապես Նոր տարվա սեղանին պարտադիր էին յոթ տեսակ միրգը և յոթ ճաշատեսակները:
Ամանորյա սովորույթների մի մասն անմիջականորեն կապվում է կրակի, ծառերի ջրի  պաշտամունքների հետ: Հայաստանի որոշ շրջաններում ընդունված էր կաղանդի իրիկունը տան կրակարանը կամ օջախը կաղնդելու սովորությունը: Գերանը, որ վառում էին Նոր Տարվա նախորդ իրիկունը, կոչվում էր տարեմուտի քյոթուկ՝  <Լոռիում>, որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդում որպեսզի ապահովեին բերքի առատությունը և կանխեին կորուստը: Ավանդական սովորության համաձայն կաղանդի գիշերը շատերի տներում ճրագ էր վառվում <Տան խերն ու Բարաքյաթը> չփախչելու համար>:



Հոդվածի աղբյուրը` < Ազգային տոներ>