воскресенье, 19 августа 2012 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐ և ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Հայաստանի Հանրապետությունում նշվող տոները և հիշատակի օրերը սահմանվում են "Տոների և հիշատակի օրերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին:


Հայաստանում նշվում են հետևյալ տոները և հիշատակի օրերը`

Ամանոր և Ծննդյան տոներ - դեկտեմբերի 31-ից

հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն). ոչ աշխատանքային oրեր


Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` հունվարի 7-ին
ոչ աշխատանքային oր


Բանակի օր հունվարի 28
ոչ աշխատանքային oր
Մայրենի լեզվի օր` փետրվարի 21-ին

Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր փետրվարի 28-ին

Կանանց տոն - մարտի 8
(ոչ աշխատանքային oր)


Երգիծանքի և հումորի օր - ապրիլի 1

Մայրության և գեղեցկության տոն - ապրիլի 7

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր - ապրիլի 24
(ոչ աշխատանքային oր)


Աշխատանքի օր - մայիսի 1(ոչ աշխատանքային oր)


Երկրապահի օր - մայիսի 8

Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի և խաղաղության տոն -Մայիսի 9 

(ոչ աշխատանքային oր)


Ընտանիքի օր - Մայիսի 15


ՀՀ առաջին Հանրապետությանհռչակման տոն - մայիսի 28(ոչ աշխատանքային oր)


Երեխաների իրավունքների պաշտպանության օր հունիսի 1

Բռնադատվածների հիշատակի օր - հունիսի 14

Դատախազության աշխատակցի օր - հուլիսի 1

Սահմանադրության օր հուլիսի 5
(ոչ աշխատանքային oր)


Շինարարի օր - Օգոստոսի 11


Գիտելիքի և դպրության օր սեպտեմբերի 1

ՀՀ երրորդ Հանրապետության անկախության տոն սեպտեմբերի 21
ոչ աշխատանքային oր


Ուսուցչի օր - հոկտեմբերի 5

Թարգմանչաց տոն - Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը


Տեղական ինքնակառավարման օր - նոյեմբերի 10

Երկրաշարժի զոհերի հիշատակի օր - դեկտեմբերի 7

Թադևոս և Բարդուղիմեոս սրբերի օր - դեկտեմբերի 13

Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը
Սուրբ Էջմիածնի տոն Սուրբ Զատկից 64 օր հետո՝ 

կիրակի օրը


Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

ՄԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: ԷՐԶՐՈՒՄ(ԿԱՐԻՆ)

Էրզրում (թուրքերեն՝ Erzurum), Թուրքիայի նահանգներից մեկն է։ Նախքան Հայոց Ցեղասպանության շրջանը ունեցել է հոծ հայ բնակչություն։ Նահանգի մայրաքաղաքն Էրզրում քաղաքն է։
 Էրզրումն իր շրջակայքով հայտնի լեռնադահուկային հանգստի գոտի է։ Շրջապատող սարերը տարվա մեծ մասը ծածկված են ձնով, ինչը մեծ հնարավորություններ ստեղծում տուրիզմի համար։ Էրզրումը
հայտնի է իր ջրով, շատ մոտ է Եփրատ գետին։Էրզրումի հիմնադրումը վերագրում են Ք.ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է քաղաքի հայկական Կարին անունը։ Այն եղել է խոշոր արհեստավորական, գիտամշակութային կենտրոն, որտեղ ապրել ու արարել են հայերը։ Կարինը բոլոր ժամանակներում եղել է հայաշատ քաղաք։ Մինչև 4-րդ դարը Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում եղել է հայկական պետության կազմում, Կարինի գավառի կենտրոն։ 387 թվականին Հայաստանի առաջին բաժանմամբ անցել է Հռոմեական կայսրությանը և Կարինը կոչվեց Թեոդորոս կայսեր անունով` Թեոդուպոլիս։ 5-րդ դարից Կարինը կռվախնձոր դարձավ պարսիկների և բյուզանդացիների միջև։ 885 թվականին, Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո, Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ: Էրզրումը սահմանակից էր հարավից և հարավ-արևելքից Տրապիզոնի նահանգին ու Բաթումի մարզին, արևմուտքից՝ Երզնկայի բարձրավանդակին, արևելքից՝ Խարբերդի և Բիթլիսի նահանգերին, Բայազետի գավառին և Կարսի մարզին: Վարչական կենտրոնը Կարին (Էրզրում) քաղաքն է: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին նրա մեջ մտնում էին հետևյալ 9 գավառները՝ Բաբերդ, Բասեն, Դերջան, Էրզրում, Թորթում, Խնուս, Կիսկիմ, Սպեր, Քղի: Գավառն ուներ 1574 բնակավայր, 382300 բնակիչ, որից հայեր` 89934, մահմեդականներ՝ 287839, այլք՝ 4527 (ըստ Վ. Քինեի): 20-րդ դարի սկզբներին էրզրումի գավառում կար 22 արական և 18 իգական հայկական նախակրթական դպրոց` մոտ 1900 աշակերտներով և 70 ուսուցիչներով: Էրզրումի գավառի հայության մեծ մասը զոհ գնաց 1915—16 թթ Մեծ եղեռնի ժամանակ, իսկ կենդանի մնացածները գաղթեցին տարբեր երկրներ:
Էրզրումն ունի զով ու առողջարար կլիմա, առատ և սաոնորակ խմելու ջուր: Ձմեռն այստեղ երկարատև ու խստաշունչ է, ամառը` զով, կարճատև:
  Քաղաքի ծագումնաբանությունը կապվում է նաև Կարինիտես անձնանվան կամ նույնանուն ցեղանվան հետ: Կարինիտեսի մասին պատմական հավաստի տեղեկությունները պահպանվել են հունա-հռոմեական (1-ին դար) և հետագայի հայ պատմիչների գործերում: Երվանդունի, Արտաշեսյան և Արշակունի թագավորական դինաստիաների ժամանակ (6-րդ դ մ թ ա, 5-րդ դ մ.թ.) Կ Կարինի գավառի կենտրոնն էր: Նրա դերն ու նշանակությունը առանձնապես սկսում է մեծանալ 387 թվականի Հայասաանի առաջին բաժանումից հետ, որպես բյուզանդական մասի սահմանային կարևորագույն բերդաքաղաք: Բյուզանդիայի Թեոդոս II կայսեր (408—450 թթ) հանձնարարությամբ Անատոլ զորավարը 431 թ Կարինում կառուցում է նոր ամրություններ և կայսեր անունով քաղաքը կոչում Թեոդոսուպոլիս: Քաղաքի ամրություններն ու պաշտպանական կառռւյցները ընդարձակվում, վերակառուցվում են նաև Անաստաս I—ի (491–518 թթ) և հատկապես Հուստինիանոս I—ի (527-565 թթ) ժամանակ: 7—9-րդ դարերում Կարինը մերթ բյուգանդական, մերթ արաբական մասում էր գտնվում: Այդ շրջանում Կալիկալա և այլ անուններով շատ հաճախ հիշատակվում է նաև արաբական աղբյուրներում: 885 թվականին Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո այն նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ: 949 թվականին, սակայն, բյուզանդացիները այն նորից խլեցին հայերից, 1049 թվականին, երբ սելջուկ-թուրքերը հիմնահատակ կործանեցին Արծն քաղաքը, նրա կենդանի մնացած բնակիչները եկան ու հաստատվեցին Կարինում և այն իրենց հայրենի քաղաքի անունով կոչեցին նաև Արծն, որից և աոաջացան Կարինի թուրք–արաբական Արզն-Ռում (այսինքն՝ բյուզանդացիների Արծն), Արզրում, Էրզրում անունները: Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վռնդեցին Զաքարյաններր, իսկ 1242 թ քաղաքն անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ: 15-րդ դարում Կարինին հաջորդաբար տիրում են Կարակոյունլու և Աքկոյունլու վաչկատուն ցեղերը, իսկ 1514—ին այն գրավում է օսմանյան սուլթան Սելիմ I—ը: 19—20-րդ դդ. ռուսական զորքերը երեք անգամ ազատագրել են թուրքերից և երեք անգամ էլ ետ վերադարձրել: 1829 թվականի Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով, երբ Կարինը վերադարձվեց թուրքերին, ռուսական զորքերի հետ քաղաքից հեռացան ավելի քան 20000 հայեր, որոնք բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի, Լոռիի, Փամբակի շրջաններում: Կարնեցիներն իրենց նոր բնակավայրերից մի քանիսը վերանվանեցին Կա- րինի գավառիի գետերի անուններով: 1877—78 թթ ռուս–թուրքական պատերազմից հետո` սեպտեմբերի 7-ին, երբ քաղաքը կրկին թողնվեց, այնտեղից Անդրկովկաս գաղթեց 2000 ընտանիք: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կարինի հայ բնակչության զգալի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին: 1918 թ փետրվարի 26–ին քաղաքն նորից է անցնում թուրքերի ձեռքը: 1829 թթ. Կարինն ուներ շուրջ 130000 բնակիչ, որից հայեր` 30000, 1909-ին՝ 60000 բնակիչ, որից հայեր՝ 15000 (2500 ընտանիք): Հայերը հիմնականում բնակվում էին քաղաքի հյուսիսային և հյուսիս-արևմտյան թաղամասերում: Այստեղ էին գտնվում նաև ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, ու Ռուսաստանի հյուպատոսությունները :
 Որպես առևտրական գլխավոր մայրուղիների հանգուցակետում գտնվող քաղաք, Կարինը պատմական բոլոր ժամանակներում էլ ունեցել Է տնտեսական կարևորագույն նշանակություն: Առևտրական սերտ կապեր ուներ Կոստանդնուպոլսի, Տրապիզոնի, Թավրիզի, Երևանի, Թիֆլիսի հետ: 1856—71 թթ կառուցված Տրապիզոն —Բաբերդ—Կարին մոտ 300 կմ երկար խճուղին Է՛լ ավելի աշխուժացրեց կապը արտաքին աշխարհիի հետ: Սրանից հետո ավարտվեց նաև Կարին — Հասանկալա ճանապարհի կառուցումը: 1915 թվականին Կարինը երկաթուղային հաղորդակցություն ուներ Սարիղամիշի հետ: Այդ ճանապարհներով էին քաղաք բերվում մետաքս, բամբակյա նուրբ գործվածքներ, համեմունք, ապակեղեն, դեղորայք, բուսական յուղ, սուրճ, արդուզարդի առարկաներ և այլ ապրանքներ: Ներքին ու արտաքին առևտրով և արհեստագործությամբ հիմնականում զբաղվում էին հայերը: 20-րդ դ սկզբներին քաղաքն ուներ մի քանի շուկա, 12 հրապարակ, 32 քարավանատուն ու իջևան, 18 բաղնիք, 150 պանդոկ, 180 հացի փուռ: 1909 թվականին ավելի քան 3000 արհեստանոցների, խա նութների ու առևորական կրպակների համարյա կեսը պատկանում էր հայերին: Կարինի հայ արհեստավորները հռչակված Էին հատկապես ոսկերչության, դերձակության, դարբնության, զինագործության, որմնադրության, կաշեգործության, մուշտակագործության, պղնձագործության մեջ: Կարնեցի կանանց ձեռքով գործված գունագեղ ու նրբաճաշակ գորգերն ու արհեստագործական մյուս ապրանքները մեծ հռչակ ունեին Հայաստանի ու դրսի շուկաներում: 1870—ական թթ Կարինում կար ապուխտի (բաստուրմա) և մսի սուջուխի 4 տնայնագործական ձեռնարկություն, որոնք պատկանում էին հայերին: Այդ ժամանակ քաղաքում տարեկան մորթվում էր 5000 միայն խոշոր եղջերավոր անասուն: 19—րդ դ կեսերին Կարինում գործում էին նաև 6 կաշեգործական, մի քանի օղեթորման, ներկարարական և այլ ձեռնարկություններ:
 Քաղաքի մոտակայքում արղյունահանվում էր կերակրի աղ: 1880-ական թթ իտալացի կոմս Քոնտ դը Բիրզանին Կարինում հիմնեց ծխախոտի մշակման ձեռնարկություն, որի հումքի մի մասը բերվում Էր Տրապիզոնից: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գերմանացի կապիտալիստները իրավունք էին ստացել Կարինի շրջակայքում նավթի պաշարներ որոնելու: Կարինի հայերը մինչև 1880–ական թթ համեմատաբար ապրում էին տնտեսապես ապահով պայմաններում: Նրանք աչքի Էին ընկնում ջերմ հայրենասիրությամբ, ընտանեկան հարաբերությունների ավանդապահությամբ:
Կարինը 19-րդ դ-ում և 20-րդ դարի սկզբներին սովորական ասիական քաղաք էր, սակայն ուներ համեմատաբար լայն սալահատակված փողոցներ, հրապարակներ: Մեկ-երկու հարկանի քարաշեն ու կավաշեն տները զուրկ էին ամենատարրական կոմունալ հարմարություններից, որի պատճառով էլ հաճախ բռնկվում էին համաճարակներ: Քաղաքում մեծ ավերածություններ են եղել 728, 1659, 1791, 1843, 1850—52, 1861, 1901–02 թթ. երկրաշարժերի ժամանակ: 1861 թ երկրաշարժից զոհվել է 3000 մարդ:
Կարինը ջրառատ քաղաք է, այնտեղ բխում են շուրջ 500 հորդառատ ու սառնորակ աղբյուրներ: Աղբյուրներ կային փողոցներում, հրապարակներում և նույնիսկ մասնավոր տների բակերում: Ջրի մի մասն էլ քաղաք էր բերվում խողովակաշարով` Այծպտկունք լեռան լանջերից: Կլիմայի խստության պատճառով քաղաքում և շրջակայքի բանջարանոցներում մշակում էին միայն կարտոֆիլ, կաղամբ, գազար և կանաչիների մի քանի տեսակներ:
  Կարինը հայ մշակույթի ու լուսավորության խոշոր կենտրոն էր: Նրա ամենահին կրթական հաստատությունը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը հիմնադրել էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811 թ: Հետագայում այդ կրթարանը վերանվանվեց Արծնյան եռամյա երկսեռ վարժարան: 1909թ այն ուներ 334 աշակերտ, 9 ուսուցիչ: 19—րդ դ վերջերին ու 20-րդ դ սկզբներին Կարինում գործում էին նաև Աղաբալյան, Արծնյան (երկրորդ), Գալֆայան, Հռիփսիմյան, Մսրյան, Մսրյան հնգամյա և Տեր–Ազարյան դպրոցները: Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը (1881—1916 թթ): Մասնավոր դպրոցներում սովորողների հետ միասին, 1909 թ Կարինի հայ աշակերտների թիվը անցնում էր 2800—ից: 1878 թ Կարինում հիմնվել էր թատերական միություն: Մշակութային ընկերություններից հայտնի էին Ուսումնասիրաց, Անձնվեր, Վարդանանց, Ընկերասիրաց, Սիսական, Կրթական, Ազքատասիրաց ևն: Այդ ժամանակ Կարինում կար նաև 3 մանկապարտեզ: Մինչև առաջին Համաշխարհային պատերազմը Կարինում լույս էին տեսնում «Հառաջ», «Սիրտ», «Ալիքտ, «Երկիր», «Լույս» պարբերականներրը: 1870-ական թթ ք–ում լույս էր տեսնում նաև «Էնվարե շարգիե» 4 էջանոց թերթը, որի 2 էջը տպվում էր հայերեն, երկուսը թուրքերեն: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսից հետո Թուրքիայում Աբդուլ Համիդի սկսած հայահա- լած քաղաքականությունը պայքարի կոչեց նաև Կ-ի հայությանը: 1881 թ Խ. Կետեկցյանի, Հ. Աստուրյանի, Բ. Նավա սարդյանի, Կ . Նշկյանի ջանքերով այստեղ ստեղծվեց<<Պաշտպան հայրենյաց՚>> խմբակը, որր հետապնդում էր ազգային–ազատագրական նպատակներ: 1890–ական թթ կեսերին Արևմ. Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ շրջաններում սկսված հայկական կոտորածների ալիքները հասան նաև Կարին: Այստեղ կոտորածն սկսվեց 1895 թվականի հոկտեմբերի 18-ին: Մի քանի օրվա ընթացքում ավերվեցին, հրկիզվեցին ու կողոպտվեցին հայերի տները, արհեստանոցներն ու խանութները: Դաժանորեն սպանված հայերի թիվը 1000 մարդուց ավելի էր: Գերվեցին կամ առևանգվեցին հարյուրավոր կանայք ու երեխաներ:
Կարինի պատմական հուշարձանները գրեթե չեն պահպանվել: Այն, ինչ մնացել է, համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են: Դրանցից նշանավորը Սուրբ Աստվածածին եկեղեցին է: Այն կառուցվել է 1840 թվականին, 7-րդ դարի հին շինության տեղում: Հնում այս եկեղեցու մոտ էր գտնվում Քառասուն Մարտիրոսվածների վանքը: Սուրբ Աստվածածինը Բարձր Հայքի ամենագեղեցիկ ու ամենախոշոր շինություններից է: Այն կառուցված է, կարմրավուն, սրբատաշ ավազաքարով, որի գմբեթը հենվում է քարե ամբողջական կտորներից տաշված 20 սյուների վրա: Շենքն ունի երեք մուտք: Սրա մոտ գտնվում էր չափերով ավելի փոքր ևս մեկ եկեղեցի` Սուրբ Աստվածածին անունով, որտեղ Եզր կաթողիկոսի գլխավորությամբ (629-641 թթ) 629 թ. տեդի է ունեցել եկեղեցական ժողով: Հայոց եկեղեցիներում մինչև 1915 ք պահվում էին 13-18–րդ դդ տասնյակ հայերեն ձեռագրեր ու տպագիր գրականություն: Կարինի հայոց թեմական առաջնորդի նստավայրն էր: Քաղաքում գործում էին նաև հայ կաթոլիկների 2 եկեղեցիները, որոնցից մեկը կառուցվել է, 18–րդ դ` Աբրահամ ամիրա Ալավերդյանի միջոցներով: Սուրբ Աստվածածին եկեղեցիների մոտ էր գտնվում բարեկարգ ու պարսպապատ hայոց գերեզմանատունը, որտեղ պահպանվում էին 11—12-րդ դարերի տապանաքարեր: Կարինիի ուխտատեղիներից է ս Նշանը:
Քաղաքի շատ թե քիչ հետաքրքրություն ներկայացնող մուսուլմանական ճարտարապետական շինություններն են Չինլի մինարեն, Հախճապակյա մինարեն, Ուլուջամի մզկիթն են: Սրանք, որպես կանոն, կամ վերափոխված քրիստոնեական շենքեր են, կամ կառուցված են ավերված ու քանդված հայկական եկեղեցիների տեղում Կարինի միջնադարյան հայ գրչության նշա- նավոր կենտրոնն էր: Մեզ են հասել այստեղ գրված մի քանի ձեռագրեր. Կարինում են ծնվել աշխարհագիր Հակոբ Կարնեցին (17—րդ դ), Եղիա Կարնեցին, «Պաշտպան հայրենյաց» խմբակի ղեկավար Խ. Կետեկցյանր, գրող Առանձարը (Մեխակ Գույումջյան, 1876—1913 թթ), մշակութային գործիչ Շավարշ Գարագաշր (1893—1952 թթ), գրիչ ու մանկավարժ Հովհաննես Կարնեցին (18–19-րդ դդ), սովետահայ նկարիչ Ա. Ալեքսանյանը (1910—1942 թթ) և շատ ուրիշներ:
Արևմտյան Հայաստանի մյուս վայրերի հայերի նման ողբերգական եղավ նաև կարնեցիների ճակատագիրը: Երիտթուրքերը հայերի զանգվածային ջարդն այստեղ իրականացրեցին 1915 թ հունիսի 14—15-ին և հուլիսի 26–ին: Կենդանի մնացած ների փոքրաթիվ խմբերը խուսափելով կոտորածից, մի կերպ փախան զանազան կողմեր: Թուրքական տվյալներով 1860—ական թթ քաղաքի շուրջ 90000 ազգաբնակչության մեջ հայերի թիվը կազմում էր 25.000—30.000 մարդ:


Գարեգին Նժդեհ (կենսագրություն)



Գարեգին Նժդեհը (Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան) հայ պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ, իմաստասեր է: Ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին հայոց Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, իսկ այնուհետև այն փակվելուց հետո ուսումը շարունակել է Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, այնուհետև Թիֆլիսի գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում է 17 տարեկան հասակից միանում է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետև մեկնում է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելով թողնում է ուսումը և ամբողջովին նվիրվում է հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի և սուլթանության:
1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի բարձրագույն սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով 1907 թվականին վերադառնում է Հարավային Կովկաս:
1907 թվականին մտնում է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Հարավային Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: բանտում մնալով ավելի քան 3 տարի, այնուհետև անցնում է Բուլղարիա:
Երբ 1912 թվականին սկսվեց բալկանյան պատերազմը, Նժդեհը Անդրանիկ Օզանյանի հետ միասին հանդիսանում էր հայկական վաշտի հրամանատարներից մեկը: Առաջին աշխարհամարտի նախօրյակին, <ներման> արժանանալով ցարական իշխանությունների կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ թուրքերի դեմ մղվելիք մարտերին մասնակցելու նպատակով: Առաջին աշխարհամարտի տարիներին, լինելով զորավար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի օգնականը, Նժդեհը 1913 թվականի գարնանը  վարում էր Ալաջայի բնակավայրի մոտ գտնվող Անիի շրջակայքում մղվող կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռեց հայկական նահանջող զորամասերին առանց կորուստների անցնելու Ալեքսանդրապոլ՝ միաժամանակ իր մարդկանցով ապահովելով Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող  արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից:
Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը: Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ՝ Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ: Տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականացվող Վանաձորի եռօրյա հերոսամարտով հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը և այդ կամքի զորացման գործում անուրանալի է Նժդեհի դերը: վանաձորում մղված կռիվների համար (ի դեպ որի ժամանակ վիրավորվել է Նժդեհը) Նժդեհը արժանացել է քաջության ամենաբարձր շքանշանի:
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո՝ 1918 թվականի վերջին, Նժդեհը նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից նշանակվում է Կապանի, Արևիքի և Գողթանի ընդհանուր հրամանատար:
Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին:
Մասնավորապես երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությանը, Նժդեհը մերժեց այն և փոխարենը սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը:
Համաձայն 1920 թվականի օգոստոսին բոլշիևիկների և Հայաստանի միջև կնքված զինադադարի՝ Զանգեզուրը, Արցախև և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին Կարմիր բանակի կողմից: Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը:
1920 թվականի օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը: Պայքարելով գերակշիռ 11-րդ Կարմիր բանակի դեմ՝ Նժդեհը թողնում է Զանգեզուրը միայն այն ժամանակ, երբ երաշխիքներ է ստանում, որ այն մնալու էր Խորհրդային Հայաստանի կազմում:
1921 թվականին Նժդեհը իր զինակիցներով մեկնում է Պարսկաստան: Այնուհետև 4 ամիս հետո տեղափոխվում է Բուլղարիա:
1923 թվականին լինելով Բուխարեստում՝ Նժդեհը տեղի <Նոր արշալույս> թերթում հանդես է գալիս <Իմ խոսքը- թե ինչու ձեռք բարձրացրի խորհրդային իշխանությունների դեմ> հոդվածաշարով: Այդ տարիներոին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը 1923-1925 թթ.ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի <Հայրենիք> ամսագրում:
1924-1925 թթ. Նժդեհը հրապարակումներ է ունենում  Պլովդիվում լույս տեսնող <Հայաստան> դաշնակցական թերթում: Մասնավորապես 1924 թվականին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա <Էջեր իմ օրագրեն>-ից, որը նույն տարի լույս է տեսնում Կահիրեում արդեն առանձին գրքույկով:
1926 թվականին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող <Արաքս> թերթում, ուր տպագրվում է նրա <Բաց նամակներ հայ մտավորականությանը> շարքը:
1933 թվականի ամռանը Նժդեհը Դաշնակցության ժողովի ընդհանուր որոշումով մեկնում է ԱՄՆ: Ժողովի որոշման համաձայն Նժդեհի հետ ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար բեյի սպանությանը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից էր): Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում: ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով:
1935 թվականին Նժդեհը լույս ընծայեց <Ամերիկահայությունը - ցեղը և իր տականքը> աշխատությունը՝ միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային:
1937 թվականին Հայկ Ասատրյանի հետ միասին Պլովդիվում սկսում են հրատարակել <Ռազմիկ> ազգայնական թերթը:
1937 թվականին Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի <Իմ պատասխանը՚> գիրքը, որը նվիրված էր Սյունիքի հերոսականին:
Այնուհետև 1938-1939 թթ. Հայկ Ասատրյանի հետ միասին ձեռնամուխ է լինում Տարոնական միասնության գաղափարախոսության ստեղծմանը և հրատարակում են ՙ<Տարոնի արծիվ՚> շաբաթաթերթը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Նժդեհը ձերբակալվում է խորհրդային ուժերի կողմից և 1955 թվականին տեղափոխվում է Վլադիմիր քաղաքի բանտը, որտեղ մահանում է 1955 թվականի դեկտեմբերի 21-ին: 

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: ՆՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ժամանակակից քաղաքական գաղափարախոսությունների մեջ իր ուրույն տեղն ունի պահպանողականությունը, որը, որպես քաղաքական ուղղություն, իր հերթին բաժանվում է երեք հոսանքների` ավանդական պահպանողականություն, լիբերտալիստական պահպանողականություն և նոր պահպանողականություն: Պահպանողական հոսանքներից պատմականորեն առաջինը ձևավորվել 
է ավանդական թեքումը: Ավանդական պահպանողական ուղղության գաղափարական հիմքերը արտահայտված են Բերքի, Մեսթրի և Բոնալդի դրույթներում: Ավանդականները շեշտը դնում են դասական շուկայական տնտեսության և բարոյական ավանդույթների պահպանման վրա: Ի տարբերություն Նոր աջերի, ավանդականները հիմնվում են ոչ թե հասարակական կյանքում պետության միջամտության չափը որոշելու վրա, այլ որպես այդպիսին, պետության դրսևորման կարևորագույն գործոն են համարում իշխանության հեղինակության արմատավորումը` իշխանությունը համարելով բոլոր ազատությունների նախապայմանը: Նրանք ժամանակակից <<արտադրողական հասարակությունը>> դիտարկում են որպես ընդհանուր հնազանդության սուբյեկտ, որտեղ իրական ազատությունները ապահովվում են ուժեղ պետության առկայությամբ: Նրանց գաղափարախոսությունը հանգում է մարդկանց կամքից անկախ գործող բնական գործոնների նկատմամբ համոզմունքի, ըստ որի մարդկային հասարակությունը <<հոգևոր միություն>> է, ուստի հասարակության կենսունակությունը ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել պատմական ավանդական արժեհամակարգի հաջորդականությունը: Հասարակության ձևափոխումները չպետք է արագացվեն և ընթանան արհեստա¬կան ճանապարհով, քանի որ դրանք իրականանալու են բնական ճանապարհով: Ահա այստեղ է, որ բավականին համադրելի եզրեր են գտնում ավանդական պահպանողական և ազգայնական գաղափարախոսությունները: Սակայն չպետք է մոռանալ, որ եթե ազգայնականությունը կարելի է դիտարկել որպես Ազգ-ենթահամակարգի կենսաապահովման հայեցակարգ, ապա ավանդական պահպանողականությունը պետք է բնորոշել որպես պետություն-ենթահամակարգի կենսաապահովման աշխարհայացք: Ազգայնականությունը նախասկզբնական հավատամքի հետևորդ է, պահպանողականությունը` դասական կրոնի կողմնակից և ընդ որում, վերջինիս կազմակերպման ձևը` եկեղեցին, ավելի է կարևորում քան կրոնը: Ազգայնականի համար պետության կառուցվածքը, կառավարման համակարգն ու տնտեսական կառավարման ձևերը առաջնային չեն, կարևորը` դրանք ծառայեն ազգին: Պահպանողականությունը մասնավոր սեփականության համոզված կողմնակից է, շուկայական տնտեսության ջատագով, պետական կարգի և իշխանության կառուցվածքի վերաբերյալ ունի որոշակի պատկերացումներ: Ազգայնականությունը յուրաքանչյուր անհատի դիտարկելով Ազգ հասկացության համակարգում, չի ընդունում սոցիալական բևեռացումը, մինչդեռ պահպանողականությունը, առաջ քաշելով անհատի` որպես ինքնին կարևորագույն գործոնի, որը պետք է վստահի սեփական ուժերին, կիրառում է մի կառուցակարգ, որը բերում է մրցակցության, ուժերի գերլարումի, ինչը բարձրացնում է ուժեղներին և իջեցնում` թույլերին: Սակայն, չնայած ազգայնականության և պահպանողականության էական տարբերություններին, դրանք անլուծելի հակասությունների բնույթ չեն ընդունում. ավելին` զարգանալով դրույթ-հակադրույթ-համադրույթ տրամաբանության մեջ, տալիս են նոր որակ, օրինակ պահպանողական հեղափողության գաղափարը, որի նպատակն է ապագայում վերականգնել օրինակելի անցյալը` ստեղծելով այն ինչն արժանի է պահպանման: Պահպանողականության հաջորդ տարատեսակը, կամ զարգացման հաջորդ փուլը դա Լիբերտալիստական պահպանողականությունն է, որը մի կողմից ընդօրինակում և շարունակում է ազատության ձգտումը, մյուս կողմից` բացառում ազատ ձեռներեցության, անհատական ու ընտանեկան տնտեսության էռոզիան, որպես սոցիա¬լա¬կան կարգերի մոդել ընդունելով ազատ հասարակական պայմանագրի կիրառման արդյունքում հաստատված <<գործատու-աշխատող>> կարգը: Լիբերտալիստները, հանդես գալով որպես ազատ ձեռներեցության, կարգ ու կանոնի, օրինականության ավանդական սկզբունքների ջատագովներ, դուրս եկան լիբերալ-ռեֆորմիզմի <<պետության համընդհանուր բարեկեցություն>> գաղափարի դեմ` համարելով այն սոցիալիզմի տանող ուղի: Նրանց կարծիքով ժամանակակից չարիքների առաջացման պատճառը դա պետության կողմից ազատ շուկայական սկզբունքների անտեսումն է: Լիբերտալիզմի հիմքում ընկած է մարդու, որպես իր կյանքը միանձնյա կարգավորող սուբյեկտի, իր գործողություններում ազատ լինելու գաղափարը: Նրանք հասարակությունը դիտում են որպես ինքնավար անհատներից կազմված պարզ մեխանիզմ: Պետական քաղաքականության կարևորագույն լծակ էին համարում հավատն ու հարգանքը ավանդույթների նկատմամբ: Պահպանողական գաղափարախոսության հոսանքներից համեմատաբար նոր ուղությունը դա նոր պահպանողական գաղափարախոսությունն է: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կասկածի տակ դրեց այն դրույթը, թե տնտեսությունը, սոցիալական հարաբերություններն ու հոգևոր ոլորտը պարունակում են ավտոմատ կերպով գործի դրվող և կայունացնող համապատասխան տարրեր: Հասկանալով, որ տնտեսական ճգնաժամի և քաղաքական խնդիրների հիմնական պատճառը պետության անկառավարելիությունն է, որ առաջացել է լիբերալիզմի ազդեցության տակ ընկած քաղաքացիների անհնազանդության և իշխանությունների պասիվության պատճառով, նոր պահպանողականները իրենց գաղափարներն ու ավանդական արժեքները համապատասխանեցրեցին հասարակության ինդուստրիալ զարգացման ներկա փուլի պահանջներին: Մարդկանց սոցիալական բևեռացման, տեխնիկական միջավայրից նրանց կախվածության խորացման, կյանքի արագացող տեմպերի, հոգևոր և էկոլոգիական հավասարակշռության խախտման պայմաններում նոր պահպանողականները առաջարկեցին ընտանիքի ու կրոնի, պետության ու սոցիալական կայունության գերակայություն: Ընդ որում սոցիալական կայունության գերակայությունը պետք է հենվի հասարակության ու պետության փոխօգնության, փոխադարձ պատասխանատվության, պետական կարգ ու կանոնի վրա: Ի տարբերություն լիբերալների` նեոպահպանողականները գտնում են, որ պետությունը պետք է հենվի բարոյական սկզբունքների և հասարակության միասնության պահպանման վրա, ապահովի կարգ ու կանոնի, օրինականության վրա հիմնված անհատի կենսական պայմանները, քաղաքական միավորումների ստեղծման հնարավորությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացումը` այս ամենը զուգակցելով բարոյական սկզբունքների և ազգային ավանդույթների հետ, առաջ քաշելով սոցիալապես պատասխանատու անհատի և քաղաքականապես կայուն պետության պարզ բանաձևը: Տնտեսական ոլորտում նեոպահպանողականները հանդես են գալիս որպես ազատ շուկայի և մրցակցության, պետական միջամտության սահմանափակման կողմնակից: Հանդես գալով ազատ շուկայի օգտին` նոր պահպանողականությունը, միաժամանակ, կտրականապես մերժում է նման հարաբերությունների փոխանցումը քաղաքական դաշտ: Նեոպահպանողականների քաղաքական հայացքների համակարգը հենվում է հիմնականում հետևյալ սկզբունքների վրա` անհատի ենթարկում պետությանը, ազգի քաղաքական և հոգևոր ընդունակությունների ապահովում և պահպանում և հակառակորդի նկատմամբ ամենաարմատական միջոցների կիրառում: Նեոպահպանողականները, իշխանությունը համարելով առանձին անհատների կամ խմբերի հնարավորությունը` արձագանքելու հասարակական տարբեր իրադրություններին և ունակությունը` ներազդելու դրանց վրա, յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում իշխանությունների տարանջատման հարցին: Նեոպահպանողականությունը արդի առաջնային խնդիր է համարում ոչ թե իշխանությունների երեք ճյուղերի միջև օպտիմալ փոխհարաբերությունների հաստատումը, այլ իշխանության բաժանումը պետության, տնտեսության և ԶԼՄ-ների միջև: Համարելով, որ ակտիվ և հստակ քաղաքականության իրականացման համար, միայն <<Ընտրյալ>> կամ սահմանափակ ժողովրդավարությունը կարող է առավել արդյունավետ կարգավորել հասարակական կյանքը (առավել ևս, որ ԶԼՄ-ների կողմից հասարակական կարծիքը մանիպուլացիայի ենթարկելու հնարավորության պայմաններում չի կարելի բացարձակացնել մեծամասնության կամքը), նեոպահպանողականները առաջ են քաշում <<ընտրյալների ժողովրդավարական տիրապետության>> գաղափարը, ընդ որում ընտրյալ ասելով հասկանում են ոչ թե պարտադիր իշխող դասակարգի վերնախավը, այլ բարձր մասնագիտական ու ինտելեկտուալ որակավորում ունեցող փոքրամասնությունը, հասարակության բոլոր ոլորտների գիտակից ու առողջ ուժերը, քանի որ <<մեծամասնության ժողովրդավարության>>` հասարակության բոլոր խավերին պետության կառավարման գործում ընդգրկելու գաղափարը ոչ միայն անիրական է այլև` վտանգավոր: Հանդես գալով որպես ազգային ավանդականի ու առաքինի համամարդկայինի համադրման ճանապարհով բնականոն զարգացման քաղաքական ուղեգծի կողմնակից` նեոպահպանողականությունը ամբողջ աշխարհում լուրջ վերելք է ապրում: Լեհաստանում 2005թ իշխանության եկավ <<Իրավունք և Արդարություն>> նոր պահպանողական կուսակցությունը, Չեխիայում 2006թ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ նոր պահպանողական <<Քաղաքացիական ժողովրդավարության հենք>> կուսակցությունը, որի առաջնորդ Վացլավ Կլաուսը մինչ այդ ընտրվեց Չեխիայի նախագահ: Դեպի նեոպահապանողական գաղափարախոսական ուղեգիծ է շարժվում նաև Հունգարիան, որտեղ այդ թևն առաջնորդող <<Ֆիդես>> կուսակցությունը վայելում է հունգարացիների մեծամասնության վստահությունը, Ռումինիայում ուժեղ է նեոպահպանողական <<Մեծ Ռումինիա>> կուսակցությունը, Բել-գիայում` <<Ֆլամանդական շահ>> կուսակցությունը, Ֆրանսիայում` Լը Պենի <<Ազգային Ճակատն>> ու դըգոլական <<Միավորում հանուն հանրապետության>> շարժումը, Ռուսաստանում <<Եդինայա Ռոսիան>> և այլն: Ամբողջ աշխարհում և հատկապես արևելյան ու կենտրոնական Եվրոպայում նկատվում են նոր պահպանողական հայացքների ուժեղացում: Ձախերի և ազատականների քաղաքակնության հետևանքով ամբողջ աշխարհում խորացել է անջրպետը իշխող վերնախավի և հասարակության միջև, ինչը առաջացրել է նոր գաղափարների պահանջարկ, ինչով էլ հենց հանդես են գալիս նոր պահպանողականները` առաջ քաշելով նպատակային ազգային քաղաքական ծրագրեր, որոնք հենված են երեք ավանդական արժեքների վրա` ընտանիք, կրոն, ազգայնականություն: Նոր պահպանողականները գտնում են, որ ռասսաների ու քաղաքակրթությունների խառնուրդը, որ փորձում են իրագործել ձախերն ու ազատականները, կբերի քաղաքակրթության վախճանի քանզի համամարդկային արժեհամակարգը կազմված է առանձին ազգային արժեհամակարգերից, որտեղ յուրաքանչյուր դետալի խեղաթյուրումը կբերի ամբողջի խեղաթյուրման:Հայտարարելով, որ լիբերալ քաղաքական համակարգը ունակ չէ դիմակայել համաշխարհային հանրության առջև ծառացած նոր մարտահրավերների, նեոպահպանողականները քաղաքական համակարգ են մտնում նոր գաղափարներով, նոր մտածողությամբ ու խնդիրների լուծման ուրույն բանաձևով:

ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆԵՐ: ՏԻԳՐԱՆ ՄԵԾ:

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հունարեն՝ Τιγρανης ο Μέγας, լատիներեն՝ Tigranes Magnus) (մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր: Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ:
Տիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ: Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը: Հավանաբար մ.թ.ա. 113 - 112թթ.-ին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության [1], պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին : Տիգրան Ա-ի մահից հետո` մ.թ.ա. 95թ.-ին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան շրջանները՝ 70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը [2]:Դառնալով հայոց արքա քառասունհինգ տարեկան հասակում՝ Տիգրանն անմիջապես ձեռնամուխ է լինում հայկական պետության և բանակի ամրապնդմանը: 94 թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով գահից Արտանեսին Զարեհի սերնդից [2]: Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ Արտաշեսը: Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության:Մ.թ.ա. II դարի վերջից Միհրդատ VI Եվպատորի օրոք խիստ հզորացավ Պոնտոսի թագավորությունը: Միհրդատն իր տիրությանը միացրեց Փոքր Հայքը, Կողքիսը, Բոսֆորը և Սև ծովի հյուսիսային ափերին գտնվող հունական գաղութ-քաղաքները: Արդյունքում համեմատաբար փոքր թագավորությունից Պոնտոսը վերածվեց բավականաչափ ազդեցիկ ռազմա-քաղաքական ուժի, որի առաջնահերթ նպատակը պայքարն էր Հռոմի տարածման դեմ Փոքր Ասիայում:Մ.թ.ա. 94-91թթ.-ին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ [3]: Մ.թ.ա. 93-91թթ.-ին երկու արքաները վճռականորեն պայքարել են Կապադովկիայում հռոմեական տիրապետության դեմ, ինչը կարող էր լուրջ սպառնալիք ստեղծել Հայաստանի համար արևմուտքից, իսկ Պոնտոսի համար հարավից: Մ.թ.ա. 93թ.-ին հայ-պոնտական զորքերը ներխուժում են Կապադովկիա: Տեղական արքա, Հռոմի դաշնակից Արիոբարզան Ա-ն իր ունեցվածքով ու արքունիքով փախչում է Հռոմ [4]: Տիգրանը Կապադովկիայում գահ է բարձրացնում Գորդեոսին: Ի պատասխան Հռոմեական Սենատը արևելք է ուղարկում Լուցիոս Կոռնելիուս Սուլլային: Մ.թ.ա. 92թ.-ին նրա լեգեոնները ջախջախում են հայկական զորքերը և Կապադովկիայի գահին վերականգնում Արիոբարզանին [5]: Կապադովկիական կռիվներում, ըստ նախօրոք կայացված համաձայնության, Տիգրանը ստանում է ողջ շարժական ավարը և գերիներին, որոնք բնակեցվում են Հայաստանի քաղաքներում:Մ.թ.ա. 88թ. Պարթևաստանի արքա Միհրդատ Բ-ի մահից հետո պարթևական տերությունը նկատելիորեն թուլանում է, որից էլ չի հապաղում օգտվել Տիգրան Մեծը: Ենթադրվում է, որ պարթևների դեմ պատերազմից առաջ Տիգրանը նախ ապահովում է իր թիկունքը՝ հպատակեցնելով Վիրքը և Աղվանքը:մ.թ.ա. 87-85թթ Պարթևաստանի դեմ մղված պատերազմում Տիգրան Մեծը գրավում է ոչ միայն յոթանասուն հովիտները, այլև Միգդոնիան, Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները: Հայկական զորքերը մոտենում են Մարաստանի մայրաքաղաք Եկբատանին (ժամանակակից Համադան), որն հանդիսանում էր պարթև թագավորների ամառային նստավայրը, և հրի մատնում դրա մերձակա ամրությունների մի մասը: Պարթևները ստիպված են լինում հաշտություն խնդրել և ճանաչել Հայաստանի գերիշխանությունը գրավված թագավորությունների նկատմամբ: Բացի այդ նրանք Տիգրանին են զիջում «արքայից արքա» տիտղոսը, որը կրում էր Միհրդատ Բ-ն: Տիգրան Մեծը Մեծ Հայքին է միացնում Հյուսիսային Միջագետքի մի զգալի մասը՝ Մծբին կենտրոնով, որտեղ կառավարիչ է նշանակում իր եղբայր Գուրասին: Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները դառնում են Հայաստանի վասալներ, որոնք հարկ էին վճարում և պարտավոր էին զորքով օգնել Տիգրանին պատերազմի դեպքում: Տիգրանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում իր վասալներից ամենահզորի՝ Ատրպատականի Միհրդատ թագավորի հետ բարեկամական կապերի հաստատման՝ կնության տալով վերջինիս իր աղջկան:Հռոմի տիրապետությունն Արևելյան Միջերկրյայքում կանխելու նպատակով Տիգրան Մեծը սերտ կապեր է հաստատել Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավի հետ, որը մ.թ.ա. 83թ.-ին Սելևկյանների արքայական գահը հանձնել է նրան: Արքայի մտերիմներից Բագարատը դառնում է Անտիոքի կառավարիչ:[6] Միաժամանակ հայկական զորքերը տիրում են Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային՝ փաստորեն վերջ տալով Սելևկյան տերությանը (թեև հարավային Ասորիքի մի քանի քաղաքներոմ դեռ իշխում էր սելևկյանների մանկահասակ արքա Սելևկոս Է Փիլոմետորը): Հելլենիստական քաղաքներն ու դրանց բնակչությունը դարձել էր Տիգրան Մեծի անմիջական քաղաքական հենարանն Անտիոքում: Մ.թ.ա. 80-70-ական թթ.-ին Տիգրանը վարել է Պարթևաստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրյայքում Հռոմի ազդեցության վերացման ակտիվ քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ (մ.թ.ա. 81թ.):
Պարթևների և Սելևկյանների դեմ տարած հաղթանակներից հետո Հայաստանը փաստորեն դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Տիգրան Մեծի կայսրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Արտաշատ և Անտիոք մայրաքաղաքները գտնվում էին այդ լայանածավալ տերության ծայրամասերում, այդ իսկ պատճառով (մ.թ.ա. 80-70թթ.) իր պետության կենտրոնական մասում՝ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում Տիգրանը կառուցում է նոր մայրաքաղաք, որն իր անունով կոչում է Տիգրանակերտ: Քաղաքը նա շրջապատում է 25 մետր բարձրությամբ լայն պարիսպներով, իսկ պարիսպներից դուրս կառուցում իր պալատը՝ շրջապատված հոյակապ այգիներով և պաշտպանված հզոր միջնաբերդով [7]: Տիգրանը քաղաքում է բնակեցնում Կապադովկիայի և Դաշտային Կիլիկիայի հելլենական քաղաքներից տեղահանված բազմաթիվ ռազմագերիների, ինչպես նաև Մեծ Հայքի այլ շրջանների բնակիչների. ենթադրվում է, որ Տիգրանակերտի բնակչություն կարող էր հասնել երեք հարյուր հազարի: Տիգրանին Մեծին է վերագրվում նաև հայկական մատենագրության մեջ հիշատակվող Տիգրանակերտ Ուտիք նահանգում, Տիգրանակերտ Արցախ նահանգում և Տիգրանակերտ Գողթն գավառում քաղաքների կառուցումը:Ըստ երևույթին մ.թ.ա 73 թվից Տիգրանի տերության վիճակը սկսում է բարդանալ: Հարավային Ասորիքում և Փյունիկիայում ապստամբություն է բարձրանում Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեի և նրա որդի Անտիոքոս XIII-ի գլխավորությամբ: Բացի այդ պատերազմական գործողություններ են սկսվում Կելեսարիաում՝ Նաբաթեական թագավորության դեմ: Ենթադրվում է, որ Տիգրանը հաղթում է նաբաթեացիներին և գրավում ողջ Կելեսարիան՝ Դամասկոս մայրաքաղաքով: Պատերազմական գործողությունները Փյունիկիայում շարունակվում են մինչև մ.թ.ա 69թ. գարունը, երբ Տիգրանը երկար պաշարումից հետո գրավում է Պտղոմայիս քաղաքը և գերում Կլեոպատրա-Սելենե թագուհուն [8], որը հետագայում տեղափոխվում է մերձեփրատյան Սելևկիա բերդը և այնտեղ մահապատժի ենթարկվում[9]: Իր պետության սահմանների մոտ հայտնված մեծաթիվ հայկական զորքերից սարսափած հրեական թագուհին թանկարժեք նվերներով դեսպաններ է ուղարկում Տիգրանի մոտ և ընդունում նրա գերիշխանությունը[8]:Այս պատերազմական գործողություններն ընթանում են ընդհատումներով, քանի որ Տիգրանը ստիպված է լինում շեղվել՝ ճնշելու համար ապստամբություններն իր տերության այլ շրջաններում: Նախ բուն Հայաստանում ավագանու մի մասի հետ ապստամբում է Տիգրանի որդին՝ թագաժառանգ Զարեհը: Այս ելույթն արագորեն ճնշվում է, իսկ Զարեհը՝ սպանվում[10]: Ապա մ.թ.ա 71թ. հռոմեացիների դրդմամբ ապստամբություն է բարձրացնում Կորդուքի արքա Զարբիենոսը: Սակայն այս ապստամբությունը ևս դաժանաբար ճնշվում է. հայկական զորքերը գրավում Փինակա բերդը և սրի քաշում Զարբիենոսի ողջ ընտանիքը[11]:Մ.թ.ա 73 թվին սկսվում է երրորդ Միհրդատյան պատերազմը Հռոմի և Պոնտոսի թագավորության միջև: Սկզբնական շրջանում հաջողությունն ուղեկցում է Միհրդատին. նա հաղթում է հռոմեացիներին մի շարք ճակատամարտերում և գրավում Բյութանիան: Սակայն նրա կողմից պաշարված ծովափնյա Կիզիկոս քաղաքի պատերի տակ Միհրդատը ծանր պարտություն է կրում սենատի կողմից արևելք ուղարկված հայտնի զորավար Լուկոլլոսից և ստիպված լինում նահանջել Պոնտոս: Այստեղ նա փորձում է դիմադրություն կազմակերպել իրեն հետապնդող հռոմեական զորքերի դեմ, սակայն մ.թ.ա. 71թ. Կաբիրայի ճակատամարտում վերջնականապես պարտություն է կրում և ստիպված է լինում փոքրաթիվ զորքով փախչել Հայաստան: Տիգրանը, զբաղված լինելով հարավային Ասորիքում և Փյունիկիայում ընթացող մարտական գործողություններով, չի կարողանում օգնել իր դաշնակցին: Տիգրանը թեև ապաստան է տալիս Միհրդատին, սակայն, ըստ երևույթին, հռոմեացիների դեմ չեզոքություն պահպանելու հույսով չի հրավիրում նրան իր արքունիք, այլ թույլ է տալիս ապրել իր տերության ծայրամասային շրջաններից մեկում: Մյուս կողմից Տիգրանը մերժում է Լուկոլլոսի՝ իր մոտ ուղարկված դեսպանությանը, որը պահանջում էր հանձնել Միհրդատին հռոմեացիներին, բացատրելով մերժումն իր մոտիկ ազգակցական կապերով վերջինիս հետ:

Լուկուլլոսի արշավանքը
Մ.թ.ա. 69 թվականի գարնանը Լուկուլլոսի բանակը, անցնելով Եփրատը, Կապադովկիայի կողմից ներխուժեց Հայաստան: Դրանով իսկ սկսվեց հայ-հռոմեական պատերազմը, որը մանրամասն նկարագրված է հունա-հռոմեական պատմիչների՝ Ապիանոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլոց երկերում:Հռոմեական բանակը, արագորեն անցնելով Ծոփքի տարածքով, անցնում է Տիգրիսը և մտնում բուն Հայաստանի տարածք [12]: Այստեղ Տիգրանի զորավարներից Միթրոբարզանեսը մոտ երեք հազարանոց հեծելազորով փորձում է կասեցնել հռոմեացիաների առաջխաղացումը, սակայն ջախջախվում է և զոհվում ճակատամարտում: Արագորեն շարժվելով դեպի արևելք՝ Լուկուլլոսը պաշարում է մայրաքաղաք Տիգրանակերտը, որի պաշտպանությունը երկար ժամանակ չի կարողանում հաղթահարել:Լուկոլլոսի ներխուժման պահին Տիգրանն, ըստ երևույթին, գտնվում էր Ասորիքում՝ իր հերթին պատրաստվելով արշավանքի դեպի Փոքր Ասիա Կիլիկիայի վրայով: Ստանալով հարձակման մասին լուրը՝ Տիգրանը շտապում է դեպի հյուսիս և Տավրոսի լեռներում սկսում հավաքել մեծ բանակ հայերից և իր վասալներից: Միևնույն ժամանակ նա Տիգրանակերտ է ուղարկում ծանր հեծելազորի վեց հազարանոց ջոկատ, որը հաջողությամբ ճեղքում է հռոմեացիների պաշարողական շղթան և դուրս բերում քաղաքից Տիգրանի կանանոցը և թագավորական գանձերը [13]: Լուկոլլոսն իր հերթին իր լեգատներից Մուրենային ուղարկում է Տավրոսի լեռները՝ դարանակալելու Տիգրանին օգնության շտապող զորքերին. Մուրենան կարողանում է ջախջախել արաբների մի զորախումբ և տիրանալ Տիգրանի գումակի մի մասին [14]:Հավաքելով բոլոր դաշնակիցների և վասալների զորքերը՝ Տիգրանը և Միհրդատը մեծ զորաբանակով անցնում են Տավրոսը և շարժվում դեպի Տիգրանակերտ: Ըստ Պլուտարքոսի, մոտենալով քաղաքին և տեսնելով հռոմեական համեմատաբար սակավաթիվ զորքը, Տիգրանն ասում է. «Եթե սրանք եկել են որպես դեսպաններ, ապա չափից դուրս շատ են, իսկ եթե որպես զինվորներ՝ քիչ են» [15]: Հայկական և հռոմեական զորքերի միջև ճակատամարտը, որը պատմության մեջ հայտնի է որպես Տիգրանակերտի ճակատամարտ, տեղի է ունենում մ.թ.ա.69 թ. հոկտեմբերի 6-ին: Չնայած ունեցած զգալի թվային գերակշռությանը (ժամանակակից պատմաբանների կողմից արժանահավատ են համարվում այն տեղեկությունները, ըստ որոնց Լուկոլլոսի բանակն ուներ մոտ քառասուն հազար, իսկ Տիգրանինը՝ ութսուն հազար զինվոր [16])՝ Տիգրանի զորքը ճակատամարտում ծանր պարտություն է կրում. Լուկոլլոսը հմուտ զորաշարժով կարողանում է իր լեգիոններով գրավել հայկական բանակի թիկունքում գտնվող բլուրներից մեկը և այնտեղից անսպասելի հարվածով խուճապ ստեղծել Տիգրանի բանակում, որի արդյունքում վերջինիս ահռելի զորքը ցրվում է:
Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Միհրդատը և Տիգրանը զորքի մնացորդների հետ նահանջում են Արտաշատի ուղղությամբ, իսկ Լուկոլլոսը չի հետապնդում նրանց և շարունակում է Տիգրանակերտի պաշարումը: Կարճ ժամանակ անց քաղաքի հույն բնակչությունը ապստամբում է և, գրավելով պարիսպների մի մասը, ներս թողնում հռոմեացիներին, որոնք գրավում և թալանում են քաղաքը:Այս պարտությունները ճակատագրական նշանակություն են ունենում Տիգրանի տիրության համար: Ծոփքի, Կորդուքի, Կոմմագենեի և Օսրոենեի ավագանիները դեսպաններ են ուղարկում Լուկոլլոսի մոտ և ընդունում Հռոմի գերիշխանությունը, Ասորիքում գահ է բարձրանում Հռոմի դաշնակից Անտիոքոս ԺԳ-ն: Փաստորեն, մ.թ.ա 69թ. վերջից Տիգրան Մեծի մեծ տերությունը դադարում է գոյություն ունենալ:Սակայն Տիգրանը և Միհրդատը չեն դադարեցնում պայքարը: Նրանք հավաքում են նոր բանակ, որի մարզումը հանձնարարվում է Միհրդատի զորավարներին: Բացի այդ նրանք սկսում են ամրացնել Արտաշատը՝ պատրաստվելով Լուկոլլոսի նոր հարձակմանը: Լուկոլլոսը ձմեռը և գարունը անցկացնում է իր նոր դաշնակից Կորդուքի տարածքում: Ամռանը նա որոշում է ավարտին հասցնել սկսված գործը և շարժվում Արտաշատի ուղղությամբ: Հռոմեական լեգիոնները կտրում են Տավրոսը, իջնում Մշո դաշտ և Արածանու հովտով շարժվում դեպի Արարատյան դաշտ: Տիգրանը շարժվում է հակառակորդին ընդառաջ. մ.թ.ա. 68թ. սեպտեմբերին Արածանի գետի ափին տեղի է ունենում երկրորդ խոշոր ճակատամարտը հայկական և հռոմեական զորքերի միջև: Ըստ Պլուտարքոսի, Լուկոլլոսը այս ճակատամարտում ևս ջախջախիչ հաղթանակ է տանում [17], սակայն իրականում հայկական զորքերը ծանր կորոստներ են պատճառում հռոմեացիներին [18] և արդյունքում ստիպում թշնամուն նահանջել:Լուկոլլոսը նահանջում է դեպի Հյուսիսային Միջագետք և շրջապատում լավ պաշտպանված Մծբին քաղաքը, որի կայազորը գլխավորում էր Տիգրանի եղբայր Գուրասը: Լուկոլլոսը կարողանում է գրավել քաղաքը երկարատև պաշարումից հետո. ձմեռային մի գիշեր, օգտվելով տեղատարափ անձրև և փոթորկոտ եղանակից, հռոմեացիները հանկարծակի գրոհով գրավում են պարիսպների մի մասը և մտնում քաղաք: Գուրասը ապաստանում է քաղաքի միջնաբերդում, սակայն որոշ ժամանակ անց հանձնվում է և գերվում Լուկոլլոսի կողմից [19]: Լուկոլլոսի թուլացած զորքը ձմեռում է Հյուսիսային Միջագետքում և հաջորդ գարնանը նահանջում Փոքր Ասիա:Միհրդատը և Տիգրանը չեն հետապնդում Լուկոլլոսին դեպի Հյուսիսային Միջագետք նահանջելիս, քանի որ Մծբինը համարվում էր անառիկ բերդաքաղաք [20]: Տիգրանը ձեռնամուխ է լինում Հայաստանի գրավված տարածքների ազատագրմանը, իսկ Միհրդատը հայկական և պոնտական զորքերով Փոքր Հայքի վրայով մտնում է իր թագավորության տարածքը: Մ.թ.ա. 67թ. գարնանը Զելայի մոտ ճակատամարտում հայ-պոնտական զորքերը ջախջախում են Լուկոլլոսի լեգատներից Տրիարիուսի գլխավորությամբ հռոմեական զորքերին [21]: Միևնույն ժամանակ Տիգրանի և դաշնակից Ատրպատականի թագավոր Միհրդատի զորքերը ներխուժում են Կապադովկիա՝ դուրս քշելով այնտեղից հռոմեացիներին [22]: Այս իրադարձություններից հետո Լուկոլլոսը հետ է կանչվում հռոմեական սենատի կողմից [23]:Այսպիսով անփառունակ կերպով ավարտվում է Լուկոլլոսի արշավանքը: Տիգրանը և Միհրդատը ոչ միայն ազատագրում են հռոմեացիների կողմից գրավված տարածքները, այլև հերթական անգամ ասպատակում Կապադովկիան: Իհարկե, արշավանքի արդյունքում խիստ թուլանում են նաև Տիգրանի դիրքերը, որից չեն հապաղում օգտվել ներքին և արտաքին թշնամիները:
Պոմպեոսի արշավանքը և Արտաշատի պայմանագիրը
Մ.թ.ա. 67թ. աշնանը հռոմեական սենատը Լուկուլլոսի փոխարեն արտակարգ լիազորություններով արևելք է ուղարկում ականավոր ռազմական և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսին: Պոմպեոսը մ.թ.ա. 66թ. գարնանը մեծ բանակով ափ է իջնում Կիլիկիայում: Նա անմիջապես բանակցություններ է սկսում պարթևական թագավոր Հրահատ Գ-ի հետ և համաձայնության գալիս վերջինիս հետ՝ համոզելով հարձակվել Հայաստանի վրա [24]: Ինքը Պոմպեոսը մեծ ուժերով հարձակվում է Պոնտոսի վրա և պարտության մատնում Միհրդատ Եվպատորին: Վերջինս փոքր ուժերով փախչում է Կողքիս և ապա Բոսֆոր, որտեղ էլ ինքնասպանությամբ վերջ է տալիս իր կյանքին: Պոնտոսը և Փոքր Հայքը նվաճվում են և դառնում հռոմեական պրովինցիաներ:
Ըստ երևույթին մ.թ.ա. 67թ. աշնանը Տիգրանի Մեծի դեմ հայկական ավագանու մի մասի հետ ապստամբում է նրա որդին՝ գահաժառանգ Տիգրան Կրտսերը: Տիգրան Մեծը կարողանում է ճնշել այս ապստամբությունը, բայց Տիգրան Կրտսերը փախչում է Պարթևաստան՝ Հրահատ Գ-ի մոտ: Տիգրանը մեծադրում է Միհրդատ Եվպատորին իր որդու (և Միհրդատի թոռանը) ապստամբության հրահրելու մեջ և խզում հարաբերությունները նրա հետ: Տիգրանը, մասնավորապես, թույլ չի տալիս Միհրդատին պատսպարվել Հայաստանում, ինչպես արել էր Լուկոլլոսի արշավանքի ժամանակ. Միհրդատի դեսպանները բանտ են նետվում և հետագայում հանձնվում հռոմեացիներին [25]:
Ըստ Պոմպեոսի հետ պայմանավորվածության, Հրահատ Գ-ն պարթևական մեծ զորքով Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ արշավում է դեպի Հայաստան՝ ըստ երևույթին մինչ այդ հպատակեցնելով Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները: Պարթևական զորքերը պաշարում են Արտաշատը: Քաղաքի պաշտպանությունը վստահելով կայազորին՝ Տիգրանը հեռանում է Հայաստանի լեռնային շրջաններ: Տեսնելով, որ Արտաշատի պաշարումը երկարում է, Հրահատը պարթևական զորքի մի մասով հեռանում է իր երկիրը: Դրանից անմիջապես հետո Տիգրան Մեծը իր հավաքած զորքերով ջախջախում է Տիգրանի Կրտսերի գլխավորած պարթևական զորքը. վերջինս ստիպված է լինում փախչել Պոմպեոսի մոտ [25]:
Միհրդատին վերջնական պարտության մատնելուց հետո մ.թ.ա. 66թ. աշնանը Պոմպեոսը հարձակվում է Հայաստանի վրա և շարժվում դեպի Արտաշատ: Տիգրան Մեծը, հայտնվելով ծանրագույն իրավիճակում, հասկանում է, որ չի կարող միայնակ կռվել միաժամանամ Հռոմի և Պարթևաստանի դեմ և որոշում է հաշտություն խնդրել Պոմպեոսից: Ըստ Պլուտարքոսի, երբ հռոմեական բանակը մոտենում է Արտաշատին, Տիգրանը միայնակ մտնում է հռոմեական ճամբար և իր թագը դնում Պոմպեոսի ոտքերի տակ [26]: Վերջինս սակայն արքայավայել է ընդունում Տիգրանին, և կարճ բանակցություններից հետո կողմերը գալիս են համաձայնության, որը հայ պատմագիտության մեջ ընդունված է կոչել Արտաշատի պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում էր հետևյալը.
• Տիգրան Մեծը հրաժարվում էր Սիրիայից, Փյունիկիայից և Կիլիկիայից:
• Տիգրան Կրտսերը պետք է դառնար Ծոփքի թագավոր՝ մնալով Տիգրան Մեծի գահաժառանգը: Տիգրան Մեծի մահվանից հետո նա պետք է դառնար երկու երկրների միասնական թագավոր:
• Տիգրանը պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք անձամբ Պոմպեոսին և նրա զինվորներին: Այս տուգանքը պետք է վճարվեր Ծոփքում գտնվող գանձարաններից:
Տիգրան Կրտսերը սակայն դժգոհ է մնում պայմանագրից, և Պոմպեոսը ի վերջո ստիպված է լինում շղթայել նրան և տանել իր հետ Հռոմ: Ծոփքը մնում է Տիգրան Մեծի թագավորության կազմում:Արտաշատի հաշտության կնքումից հետո մ.թ.ա. 65թ. շարունակվում են պատերազմական գործողությունները հայերի և պարթևների միջև Կորդուքում և Հյուսիսային Միջագետքում: Պոմպեոսի հրամանով հռոմեական զորքերը դուրս են մղում այս շրջաններից պարթևներին և հանձնում տարածքները Տիգրանին:Տիգրան Մեծի կառավարման վերջին տասնամյակն անցել է համեմատաբար խաղաղ պայմաններում՝ առանց նկատելի իրադարձությունների: Ենթադրվում է, որ նրա որդի և նրան հաջորդած թագավոր Արտավազդ Բ-ն վերջին տարիներին եղել է գահակից-թագաժառանգ:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ: ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐ (ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ)



Անդրանիկ Թորոսի Օզանյան կամ Զորավար Անդրանիկ (Անդրանիկ Փաշա), (1865 - 1927), Հայ ֆիդայապետ,  հայդուկապետ , զորահրամանատար և Ազգային հերոս։ Հանդիսանում է Հայոց Ազատագրական Շարժման խորհրդանիշներից մեկը։
Անդրանիկ  Օզանյանը ծնվել է 1865 թվականին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց
1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»` ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր. «Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասաց, որ նա «խենթի պես քաջ է»։1915-1916 թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Սասունցի Անդրանիկը պարգևատրվեց Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։ Գունդը Անդրանիկի գլխավորությամբ քաջաբար մասնակցեց Մուղանջուղի (Դիլման) տակ մղված մարտին՝ 1915 թ. ապրիլի 15-18-ին, որում Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից։
1918 թ. հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, Էրզրումի, Վանի և Մերձծովյան ուղղություններով անցան մեծամասշտաբ գործողությունների. հունվարի 30-ին նրանք գրավեցին Երզնկան, փետրվարի 11-ին՝ Տրապիզոնը, ապրիլի 14-ին առանց կռվի մտան Բաթում և սկսեցին շարժվել դեպի Սուխում։ Ապրիլի 25-ին ընկավ Կարսը, մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։Անդրանիկի գունդը զրկվել էր մանևրելու հնարավորությունից, որովհետև վարելով ծանր պաշտպանական մարտեր Էրզրումի ուղղությամբ, ծածկում էր 1915 թ. փրկված հարյուր հազարավոր հայ, հույն ու ասորի գաղթականների նահանջը, որոնց վրա ռուսների նահանջից հետո նորից սարսափելի վտանգ էր կախված։ Թուրքիայի կողմից Կովկասի մեծ մասի զավթման ու Արևելյան Հայաստանում ցեղասպանության կրկնության վտանգը թվում էր գրեթե անխուսափելի։Սակայն 1918 թ. մայիսի 16-18-ին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան անպատմելի ջանքերով զսպեց օսմանյան զորքերին և նրանց արբանյակներին։ Ու չնայած թշնամու որոշ խմբերի հաջողվեց մինչև 20-25 կմ մոտենալ Թիֆլիսին, նրանց հիմնական զանգվածը կանգնեցվեց և ետ շպրտվեց։ Թշնամուց նախաձեռնությունը վերցնելով՝ զորավարը մարտեր է մղում Ղարաքիլիսայի ուղղությամբ։ 1918 թ. մայիսի 25-28-ին ծավալված Լոռու ճակատամարտում, որ մեծապես ճակատագրական եղավ ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ Կովկասի, Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որոնք ջանում էին Դիլիջանով դուրս գալ դեպի Բաքու։ Կրած պարտության հետևանքով թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ Լեռնային Լոռու մարզի մեծ մասը թողնելու հրաման տալ։1918 թ. հունիսի սկզբին հայկական դիվիզիան մտավ Նոր-Բայազետ, այնուհետև Սելիմի լեռնանցքից Դարալագյազ-Շարուրով դեպի Նախիջևան։ Շուտով զբաղեցվեցին Ջուլֆան և Բիթլիսը։ Հունիսի 14-ին Անդրանիկը հրաման տվեց, որում նշվում էր, թե իր զորքերը ենթարկվում են կենտրոնական Ռուսական կառավարությանը, իսկ Նախիջևանը հայտարարվում էր Ռուսաստանի անբաժանելի մասը։ Զորավար Անդրանիկը նաև հեռագիր ուղարկեց Կովկասի հարցերով արտակարգ կոմիսար և Բաքվի Սովնարկոմի նախագահ Շահումյանին, որում պատրաստակամություն հայտնեց օգնություն ցուցաբերելու Բաքվի վրա հարձակվող թուրքական զորքերից պաշտպանվող Բաքվի կոմմունային։ Դեռևս 1918 թ. ամռանը թուրքական զորքերը բռնագրավեցին պարսկական տարածքի հյուսիսային մասը՝ դեպի Բաքու առաջխաղացումը ծավալելու համար հենադաշտ ստեղծելով։ Գրավելով, մասնավորապես, Մակու, Սալմաստ, Թավրիզ, Սերաբ, Արդաբիլ և Խոյ իրանական քաղաքները, թուրքերը մտադրված էին Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծի միջոցով նոր զորքեր անցկացնել Պարսկաստան՝ Բաքվի վրա հարձակվելու համար։ Բայց Նախիջևանում Անդրանիկի ջոկատները կտրեցին երկաթուղային ճանապարհը, իսկ Ջուլֆայում՝ գրավեցին թուրքական կայազորը։ Խոյի շրջանում հայկական կազմավորումները անսպասելի հարված հասցրին Հյուսիս-արևմտյան Իրանում տեղաբաշխված թուրքական բանակին, ինչը ստիպեց թուրքերին՝ կանգնեցնել հարձակումը Բաքվի վրա և Անդրանիկի դեմ ուղարկել նշանակալի ուժեր։ Խոյում մարտերը տևեցին մի քանի օր։ Թուրքերը կրեցին մեծ կորուստներ, սակայն անընդհատ ժամանող լրացուցիչ ուժերը հայկական դիվիզիայի համար գրավման վտանգ առաջ բերին։ Այդ պայմաններում Անդրանիկը ստիպված եղավ թողնել Խոյը, և, ճեղքելով շրջափակման օղակը, նահանջել Ջուլֆա-Բաքվի շրջանը։ Այնուհետև, թվով գերակշիռ թուրքական զորքերի ճնշմամբ՝ զորավար Անդրանիկը ստիպված եղավ թողնել Նախիջևանը ու անցնել Լեռնային Զանգեզուր՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի միջոցով ճեղքել-հասնել Բաքու և փակել նահանջող թուրքական բանակի ճանապարհը։Անդրանիկը վիթխարի դեր խաղաց Զանգեզուրի պաշտպանությունում։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսը ուղղվեց Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։ Երբ նորակազմ կովկասյան հանրապետությունների ղեկավարները, դեռևս 1918 թ. հունվարին դիմեցին թուրքական կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ի պատասխան լսեցին, որ Թուրքիային իրենց կարծիքը չի հետաքրքրում, նրան հուզում է միայն այն, թե այդ առիթով ինչ է մտածում զորավար Անդրանիկը, ինչը լիովին տրամաբանական էր, քանզի հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը։ Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված եղավ հեռանալ արտասահման։ Ճանապարհին, երբ նա անցնում էր Թիֆլիսով, ասաց. «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։ Այդ ծառայությունն Անդրանիկը շարունակեց նաև տարագրության մեջ։ 1919 թ. դեկտեմբերին «Վաշինգտոն Փոսթ» ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։
Անդրանիկը մահացավ 1927 թ. օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։


ՀՀ Ազգային հերոսներ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ունի շուրջ 15 ազգային հերոսներ: Նրանք են ՝ 

 Վազգեն Առաջին - Ամենայն հայոց կաթողիկոս:



Վազգեն Ա. (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին ք. Բուխարեստ (Ռումինիա): Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք։ 1937թ. ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ 1943թ. ստացել է վարդապետի կոչում, 1951թ. օծվել եպիսկոպոս։ 1929-43թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։ 1955թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում: Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին: Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու Պատմություն Արծրունյաց տան աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր: 1988թ. փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք: Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Ս. Սարգիս, Ս. Զորավոր, Ս. Հովհաննես, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Վախճանվել է 1994թ. օգոստոսի 18-ին: ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։ Վազգեն Ա անունով են կոչվում Վանաձորի թ. 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։ ՀՀ Ազգային Հերոս (28.07.1994): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 Վիկտոր Համբարձումյան 



Ծնվել է  1908թ. սեպտեմբերի 5(18)-ին ք. Թիֆլիս: Անվանի աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը։ 1934թ. Լենինգրադի համալսարանում հիմնադրել և ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1934-41թթ. եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրեն։ 1939թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, 1953թ.՝ իսկական անդամ։ 1947թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվել մինչև 1993թ., որից հետո դարձել է պատվավոր նախագահ։ 1946թ. հիմնադրել է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1988թ.։ 1961-64թթ. եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ, 1968-70 և 1970-72թթ. ընտրվել Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։ Մահացել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։ Հեղինակ է աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։ 1950-90թթ. բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1989թ. ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական Պատգամավորների Համագումարի պատգամավոր։ Ընտրվել է 20-ից ավելի ակադեմիաների պատվավոր անդամ, մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր։ Արժանացել է Ստալինյան մրցանակի (2), Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի և ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալի: Արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման (2), պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Սահմանվել է Վ. Համբարձումյանի անվան ՀՀ միջազգային մրցանակ աստղագիտության բնագավառում: Հայաստանի Ազգային Հերոս (11.10.1994): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիք շքանշանով:

 Ալեք Մանուկյան 



Ծնվել է 1901թ. հունիսի 20-ին ավան Քասաբա (Զմյուռնիա): Անվանի ազգային-հասարակական գործիչ, բարերար, արդյունաբերող: 1920թ.-ից ապրել է ԱՄՆ-ում: 1953-1989թթ. եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի նախագահ, 1970թ.-ից` ցկյանս, 1989թ.-ից` պատվավոր նախագահ: 1929թ. հիմնել է սեփական ձեռնարկություն, որը վերաճել է ավտոմասեր արտադրող «Մասկո» միջազգային ընկերության: 1968թ. 1 մլն. դոլար կանոնադիր կապիտալով հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակույթային հիմնադրամը: Մեծ գումարներ է նվիրաբերել եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային միություններին, մարզական ու երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին, օժանդակել տարբեր համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը եւ հայկական ծրագրերի իրականացմանը: Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգեբարձուների Խորհրդի պատվո անդամ` հիմնադրամին նվիրաբերել է ավելի քան 500 հզ. ամերիկյան դոլար, որի մի մասն ուղղվել է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու շինարարությանը եւ հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի: 1994թ. նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Մահացել է 1996թ. հուլիսի 11-ին ք. Դետրոյտ (Միչիգանի նահանգ, ԱՄՆ): Պարգեւատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման: Նրա անունով կոչվել են փողոցներ Երեւանում, Ստեփանակերտում, Մոնրեալում: Ստեփանակերտում տաղադրված է նրա արձանը: Հայաստանի Ազգային հերոս (14.10.1994): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 Մովսես Գորգիսյան




Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին ք. Երեւան: 1984թ. ավար՟տել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկա՟վար՟ժ՟ական ինս՟տի՟տուտի մշակույ՟թի ֆակուլտետի ռեժի՟սու՟րայի բաժինը: 1986-87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում: 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ եւ նրա «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիր: 1988թ. մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ: 1989թ. «Անկախ՟ության բանակի» հիմնադիրներից: 1989թ.-ից հան՟դես է եկել Հայոց անկախ պետականության վերա՟կանգն՟մանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով: Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտ՟պա՟նել է արցախահայու՟թյան արդարացի պահանջը: 1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվեց Արարատի շրջանի` Նախիջեւանին սահման՟ա՟մերձ գոտում. ադրբեջան՟ական զինյալներն իշխող բարձուն՟քից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակա՟վայրերը: Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատ՟ներից մեկը, առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք: Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն նա զոհվեց: Թաղված է Ծիծեռնակաբերդում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:


 Գեղազնիկ Միքայելյան 




Ծնվել է 1951թ. նոյեմբերի 16-ին գ. Լեռնարոտ (Աշտարակի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ)։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև` ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Եղել է  Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, աչքի է ընկել համարձակությամբ եւ ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությամբ: Արցախյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է ՀՀ Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի), Նոյենբերյանի (Ոսկեպար), Իջեւանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Սպանվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երեւանում։ Թաղված է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում: Ծագումով Սասունի Գելիեգուզան գյուղից էր: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:


 Մոնթե Մելքոնյան 



Ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին ք. Վայսիլիա (Ֆրեզնոյի մոտ, Կալիֆոռնիա, ԱՄՆ): 1978թ. ավարտել Է Բերկլիի (Կալիֆոռնիա) համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը: 1978թ. ընդունվել Է Օքսֆորդի համալսարան, սակայն չի ավարտել, մեկնել Է Լիբանան, քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել Բեյրութի հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը: 1980թ. մայիսից եղել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ) զլխավոր ռազմական մարզիչ: 1983թ. հեռացել Է ՀԱՀԳԲ-ից եւ հիմնել ՀԱՀԳԲ-Հեղափոխական շարժում կազմակերպությունը: 1990թ. հոկտեմբերից զինվորագրվել Է Արցախի պաշտպանությանը: 1991թ. սկզբին հիմնել Է Հայրենասիրական ջոկատը: 1992թ.-ից՝ Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար: Մասնակցել Է ՀՀ Իջևանի, ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: Ղեկավարել է Սարտունիի, Քարվաճառի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Զոհվել է 1993թ. հունիսի 12-ին գ. Մարզիլուի (Աղդամի մոտ) շրջանում: Թաղված Է Եռաբլուրում: Նրա անունով Է կոչվում ՀՀ ՊՆ ռազմական վարժարանը: ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղադրված Է նրա հուշարձանը: Նրա մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել գրքեր: 1994թ. Երևանում ստեղծվել Է ,Մոնթե Մելքոնյան, հիմնադրամը: ՀՀ բանակի փոխգնդապետ (հետմահու, 1994): Պարգեւատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու, 23.11.1993): Հայաստանի Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիք շքանշանով: Արցախի Հերոս (21.09.1999): Պարգեւատրվել է Ոսկե Արծիվ շքանշանով:


 Թաթուլ Կրպեյան 



Ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին գ. Արեգ (Թալինի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ): 1984-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ  ԶՈՒ-ում: 1987-1990թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1987թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը: 1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: 1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը սկսել են Կոլցո գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր: Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին: Զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Գետաշենում: ՀՅԴ անդամ (1990թ.): Թ. Կրպեյանի անունով են կոչվում ՀՅԴ արտասահմանյան մի քանի կազմակերպություններ, դպրոց` Արեգ գյուղում եւ Կովսական քաղաքում (ԼՂՀ Քաշաթաղի շրջան), փողոց` Թալինում, լսարան` Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, սահմանվել է նրա անվան կրթաթոշակ: Լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը (1993): Թաղված է Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 Վիտյա Այվազյան 




Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 29-ին գ. Սպանդարյան (Արթիկի շրջ., Շիրակի մարզ, ՀՀ): 1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1977-79թթ. ավագ տնտեսագետ է աշխատել Հայշինբանկում: 1979-81թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981-83թթ. աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում, 1983-88թթ.` Երեւանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ: 1983թ.-ից հեռակա սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում: 1988թ. աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել եւ ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն: Իրենց ամառանոցը թաքստարանի է վերածել` արգելված գրականությամբ, թռուցիկներով, պայթուցիկ նյութերով ու զենքերով: 1989թ. հունվարի 12-ին ձերբակալվել է Նուբարաշենի բանտում շուրջ մեկ ամիս: ՀՀՇ 1-ին համագումարում ընտրվել է վարչության անդամ, տնտեսական մասի պատասխանատու: Հայաստանի երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի առաջին անդամներից: Կամավորականներին հագուստով, պարենով, զենքով եւ զինամթերքով ապահովման պատասխանատուներից էր: 1990թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Զոհվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երևանում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:


 Ջիվան Աբրահամյան 



Ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին ք. Երեւան: Ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում` Աֆղանստանում եւ պարգեւատրվել «Արիության» մեդալով: ՀՀ ՆԳՆ Հատուկ գնդի 1-ին վաշտի հրամանատար: Ակտիվորեն մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի եւ ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: 1991թ. ամռանը մեկնել է Շահումյան: Խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնը մտավ Բուզլուխ եւ Մանաշիդ: Չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը` չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետեւ վախենում էր Բուզլուխի եւ Մանաշիդի անտառապատ փեշերից սպասվող հարվածներից: Ջիվանը դիրքից դիրք եւ զինվորից զինվոր անցնելով զեկավարում էր մարտը: Նման կազմակերպված դիմադրությունը խուճապի մատնեց ադրբեջանցիներին: Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալը եւ Վերինշենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ եւ Էրքեջ ձգվող Ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը: Նա ընկերների հետ դիրքավորվեց Շամփրապտուկի բարձունքը տանող ճանապարհին, փակեց այն: Նպատակ ունենալով գրավել բարձունքը` թշնամին հարձակման անցավ: 1991թ. հուլիսի 20-ին Ջ. Աբրահամյանը Նիկոլայ Հայրապետյանի եւ Վարդան Տերտերյանի հետ ընդունեցին իրենց կյանքի վերջին մարտը: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996):

 Յուրա Պողոսյան 




Ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին ք. Կոտովո (Վոլգոգրադի մարզ, ՌԴ): Մանկությունը եւ պատանեկությունն անցել է Ստեփանակերտում: Դպրոցական տարիքից տարվել է սպորտով եւ տեխնիկայով: Աշխատել է ավտոմեխանիկ: 1983թ. Ստեփանակերտում հիմնել է ավտոնորոգման արհեստանոց, որը հետագայում դարձավ արցախյան շարժման առաջին զինանոցներից: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվեցին 1990թ. Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին: 1991թ. դարձել է 4-րդ վաշտի հրամանատար: Մարտերում բազմիցս իրեն դրսեւորել է որպես հմուտ հրամանատար, խիզախ մարտիկ, հետախույզ եւ սակրավոր: Որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի մարտերին: Իր զրահամեքենայով Խանաբադի և Ասկերանի շրջանի մարտերում ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան: 1992թ. հունիսի 12-ին զոհվել է Ասկերան-Նախիջեւանիկ ճակատագծում: Թաղված է Ստեփանակերտում: Պարգեւատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով: Արցախի Հերոս (հետմահու, 2002): Պարգեւատրվել է «Ոսկե Արծիվ» շքանշանով:


 Կարեն Դեմիրճյան 




Ծնվել է 1932թ. ապրիլի 17-ին ք. Երեւան: Քաղաքական եւ պետական անվանի գործիչ։ 1954թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: 1954-58թթ. աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում կոնստրուկտորական խմբի ղեկավար: 1958թ. ընտրվել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար: 1959-61թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: 1962թ.-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն: 1966թ. ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, 1971թ.` 2-րդ քարտուղար, 1972թ.` ՀԿԿ ԿԿ քարտուղար: 1974թ. նոյեմբերից մինչև 1988թ. մայիս եղել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար: 1991-99թթ. եղել է Հայէլեկտրամեքենա գիտարտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1998 թ. առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: 1999թ. մայիսին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ: 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում նիստի ժամանակ դարձել է ահաբեկչության զոհ: 1974թ. սկսած բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX-XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգեւատրվել է ԽՍՀՄ Լենինի (2), Աշխատանքային Կարմիր դրոշի (3), Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, խորհրդային եւ այլ երկրների կառավարական պարգեւներով: Նրա անունով է անվանակոչվել Երեւանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, փողոցներ ՀՀ քաղաքներում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 27.12.1999): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:


 Վազգեն Սարգսյան 



Ծնվել է 1959թ. մարտի 5-ին գ. Արարատ (Արարատի մարզ, ՀՀ): 1979թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: 1979-1983թթ. որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: 1983-1986թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղար: 1986-1989թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես հրապարակախոսության բաժնի վարիչ: 1990-1992թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1992թ-1993թթ. ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ: 1993-1995թթ. ՀՀ պետնախարար: 26.07.1995-25.05.1999 կրկին ՀՀ պաշտպանության նախարար: 1999թ. հունիսի 11-ից ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Արցախի հերոս (1998): Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: Հայաստանի ազգային հերոս (27.12.1999, հետմահու): Անուրանալի է նրա դերը Հայոց ազգային բանակի ստեղծման գործում: Մեծ է դերը նաև Հայոց պետականության կերտման գործում: ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը: 2000թ. նրա անունով ՀՀ-ում և ԼՂՀ-ում անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը, զորամասեր:

   Քըրք Քըրքորյան 



Ծնվել է 1917թ. հունիսի 6-ին ք. Ֆրեզնո (Կալիֆորնիա, ԱՄՆ): Սերում է 1890թ. Խարբերդից (Արեւմտյան Հայաստան) ԱՄՆ գաղթած Գրիգորյանների ընտանիքից: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից: Զբաղվում է հյուրանոցային շինարարությամբ, կինո եւ ավտոմոբիլային արտադրությամբ: Տրասինդա Կորպորացիայի նախագահն է: Սպիտակի երկրաշարժից հետո եւ ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն. դոլար: Առաջին խոշոր հատկացումը` 14 մլն. դոլար, կատարել է 1993թ.` եռապատկելով «Ձմեռ 1993-94» վառելանյութի եւ ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած 7 մլն. դոլարը: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն. դոլար: 2001թ.-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն. դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման: Հայաստանի Ազգային Հերոս (27.05.2004): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 Շառլ Ազնավուր 




Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում: Աշխարհահռչակ երգիչ, դերասան։ Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի, նկարահանվել է 60 ֆիլմերում, վաճառվել է նրա ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ։ Մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա Քեզ համար Հայաստան, Նրանք ընկան (Ցեղասպանության 60-ամյակին), Ինքնակենսագրություն երգերը։ 1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009թ. մայիսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է և Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը: ՀՀ պատվավոր դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՈ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել ՀՀ-ում։ Արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւների։ ՀՀ քաղաքացի (26.12.2008): Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ Պարգեւատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Հայաստանի Ազգային Հերոս (27.05.2004): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:


 Նիկոլայ Ռիժկով 

 

Ծնվել է 1929թ. սեպտեմբերի 28-ին գ. Դիլեևկա (Արտյոմովսկի օկրուգ, Ուկրաինա): Հայտնի կուսակցական եւ պետական գործիչ: Ավարտել է Ուրալյան պոլիտեխնիկական ինստիտուտը: 1965-70թթ. եղել է «Ուրալմաշ»-ի գլխավոր ինժեներ, 1970-71թթ.` տնօրեն, 1971թ.-ից` գլխավոր տնօրեն, 1975-79թթ.` ԽՍՀՄ ծանր եւ տրանսպորտային մեքենաշինության նախարարի 1-ին տեղակալ, 1979-82թթ.` ԽՍՀՄ Պետպլանի նախագահի 1-ին տեղակալ, 1982-85թթ.` ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1985-90թթ.` ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ: 1998թ.-ից ղեկավարում է Կոորդինացիոն խորհուրդը, որը օժանդակում է հայրենական ապրանք արտադրողներին, որը միավորում է 130-ից ավել բնագավառների միություններ եւ ասոցիացիաներ: 1995թ. եւ 1999թ. ընտրվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր: 2003թ. սեպտեմբերին նշանակվել է Բելգորոդի մարզի ներկայացուցիչ ՌԴ Ֆեդերալ Ժողովի Ֆեդերացիայի խորհրդում: Պարգեւատրվել է «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» 4-րդ աստիճանի, Լենինի (2), Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի (2), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (2): 1998թ. ք. Սպիտակում կանգնեցվել է արձանը: ՀՀ Ազգային Հերոս (5.12.2008): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

Աղբյուր՝ http://www.mayrhayastan.am/

ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ: ՄԵԾ ՊԱՍ

Բուն Բարեկենդանին հաջորդում է Մեծ Պասը, որը պահվում է մինչև Զատիկ: Մեծ է կոչվում պասերից ամենաերկարը լինելու համար. այն տևում է քառասուն օր, ուստի կոչվում է նաև Քառասնորդական, ժամանակին անվանվել է նաև <Աղ ու Հաց>: Մեծ կամ Քառասնորյան պասը բացի կաթնեղենից, մսեղենից, ձկնեղենից, ձվից հրաժարվելուց, նաև ինքնաքննության, զղջումի,
ապաշխարության, հոգևոր դաստիարակության ու թողության մի յուրօրինակ շրջան է:
Մեծ Պասը ունեցել է և կարևոր առոջապահական իմաստավորում. անմիջապես Բարեկենդանին հաջորդելով և մարդիք օրերն անց էին կացնում ճոխ կերուխումներով՝ օգտագործելով օրգանիզմի համար դժվարամարս կերակուրներ, այն սահմանում էր պահեցողության կանոններ, որպեսզի տարվա մեջ մի որոշակի շրջան յուրաքանչյուրը պարտադրված լինել հրաժարվելու ճարպային ուտելիքներից:
Ժամանակին Մեծ Պասը պահվում էր մեծ երկյուղածությամբ, խստապահանջությամբ ու ջերմեռանդությամբ: Այդ օրերին ամուսնություններ տեղի չէին ունենում, թույլատրվում էր միայն մկրտություն և նշանդրեք: բացի եկեղեցական կանոններից, գոյություն ունեին նաև ժողովրդական խիստ սովորություններ, որոնք նույնիսկ երեխաներին արգելում էին խախտել Պասը:
Նախիջևանցիները Մեծ Պասն անվանում էին Աղացք, այսինքն Աղ ու Հաց, ուտում էին միայն բանջար, աղցան, խաշիլ:
Մեծ Պասի կեսը կոչվում էր Միջինք՝ հիշեցնելով, որ Պասը հասել է իր կեսին: Այդ օրը մի-մի հատ բաղարջ էին թխում՝ Միջունք, մեջը դնում ուլունք կամ դրամ և բաժանում տան բոլոր անդամներին. բաժին էր հանվում նաև անասուններին, հողին: Ուլունքը կամ դրամը, ում բաժնից որ դուրս գար, այդ տարվա առատությունն ու հաջողությունները նրանն էին: Մեծ պասը լուծվում էր Զատիկին և բացվում ձվով ու ձկնեղենով:
Ինչպես Ավետարանն է պատվիրում .< Ուտողը թող չանգոսնի չուտողին և փոխադարձաբար չուտողն էլ թող չքննադատի ուտողին: Թող յուրաքանչյուր ոք իր միտքը աճեցնի>:
Եվ որ գլխավորն է ու Մեծ Պասի կարևոր խորհուրդը՝ առանց ինքնաքննության, զղջումի ու առաքինի գործերի, պահեցողությունը արժեք չի կարող ներկայացնել:

ԱԶԳԱՅԻՆԻ և ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԻ ՀԱՄԱԴՐՈՒՄԸ:

Բնության բազմազանությունը, տեսակավորումը գոյություն ունեն ի սկզբանե: Ինքնին վերացական մարդկություն գոյություն չունի: Մարդկությունը կազմում են ազգերը, և ամեն մարդ իր ազգությամբ մտնում է ընդհանուր մարդկության մեջ: Յուրաքանչյուր ազգ ինքնատիպ է և անկրկնելի: Մարդկությունը հարուստ է ազգերով, և որևէ ազգի կորստով այն
աղքատանում է՝ կորցնելով զգալու, մտածելու և արտահայտվելու մի յուրահատուկ բնական ձև, մի առանձին հոգեաշխարհ: Հետևաբար այն, ինչ ուղված է ազգայինի դեմ, ողղղված է նաև մարդկության դեմ:
Անշուշտ, ազգային ինքնատիպությունը չի ենթադրում աշխարհից մեկուսացում կամ ազգային եսականություն: Ազգերը, բացի առանձնահատկություններից, ունեն նաև ընդհանրական հատկանիշներ: Դրանք ակնառու են Աստծո հետ հարաբերություները ճշտելիս. պատահական չի ասված. թե բոլոր -ճշմարիտ կրոնները տանում են դեպի միևնույն Աստված: Կան ընդհանրություններ հասարակարգերի, տնտեսաձևերի և գիտության հանդեպ մոտեցումներում: Սակայն այս բոլորն էլ իրենց վրա այս կամ այն չափով կրում են տվյալ ազգի կնիքը: Ազգերի մշակութային մերձեցում ասելիս նկատի ունենք գիտատեխնիկական, տնտեսական միավորում, բայց ոչ երբեք ձուլում: Մենք աշխարհի բնական կարգը որպես հոգևոր-մշակութային ինքնատիպություն և քաղաքակրթական ընդհանրություն: Այսպիսին է ազգայինի և համամարդկայինի մեր ընկալումը...
Մշակեցին Մուշեղ Խուդավերդյանը և Հայկ Հայրապետյանը

ՄԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: ԿԱՐՍ


 Գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարսի գետի ափին, բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում, 1850 մետր բարձր վրա: Կարսը մատենագրության մեջ հիշատակվում է համեմատաբար ուշ` 9 — 10-րդ դարերում, սակայն իբրև բերդ կամ բնակավայր այն գոյություն է ունեցել շատ վաղ` հնագույն ժամանակներում (9 —6–րդ դդ մ.թ.ա.): Կարին քաղաքի նման, Կարսը նու
յնպես որոշ հայագետներ կապում են հին կարենիտիս ցեղի անվան հետ: Հայկականից բացի Կարսի մասին շատ տեղեկություններ են հաղորդում նաև բյուզանդական, վրացական, թուրքական և ռուսական աղբյուրները:
 Հնում Կարսը մտնում էր Այրարատ աշխարհի Վանանդ գավառի մեջ: Նրա առաջին տերերը Վանանդի նախարարներն էին, իսկ Կարսը հավանաբար նրանց գլխավոր բերդն ու նստոցն էր: 9-րդ դարի վերջերից Կարսը հիշատակվում է իբրև բերդաքաղաք, իսկ 928 թվականին այն դարձավ Հայաստանի մայրաքաղաքը: 961 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, իսկ Կարսը մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի ֆեոդալական թագավորության մայրաքաղաքը: 11-րդ դարի երկրորդ կեսերից մինչև 12-րդ դարի վերջերը Կարսին տիրել են թուրք-սելջուկները: 12– րդ դարի վերջերին Կարսն իր շրջակայքով ազատագրեցին Զաքարյան իշխանները, իսկ 1240-ական թվականներին այն գրավեցին մոնղոլները: 9—րդ դ մինչև մոնղոլական նվաճումները, Կարսը զգալիորեն առաջադիմեց: Այդ ժամանակներում են կառուցվում Կարսի մինչև այժմ կանգուն Կաթողիկե եկեղեցին (10-րդ դ) և հայտնի անառիկ բերդը: 10 — 13-րդ դարերում Կարսը Հայաստանի առևտրի ու արհեսաագործության խոշոր կենտրոններից Էր: Նա սերտ կապեր ուներ Սև ծովի նավահանգիստների և հարևան երկրների քաղաքների հետ: Անուղղակի տեղեկություններից կարելի է ենթադրել, որ Կարսը 11 — 13-րդ դարերում ուներ շուրջ 50000 բնակիչ: Կարսի անկումն ու նրա պատմության մռայլ ժամանակներն սկսվում են 1240-ական թթ: 1394 թվականից քաղաքը պարբերաբար ավերում են Լենկթեմուրի հրոսակախմբերը, իսկ 15-րդ դարում այն ավերում ու կողոպտում են Կարակոյունլու և Ակկոյունլու բարբարոս ցեղերը: Պակաս ավերիչ չէին նաև 16—18-րդ դդ պարսկա-թուրքական պատերազմները: 17—19-րդ դարերում Կարսը Կարսի փաշայության կենտրոնն Էր, որն իր հերթին մտնում էր Էրզրումի վիլայեթի (նահանգի) մեջ: 1876 թ Կարսն անջատվեց Էրզրումից և դարձավ Կարսի վիլայեթի կենտրոնը: Այս հանգամանքը, սակայն, Կարսի համար որևէ դրական նշանակություն չունեցավ: Այն թուրքական տիրապետության ողջ ընթացքում մնաց սոսկ սովորական բերդաքաղաք` իր անճաշակ հյուղակների քաոսային վիճակով: Թուրք նվաճողները հոգ էին տանում միայն Կարսի բերդը ամրացնելու և ստվար կայազոր պահելու մասին:
 Կարսը 19-րդ դարում շատ հաճախ առնչվել է ռուս-թուրքական ռազմաքաղաքական հարաբերությունների հետ: Կարսը ռուսական զորքերն առաջին անգամ գրավում են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828 — 29 թթ)՝ 1828 թ հունիսի 23– ին: Կարսի 11000-անոց կայազորն ու բերդը պաշտպանող 151 թնդանոթները ռուսական զորքերի հաղթանակը կասեցնել չկարողացան: Սակայն 1829 թ սեպտեմբերի 14-ի Ադրիանապոլսի պայմանագրով Կարսը և նրա շրջակայքը վերադարձվեց թուրքերին: Երկրորդ անգամ Կարսը ռուսները գրավեցին Ղրիմի պատերազմի (1853—1856 թթ) ժամանակ՝ 1855 թ նոյեմբերին: Այդ ժամանակ գեներալ Ն. Մուրավյովը, կոտրելով Կարսի 33000-անոց կայազորի դիմադրությունը, հարկադրեց նրան անձնատուր լինել: Սակայն պատերազմի՝ Ռուսաստանի համար անհաջող ավարտից հետո Կարսը կրկին վերադարձվեց Թուրքիային:
Կարսի հարցը հաջողությամբ լուծվեց 1877 — 78 թթ ռուս–թուրքական պատերազմից հետո: Կարսն իր շրջակայքով Ռուսաստանին անցավ Բեռլինի 1878 թ հուլիսի 13–ի պայմանագրով: Ռուսական կայսրությունը նոր նվաճած տարածքից կազմեց Կարսի Մարզ-ը (տ), Կարս կենտրոնով:
 Կարսի ու համանուն մարզի միացումը Ռուսաստանին ուներ առաջադիմական հսկայական նշանակություն: Ռուսական տիրապետության շրջանում նախկինում գործադրվող բռնություններին ու կամայականություններին փոխարինեցին կարգ ու կանոնը, գույքի և անձի երաշխիքը և խաղաղ ու անդորր կյանքը: Բարեփոխումները շատ զգալի չէին քաղաքի ներքին կյանքում: Կարսը ռուսական տիրապետության ժամանակ նույնպես մնում էր որպես արեևելյան տիպի, ծուռ ու մուռ փողոցներով բնակավայր առանց ընդհանուր հատակագծի: Քաղաքը չուներ կոմունալ տարրական պայմաններ, գրեթե զուրկ էր կանաչից: Տները քարաշեն էին, երկհարկանի, փայտյա պատշգամբներով: Նրանց մի մասը դասավորված էր լեռան լանջերին: Ռուսները վերակառուցեցին քաղաքի դաշտային մասի հարավային կողմի արվարձանը: Այն շրջապատված Էր աշտարակավոր պարիսպներով: Այստեղ կառուցվել էր նաև ռուսական եկեղեցի, միահարկ, ընդարձակ, թիթեղյա տանիքներով տներ ու խանութներ: Կարսը 1800—1830 թթ ուներ 15000 բնակիչ, որից 10000-ը՝ հայեր, 1830—1850 թթ՝ 14000, որից 6000-ը՝ հայեր, 1897-ին՝ 20805, որից 10332-ը` հայեր, իսկ 1914-ին՝ 30086, որից մոտ 84 տոկոսը՝ հայեր: Քաղաքի տնտեսական կյանքը բավական աշխուժացավ 20—րդ դ սկզբներից՝ Ալեքսանդրապոլ — Կարս (1899 թ) և Կարս —Սարիղամիշ (1915 թ) երկաթուղագծերի կառուցման ու խճուղային ճանապարհների բարեկարգման շնորհիվ: Այդ ժամանակ քաղաքում ստեղծվեցին սննդի և թեթև արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ, սպանդանոց, որտեղ տարեկան մորթվում էր մինչև 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ուներ շուրջ 800 խանութ ու կրպակ, ուր կազմակերպվում էին տոնավաճառներ: Քաղաքի կյանքում զդալի տեղ Էր գրավում գյուղատնտեսությունը: Այն ժամանակ քաղաքապատկան հողերի տարած քը հասնում էր 4000 դեսյատինի: 19–րդ դ սկզբին քաղաքն ուներ տարբեր կարգի 3000 տ, 18 եկեղեցի և մի քանի մզկիթ, որոնց մի զգալի մասը ավերված ու լքված էր: Թուրքական լծից ազատագրվելուց հետո Կարսում բավական աշխռւժանում է կրթական գործը: Այստեղ 1880 թվականին բացվում են քաղաքային տարրական արական և իգական ուսումնարանները: 1909 թվականին սկսում է գործել իգական գիմնազիան: Սրանք բոլորն էլ ռուսական դպրոցներ էին: Դրանցից բացի հայկական մի քանի եկեղեցիներին կից կային տարրական ուսումնարաններ: Այդպիսի երկու (տղաների և աղջիկների) ուսումնարան ուներ Սուրբ Մարիամ եկեղեցին: Քաղաքում գոյություն ունեին նաև մասնավոր՝ խալֆայական տիպի, մի քանի ուսումնարաններ: 1910 թ քաղաքի բոլոր դպրոցներում սովորողների թիվը հասնում Էր 1376-ի: Նոր և նորագույն ժամանակներում Կարսում հրապարակված պարբերականներից են «Կարս» (1883 թ), «Բանվոր» (1917 թ) շաբաթաթերթերը, «Աշխատավորի ձայն» բանվորական-գյուղացիական (1920 թ) և «Դիրքերում» օրաթերթերը (1920 թ): 1920 թ Կարսում կազմակերպվում է բոլշևիկյան ռազմահեղափոխական կոմիտե:
  Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում սովորական բերդ Է եղել, և հայ պատմիչները այն հենց այդպես Էլ ներկայացնում են («Բերդ Կարուց» ևն): 9—13-րդ դդ բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ ամրոցը վերածվել միջնաբերդի: Հետագայում, պարսկա–թուրքական տիրապետութրան մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում Էր քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել: Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կա- ռույցներով: Թուրք պատմիչ Փեչևիի վկայությամբ Կ–ի բերդի հիմնավոր վերակառուցումը սկսվել Է 1578 թվականին: Հետագայում ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19—րդ դ կեսերին համարվում Էր Վերդենին (Ֆրանսիա) ու Պերեմիշլին (Ռումինիա) հավասար հռչակ ունեցող բերդ: Կարսի բերդն ուներ կրկնակի պարիսպներ 26 ամրակուռ աշտարակներով: Աշտարակներից 17–ը գտնվում էին հարավային կողմում, 9–ը՝ արևմտյան: Բերդի անկյունների չորս աշտարակները մյուսներից ավելի խոշոր ու բարձր Էին: Պարիսպների բարձր 10 — 12 մ Էր, պատերի լայն` 1,5 մետր: Բերդի ընդհանուր երկար 1000 մետր Էր, լայն՝ 500 մետր: Բուն միջնաբերդը տեղադրված Է Կարսի գետի աջակողմյան ժայռի վրա: Միջնաբերդը, որ շրջապատված Է կրկնակի պա րիսպներով, պետք Է որ կառուցված լինի հին հայկական բերդի տեղում: Մինչև թուրքական լծից ազատագրվելը Կարսի բերդը բնակեցված էր բացառապես թուրքերով և. բաժանված Էր 17 թաղերի: Բերդի ամրություններն ու մյուս կառույցները շարված են անմշակ քարով, բայց ամուր են, բարձր ու գեղեցիկ: Կարսի բերդի ողջ համալիրում երբեմն տեղավորվում էր 30000 — 40000 զինվոր:
Կարսի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի (928 — 953 թթ) ժամանակ՝ 10—րդ դ կեսերին: Այն կլոր հատակագծով կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, հայկական միջնադարյան լավա գույն կոթողներից մեկը, որը թուրքական ավերիչ ձեռքից ազատված, այսօր Էլ տիրաբար իշխում է հետամնաց գավառական քաղաքի վրա: Բացի դրանից, Կ-ում կային հայկական Սուրբ Նշան, Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր, Սուրբ Մարիամ, Սուրբ Առաքելոց, ինչպես և Միքայել Հրեշտակապետի ռուսական և Սուրբ Գևորգ հունական եկեղեցիները:
 Կարսի մյուս հիշարժան կառույցներից են Կարսի գետի վրա գտնվող քարաշեն երեք կամուրջները:
  Կարսն այժմ թեև Կարսի նահանգի (վիլայեթ) վարչական կենտրոնն է, սակայն 1918 — 1920 թթ հետո ոչնչով չի փոխվել: Այն տնտեսությամբ, մշակույթով և արտաքին տեսքով խղճուկ մի բնակավայր է` 50000—60000 բնակչով: Հայերի վերջին բեկորները Կարսից հեռացել են 1918 — 1920-ական թվականներին:
 Կարսում են ծնվել Հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ: Կարսը մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդավայրն է: Այստեղ են ծնվել նաև ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ Հ. Զարդարյանը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Խ. Եսայանը, լեռնային ինժեներ, սոցիալական աշխատանքի հերոս Ռ. Գրիգորյանը, կենսաբան, գիտությունների դոկտոր, պրոֆֆեսոր ՀԽՍՀ ԳԱ թղթակից–անդամ է Դավթյանը, գրաքննադատ Գ. Վանանդեցին, քիմիկոս, դոկտոր, պրոֆ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ Հ. Չալթիկյանը, բժիշկ, պրոֆֆեսոր Եղ. Հովսեփյանը, տեխնիկական գիտ դոկտոր, պրոֆֆեսոր, Ղազախական ՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Խ. Ավետիսյանը, իրանահայ գրող Լ. Բզնունին, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆ Ա. Աբրահամյանը, գրող Ատրպետը (Աարգիս Մուբայաջյան), բանաստեղծ Վ. Արամունին, գրող Աղավնին (Գրիգորյան), ռեժիսորներ Ա. Ալայանը, Ժ. Ավետիսյանը, ճարտարապետ Փ. Մանուկյանը: